HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լոֆթ՝ Գյումրու ամենագունավոր անկյունը (հըմի ըդիկ ի՞նչ է)

«Հըմի ըդիկ ի՞նչ է վերջը՝ էդ «Լֆոթը», ըդպես էլ չհասկցանք» արտահայտությունն արդեն գրեթե չի հնչում: Գյումրու ամենագունավոր անկյունն անցած 9 ամիսների ընթացքում հասցրել է ոչ միայն հասկանալի դառնալ հասարակության տարբեր շերտերի համար, այլեւ՝ սիրվել: Քաղաք ամեն նորամուտի հետ կասկածները, թե «ըսիգ էլ կփակվի, վայթեմ երկար չձգեն», «Լեննագանին լավ բանը հեչ վրա չէ» ու տեղացիների «վախերի» շտեմարանից եւս մի շարք այլ նմանատիպ արտահայտություններ արդեն կորցրել են իրենց ուժը: Ինքնազարգացման, հանգստի ու ժամանցի կենտրոն՝ սա ամենահիշվող բնորոշումն է, որ «Լոֆթ»-ի Գյումրիում հայտնվելուց հետո, ի վերջո ամրագրվեց «վերջն ըդիկ ինչ է» հարցնողների բառապաշարում: Ինչպես հայտնի է՝ «լեննագանցիք կսիրեն ամեն ինչ իրենց պրիզմայով անցնել»:

Անգլերենից Loft-ը բառացիորեն թարգմանվում է՝ տանիք: «Լոֆթ» ուղղությունն առաջացել է 20-րդ դարի 40-ական թվականներին Նյու Յորքի արդյունաբերական թաղամասերում: Քաղաքի կենտրոնում հողի գների հերթական բարձրացումն արդյունաբերական տարածք ունեցողներին ստիպեց թողնել իրենց ձեռնարկությունները եւ տեղափոխվել ծայրամասեր: Դատարկված գործարանների շենքերն առավել գրավիչ դարձան բոհեմի ներկայացուցիչների համար: Հարմար էին թե՛ շենքերի գործառութային հնարավորությունները (բարձր առաստաղ, լավ լուսավորվածություն), թե՛ վարձակալման համեմատաբար ցածր գները: «Լոֆթը» խիստ նորաձեւ էր հատկապես 1950-ականներին՝ այստեղ էր կենտրոնացված Նյու Յորքի արտիստական կյանքը: Դասական օրինակ է Էնդի Ուորհոլի «Ֆաբրիկան», որ 1962-68թթ-ին գործել է Մանհեթենի 47-րդ փողոցի 231-րդ տան 5-րդ հարկում:

Շուտով լոֆթ ոճի ինքնատիպ բնակարանները սկսեցին էլիտար համարվել: Երիտասարդ նկարիչներն ի վիճակի չէին այլեւս քաղաքի պատմական կենտրոնում տարածքներ վարձակալելու՝ նրանց տեղը զբաղեցրին փաստաբաններն ու ֆինանսիստները: Հայաստանում առաջին «Լոֆթը» բացվեց Երեւանում 2015թ-ին: Հաջորդ «կանգառը» Գյումրիում էր: 2017թ-ի փետրվարի 1-ին ազդարարվեց երկրորդ «Լոֆթ»-ի բացումը հայրաքաղաքում:

Քաղաքի կենտրոնական հատվածում՝ եռահարկ շինության ճակատին, գունավոր, մեծ տառերով սկսեցին փայլել անգլերեն տառեր՝ անհասկանալի, բայց միաժամանակ կանչող ու խորհրդավոր: Այստեղ գույների առատությունն աչքի է զարնում տարածք մուտք գործելուց անմիջապես հետո: Ընտանեկան ջերմության մասնիկը հանդիսացող բազմոցներ ու գրքերով լի պահարաններ, ընդարձակ խոհանոց, սրահի անկյունում տեղավորված դաշնամուր ու առաջին պլան մղված հարվածային գործիքներ, մեծ, ընդարձակ պատուհաններից թափանցող լույսի առատություն ու ամեն անկյունում զրուցող, աշխատող, երգող, խաղացող տարբեր տարիքային խմբի ու սեռի ներկայացուցիչներ:

Գյումրիի «Լոֆթ»-ի տնօրեն Ամալյա Թումասյանն ասում է, որ նման կենտրոնի անհրաժեշտությունը մշակութային խորը արմատներ ունեցող քաղաքում կար: Որքան էլ որ գյումրեցին ցանկացած նորարարության նկատմամբ զգուշավորություն է ցուցաբերում, սակայն սիրելու դեպքում, ընդունում է անվերապահորեն: «Լոֆթի» պարագայում արդեն ամիսներ անց կարող են ասել, որ ոչ միայն սիրված են, այլեւ՝ ընդունված:

«Կարելի է ասել մեզ էլ մի որոշ ժամանակ տնտղում էին, ուսումնասիրում: Հասկանում էին, որ սիրուն, հարմարավետ տեղ է, բայց թե ի՞նչ կարելի է անել այստեղ այցելելով, ինչ ակնկալիքներ ունենալ կենտրոնից, ինչպես իրենց դրսեւորել՝ այդ հարցերի պատասխանները շատերը ստանում էին հենց տեղում: Նրանք, ովքեր Երեւանում եղել էին «Լոֆթ»-ում, իսկ դա հիմնականում երիտասարդությունն է, նրանց համար հեշտ էր: Զրոյից ամեն ինչի հետ ծանոթանալու, սովորելու խնդիր ունեին հիմնականում դպրոցականներն ու միջինից բարձր տարիքի անձինք»,- նկատում է Ամալյան:  

«Լոֆթ» կարող է այցելել յուրաքանչյուր ոք, գտնել իր հարմար անկյուն, զբաղմունք, որեւէ հետաքրքրություն, մասնակցել միջացառումների, դառնալ գործող ակումբների անդամ, սովորել լեզուներ, զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, զբաղվել յոգայով, կեսգիշերին դիտարկել աստղազարդ երկինքը, խոհանոցում սեփական գիտելիքները ցուցադրել եւ այլն:

«Սահմանափակումներ չունեցող կառույց է «Լոֆթ»-ը,- ասում է Ամալյան,- նաեւ սահմաներ չունեցող՝  մշտապես զարգացող ու աճող:  Ի տարբերություն երեւանյան «Լոֆթ»-ի, մենք ունենք արհեստանոց: Քանի որ Գյումրիին համարվում է նաեւ արհեստների քաղաք, ցանկություն ունենք որոշ արհեստներ՝ մուշուրբայի պատրաստում, դարբնություն եւ այլն, վարպետության դասեր կազմակերպելու: Շուտով կունենանք էքստրիմ կլուբ, նաեւ հոգեբանական ակումբ եւ «HR» կոչվող ակումբ, որտեղ կքննարկվեն ավելի արդի հարցեր, օրինակ` ինչպես գրել մոտիվացիոն նամակ, հարցազրույցի մասնակցել եւ այլն»:

«Լոֆթ»-ի մենեջերներից Շանթ Քուշքյանը հնաբնակ է՝ այստեղ է բացման օրվանից, 3-րդ հարկի պատասխանատուն է: Գագիկ Գրիգորյանն ընդամենը երկրորդ ամիսն է, որ աշխատում է «Լոֆթ»-ում, մինչ այդ, կենտրոնի ակտիվ այցելուներից է եղել, հետո արդեն իր ցանկությամբ օգնում էր մենեջերներին լոֆթային աշխատանքներում, մինչեւ որ մրցույթով ստացավ մենեջերի աշխատանքը: Տղաներն օրվա մեծ մասն անցկացնում են իրենց երկրորդ ընտանիքում՝ «Լոֆթ»-ում:

«Վա՜յ, սկզբից շատ դժվար էր, նկատի ունեմ մարդկանց բացատրելու առումով, թե «Լոֆթ»-ն ինչ է, իրանք ուր են եկել,- ծիծաղելով պատմում է Շանթ Քուշքյանը,- քանի որ ստեղ նախկինում բիլիարդնի էր եղել, հատկապես մոլի երկրպագուների դեմքերը պիտի տեսնեինք, որ կհարցնեին՝ «էս ի՞նչ եք էրել մեր բիլիարդնին»: Տարիքով մարդիկ էին գալիս, որ ասենք երեխեն տանն ըսել էր, թե կարգին, ընտիր տեղ է ու առանց մանրամասներ ճշտելու գալիս են՝ էն մտքով, որ ինչ-որ ժամանցի վայր է՝ խորտկարանի տիպի: Հենց առաջին հարկում արդեն կբացատրենք, օր մեր մոտ 1 րոպեն 15 դրամ է, որ պիտի անպայման գրանեցվեն եւ այլն: Շատ դեպքերում հարկերով էքսկուրս կկազմակերպենք, որ պատկերացում ունենան, թե ուր են եկել: Թե չէ, հենց ասում ենք պիտի մուծում կատարեք՝ անմիջապես 5-10 հազարանոցը կհանեն, թե ինչքա՞ն է պետք: Իրանց համար տարօրինակ բան է րոպեավճարը»:

Շանթը հիշում է, որ սկզբնական շրջանում, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, դժվարությամբ էին հաշտվում մտքի հետ, որ իրենք պետք է սուրճ, թեյ պատրաստեն, եթե ցանկություն ունեն: Գագիկը, որ երկրորդ հարկի պատասխանատուն է, որտեղ գտնվում է խոհանոցը, ասում է, որ այլեւս խնդիրներ չեն լինում. այցելուները՝ տղա, թե աղջիկ, հստակ գիտեն իրենց անելիքը եւ ենթարկվում են կենտրոնի կարգուկանոնին:

«Չնայած ամենաաղմկոտ հարկը 3-րդն է, բայց դե իմ ենթակայության տարածքն էլ բավական ուշադրություն է պահանջում: Տեսեք, բեմի հատված ունենք, դրած են երաժշտական գործիքներ, վրան գրած է՝ «Ձեռք չտալ», բայց մեկ է, մարդ կա, հենց հասավ էդտեղ՝ պիտի ձեռք տա: Հետո կաշխատիմ դեմքով հիշել, թե ով պտի ձեռք չտար, որ երկրորդ անգամ նորից զգուշացնեմ»,- ծիծաղելով պատմում է Գագիկը:

Տղաները պատմում են, որ արդեն հավատարիմ այցելուներ են ձեռք բերել, որ գալիս են կոնկրետ որեւէ բանով զբաղվելու նպատակով: «40-45 տարեկան երկու ընկեր են, որ երեկոյան միշտ գալիս են թենիս խաղալու,- ասում է Գագիկը,- արդեն սովորել են, էստեղ սուրճը, թեյը սարքում են ինքնուրույն, վերցնում, բարձրանում են վերեւ: Ու ասենք արդեն քիչ չեն մարդիկ, որոնք կոնկրետ ինչ-որ բանի համար են գալիս՝ թեկուզ պարզապես նստել, համակարգչով աշխատելու կամ ասենք դասերը սովորելու»:

«Լոֆթ»-ում չի կարելի ծխել, ոգելից խմիչքներ գործածել: Կենտրոնը նաեւ դաստիարակչական գործառույթ ունի: Այստեղ են հաճախում տարբեր դաստիարակություն, հայացքներ, սովորույթներ ունեցող անձինք, ովքեր պետք է ենթարկվեն կենտրոնի գրված ու չգրված օրենքներին: «Լոֆթ»-ին պետք է վերաբերվել, որպես երկրորդ ընտանիքի, շեշտում են զրուցակիցներս, խնամք, հոգատարություն ամեն ինչի նկատմամբ, որ կա տարածքում, որովհետեւ ամեն մի այցելու պիտի հստակ հիշի՝ իրենից հետո հաջորդն է գալու:

Լուսանկարները՝ Արսեն Միրզախանյանի եւ Երանուհի Սողոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter