HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում 26-ամյա երիտասարդը գնացքի տակ է ընկել

Գայանե Սարգսյան

Այսօր առավոտյան՝ ժամը 10:20-ի սահմաններում, Վանաձոր երկաթուղային կայարանի մոտ, 2-3-րդ գծերի հատվածում թիվ 26-28 բեռնատար գնացքի տակ է ընկել 26-ամյա մի երիտասարդ: Բարեբախտաբար, վերջինս ողջ է մնացել:

«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանի տեղեկացմամբ՝ երիտասարդը փորձել է երրորդ գծից անցնել երկրորդ գիծ: Գնացքավարն ազդանշան է տվել, սակայն վերջինս չի կանգնել: 30 մետր հեռավորության վրա գտնվելով` գնացքավարը փորձել է կանգնեցնել գնացքը, բայց գնացքը կանգնել է 80 մետր անցնելուց հետո միայն:

«Սա օրինաչափ է: Այդ արագությամբ գնալու դեպքում գնացքը կարող էր կանգ առնել միայն 80 մետր անցնելուց հետո»,- նշում է Ռաֆիկ Սեխլեյանը:

Ստացած հարվածի հետևանքով երիտասարդը հայտնվել է երկաթգծերի վրա, գնացքի վագոններն անցել են նրա վրայով:

«Որ գնացքն անցնի մարդու վրայով ու նա ողջ մնա, դա հրաշք է»,- ասում է գլխավոր տնօրենի խորհրդականը՝ հիշելով նախկինում գրանցված դեպքերը, երբ գնացքի տակ ընկելու հետևանքով մարդու մարմինը բազմակի մասնատվել է:

Երիտասարդը ստացել է գլխուղեղի ցնցում, գլխի շրջանում բաց վերքեր, ձախ սրունքթաթային հոդի բաց վնասվածք, գոտկային շրջանի վնասվածքներ:

Դեպքից րոպեներ անց երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Կենտրոն ընդունման պահին երիտասարդի վիճակը գնահատվել է ծանր: Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանից տեղեկացանք, որ երիտասարդը գիտակցությունը չի կորցրել, ներկայումս ընթացքի մեջ են բժշկական հետազոտությունները, գլխի վնասվածքների ամբողջական պատկերը ստանալու համար կկատարվի նաև համակարգչային տոմոգրաֆիա:

«Ամենայն հավանականությամբ՝ երիտասարդի հետագա բուժումը կշարունակվի տեղում, Երևան տեղափոխելու կարիք չկա»,- ասում է տնօրենը:

Ավելի ուշ պարզվել է, որ տուժած երիտասարդը 1991թ.-ին ծնված Լևոն Սուրենյանն է: Վերջինս Վանաձորի բնակիչ է:

Ռաֆիկ Սեխլեյանը ցավով է նշում, որ հատկապես երկաթգծի հարակից թաղամասերի բնակիչները բազմիցս են անցնում երկաթգծերի վրայով, այն դեպքում, երբ որոշակի հեռավորությունների վրա կառուցված են վերգետնյա հետիոտնային անցումներ:

Հետագայում հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար վերջինս խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոններն ու օգտվել միայն հետիոտների համար նախատեսված անցումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter