HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետի «բիզնես անցյալը»

Հարկային և մաքսային համակարգում դժվար է գտնել պաշտոնյայի, որն իր հաշվին խոշոր գումարներ կամ թանկարժեք գույք չունենա: Ի դեպ, այդ ամենն արձանագրել ենք ըստ իրենց ներկայացրած հայտարարագրերի, որոնք ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Օգտվելով օրենքի բացերից` երբեմն պաշտոնյաները թաքցնում կամ թերի են հայտարարագրում իրենց ունեցվածքը, իսկ լիազոր մարմինը, իրական լծակներ չունենալով, «համակերպվում» է ներկայացված ոչ ճիշտ հայտարարագրերի հետ:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը ևս մեծահարուստ պաշտոնյաներից է:

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ըստ նրա` պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, ունեցել է մոտ 2 մլն դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից և գույքի իրացումից: Փոխարենը հայտարարագրել է խոշոր դրամական միջոցներ:

Հարկային ծառայության փոխգնդապետ Վահրամ Ադամյանը 6 միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ 5 հողամաս և 1 հասարակական նշանակության շինություն: Ունի նաև թանկարժեք՝ RANGE ROVER SPORT 4.4 մակնիշի ավտոմեքենա:

Պարզեցինք, որ մինչև այս տարվա մարտի 1-ը Վահրամ Ադամյանին է պատկանել «Էներգոպրոմտրեյդ» ՍՊԸ-ն, որն, ըստ հարկային մարմնում առկա տվյալների, զբաղվում է «մեքենաների և սարքավորանքի մեծածախ առևտրով»:

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ. մարտին՝ երևանաբնակ Կարեն Ամյանի կողմից: Նա 2015թ. ապրիլին դուրս է եկել ընկերությունից, և միանձնյա բաժնետեր է դարձել Վահրամ Ադամյանը: Մարտի 1-ից ընկերության միակ բաժնետերը Մոնիկա Բաղդասարյանն է: Վերջինս ընկերության տնօրեն Էդուարդ Բաղդասարյանի քույրն է: Ի դեպ, Էդուարդը ընկերության տնօրենն է հենց հիմնադրման օրվանից: Չի բացառվում, որ բաժնետիրոջ փոփոխությունը ձևական բնույթ է կրում՝ հայտարարագրում եկամուտները չներկայացնելու նպատակով:

Ընկերությունը 2017թ. ֆինանսական տարվա սկզբից՝ հունվար-հունիս ամիսներին, 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 972-րդ տեղը՝ վճարելով մոտ 53 մլն 143 հազար դրամ հարկ:

Առևտրային ընկերությունում բաժնետեր է եղել նաև Վահրամ Ադամյանի կինը՝ Նաիրուհի Ադամյանը։ Վերջինս 2008թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2016թ. մարտի 29-ը եղել է «Վանոս-Վար» ՍՊԸ-ի բաժնետեր: Հետո ընկերության միակ սեփականատերը դարձել է Ապարան քաղաքում հաշվառված Գոռ Մխիթարյանը: Ի դեպ, Ադամյան ամուսինները ևս Ապարանի հաշվառում ունեն:

Նշենք, որ «Վանոս-Վար» ՍՊԸ-ն 2012 թվականին 21 տարի ժամկետով՝ մինչև 2033թ. մայիս ամիսը, ստացել է Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզայի (Հյուսիսային տեղամաս) հանքի արդյունահանման թույլտվություն: Ընկերությունն արդյունահանում է իրականացրել նաև Աշտարակի հրաբխային խարամից:

Այժմ, 2012թ. օգոստոսի 30-ին տրված նույն թույլտվության համարով՝ ՇԱԹՎ-29/073, Աշտարակի հրաբխային խարամից արդյունահանում է իրականացնում «Վանոս-Վար» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Կարմիր Ավազ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2014թ. ապրիլին:

«Կարմիր Ավազ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Ապարանում հաշվառված Կարեն Սերգոյանն է, որը նաև ընկերության տնօրենն է: Նա մինչև 2014թ. ապրիլի 16-ը տնօրեն է եղել նաև «Վանոս-Վար» ՍՊԸ-ում և դուրս գալու օրը հիմնադրել է «Կարմիր Ավազ»-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter