HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը

Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները:

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնական արդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:

Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն:

Հիմնական քննարկման առարկա է դարձել ՀԲ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը: Գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով բացառիկ է համարել Հայաստանում այդ համակարգի ժամ առաջ գործարկման նշանակությունը: 

Կողմերը վստահություն են հայտնել, որ ժամանակացույցին համապատասխան կապահովվի ծրագրի բնականոն իրականացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter