HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Նոր թղթադրամների էսքիզներ, որոնք դուրս մնացին կենտրոնական բանկի մրցույթից

Կենտրոնական բանկը ներկայացրել է 2018թ․-ից շրջանառության մեջ դրվող թղթադրամների հաստատված էսքիզները (տե՛ս ստորեւ ներկայացված երեք լուսանկարները)։

Նոր թղթադրամների էսքիզների լուսանկարների՝ լրատվամիջոցներում հայտնվելուց հետո ֆեյսբուքյան տարբեր խմբերում քննարկումներ են սկսվել, ստեղծվել են համացանցային մեմեր, որոնք կիսում են էսքիզներից ստացած տպավորությունները՝ հիմնականում բացասական։ ԿԲ-ի կողմից հրապարակված երրորդ սերնդի թղթադրամների էսքիզների հաղթող հեղինակի անունը դեռեւս չի հրապարակվել։

Դիզայներ Էդիկ Պողոսյանը Վահան Բալասանյանը եւ «Avagyan Architects» ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել են մրցույթին ներկայացված իրենց էսքիզները, որոնք դուրս են մնացել մրցութային տարբեր փուլերում։

Վահան Բալասանյանի ստեղծած էսքիզների հիմնական բնութագրի համաձայն՝ թղթադրամի հիմնական մասում ներկայացված է համապատասխան գրողի, նկարչի գրաֆիկական դիմապատկերը, իսկ դարձերեսը ֆրագմենտ է, որն ասոցատիվ կերպով կապվում է տվյալ անհատի ստեղծագործական եւ/կամ կյանքի պատմությանը։

Օրինակ, Սարոյանի դեպքում (5000 դրամ) դարձերեսին «Մարդկային կատակերգություն» (The Human Comedy) ֆիլմի ֆրագմենտն է, որի համար Սարոյանն արժանացել է Օսկարի, իսկ Պարույր Սեւակի դիմանկարը կրող 1000 դրամանոց թղթադրամի դարձերեսը պատկերում է գրողների միության շենքի 1960-ականների արխիվային լուսանկարը, քանի որ Սեւակի լուսանկարի աղբյուրը 1950-ականների արխիվային ֆոտոշարքից է։

Վահան Բալասանյան

«Եթե ընդհանուր խոսենք դրամի դիզայնի մասին, կարծում եմ՝ կարեւոր եւ դժվար ասպեկտներից է, որովհետեւ մարդը փողի հետ օրվա ընթացքում մի քանի անգամ ինտերացիայի մեջ է, շփվում է։ Բոլորն այն կրում են, բոլորի աչքով ընկնում է, ու ինքնըստինքյան փողը դառնում է ինչ-որ իմիջային ֆոն։ Ըստ այդմ՝ թղթադրամի դիզայնը պետք է լինի շատ լավը, արտահայտի այն գաղափարները, որոնք հզոր, կայուն, զարգացող պետությունն ուզում է իր հանրությանը ներկայացնել։

Այս տեսանկյունից փողը երեւի ամենաարտահայտիչ ձեւն էուրիշ ոչ մի մեդիա-կանալի հետ պետության քաղաքացին այդքան շփում չունի, ինչքան փողի հետ։ Թղթադրամի իմ էսքիզներում փորձել եմ ժամանակակից գաղափարը ներկայացնել։

Երբ հայտարարվեց ԿԲ-ի մրցույթը, ոչ մեկ իլուզիա չուներ հաղթելու, ուղղակի շատ անգամ են մեզ՝ դիզայներներիս մեղադրում, թե, եթե քննադատում եք ինչ-որ բան, տարբերակներ առաջարկեք։ Դրա պատճառով էր, որ մենք ստեղծեցինք Angry Designers Club-ը, որով պետք է տենդերների մասնակցեինք ու քննարկման, քննադատության մաս կազմեինք։

Պարզվեց՝ երբ որ մասնակցում ես, քննադատման անհրաժեշտություն չի լինում, համեմատում են, տեսնում են տարբերությունը, ու դիտորդներն են արդեն տանում քննարկում, ոչ թե դու։ Հաղթողի ներկայացրած էսքիզների մասին խոսել հիմա չեմ ուզում, որովհետեւ շահերի բախում կարող է լինել, քանի որ ինքս մրցույթի մասնակից եմ եղել»։

Վահան Բալասանյանի ներկայացրած էսքիզները

Էդիկ Պողոսյանի ներկայացրած էսքիզների առանձնահատկություններից մեկը թղթադրամի դարձերեսի պատկերն է․ «Փողն ինքնին համայնքային կյանքի ծնունդ է։ Փողի էությունը դրսեւորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում կարող է վերածվել կապիտալի․ Հայաստանի կարեւոր կապիտալներից է բնությունը․․․ Հայկական բնաշխարհում կան թռչունների տեսակներ, (թռչունը ընտրվել է որպես ամենաազատ տեղաշարժվող կենդանի (փողի ենթատեքստում' շրջանառվող)), որոնք ունեն համայնքային շեշտված վարքագիծ»,- գրել է Էդիկը՝ էսքզիները բնութագրող տեքստում։

Օրինակ, 2000 դրամանոց թղթադրամի դարձերեսին պատկերված է քաջահավը՝ որպես ասոցիացիա շախմատային «փոխատեղում» քայլի, իսկ 50 000-անոց թղթադրամի դեպքում՝ գյուղական ծիծեռնակն է՝ ի նշան հոգեւոր ուսուցման սերնդեսերունդ փոխանցման՝ (շեշտելով սերունդների կարեւորությունը)։

Էդիկ Պողոսյան

«Իհարկե, ընտրված էսկիզները ունեն դիզայնի, գունային համադրության եւ կոմպոզիցիոն խնդիրներ, բայց ես սարսափած չեմավելի վատին էի պատրաստ։

Հատկապես թղթադրամի դիզայնը միայն ձեւավորման խնդրով չի ավարտվում այն նաև դիվանագիտության, քաղաքականության, ֆունկցիոնալության, շուկայական հարաբերության, նոր տեխնոլոգիաների կրողն է։ Այս ամենի ֆոնին պետք է նկատի ունենալ հասարակության վերաբերմունքի միջին վիճակագրությունըավանդամեծար, պահպանողական, կոմֆորմիստ հասարակությանը հնարավոր չէ միանգամից ներկայացնել շատ ժամանակակից, «փախած» ու հասարակության գիտակցությունից այս պահին բոլորովին հեռու մի գաղափար։

Դիզայները, եթե ցանկանում է, մասնակցում է եւ փորձում «հին» շրջանակներում հնարավորինս գրագետ ձեւավորել էսքիզը՝ ներմուծելով որոշակի նոր շունչ՝ մի քայլ առաջ, որով նաեւ հույս ունի, թե հասարակության գիտակցության վրա ազդեցություն կունենա։ Այս առումով ԿԲ–ի մոտեցումը՝ հասարակության վստահությունը չկորցնելու համար, ընկալելի է։

Եվ քանի որ սրանք էսքիզներ են եւ ոչ վերջնական տարբերակներ, ես հույս ունեմ, որ թերությունները դեռ կշտկվեն։ Էսքիզից մինչեւ վերջնական տեսք շատ բաներ են փոխվում (նախորդ նմուշները կարելի է տեսնել ԿԲ–ի թանգարանում ու նկատել ահռելի տարբերությունը):

Էդիկ Պողոսյանի ներկայացրած էսքիզները

Նոր սերնդի թղթադրամի մրցութային հայտ էր ներկայացրել նաեւ «Avagyan Architects» ընկերությունը։ Թղթադրամի հիմնական կողմում համապատասխան մշակութային գործչի պատկերն է, իսկ դարձերեսը պատկերում է թագավորի, ռազմական գործչի եւ Հայաստանը ճանաչելի դարձնող ճարտարապետական կոթող։ Էսքիզների հեղինակ Արա Ավագյանի առաջարկը պետականություն, թագավորություն խորհրդանշող թեմատիկան էր։

50,000 դրամանոցի դեպքում՝ դարձերեսին Մոնթե Մելքոնյանի դիմանկարն է, կից, ինչպես նշում է էսքիզի հեղինակը, հերոսներ ծնած Մայր Հայաստան գաղափարի, քանդակի պատկերը, իսկ 2000 դրամանոցի դարձերեսին պատկերված է Ներոն կայսրի կողմից պատվիրված Տրդատ Առաջինի քանդակի պատկերը, կից՝ Գառնու տաճարի պատկերը (քանդակը գտնվում է Լուվրում)։

Արա Ավագյան

«Չէի հրապարակում մեր առաջարկած տարբերակները՝ կարծելով, որ երեւի ավելի հաջող տարբերակն է հաղթող ճանաչվել։ Մեր ներկայացրած տարբերակի վրա դեռ շատ աշխատանք կար տանելու, որոշել էինք լուսանկարային լուծումներով ներկայացնել կատարումը (աշխարհում ընդունված մի տարբերակ, ինչպես օրինակ շվեցարական, անգլիական, կանադական թղթադրամները)՝ շեշտը դնելով գաղափարի վրա:

Անկեղծ ասած, ընտրված էսքիզները բազմաթիվ թերություններ ունեն։ Չհավանեցինք հատկապես Այվազովսկուն եւ Սեւակին պատկերող թղթադրամների դարձերեսները։ Ընդհանուր առմամբ նոր թղթադրամների էսքիզներն ինձ հիշեցրին նախորդ սերնդի Արամ Խաչատրյանի պատկերով հիսուն դրամանոց թղթադրամները։ Ի՞նչ իմաստ ուներ նորից կրկնել»։

Արա Ավագյանի («Avagyan Architects») ներկայացրած էսքիզները

Հ․Գ․ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։ 100 000 դրամանոցներ այլեւս չեն թողարկվի՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը։ Շրջանառության մեջ կավելանա 2000 դրամանոցը։ Թղթադրամները կկրեն Պարույր Սեւակի, Տիգրան Պետրոսյանի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Այվազովսկու եւ Գրիգոր Լուսավորիչի պատկերները։

Հատուկ նշում սպառողների համար. նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որեւէ փոփոխություն: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները, եւ նախորդներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:

* Հոդվածում լրացում է կատարվել

Մեկնաբանություններ (1)

Ani
Նախագծերում Սևակն ավելի լավն էր, մյուսները ճիշտ են ընտրված

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter