HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմելու ջուրն առայժմ երազանք է Թլիկում

Թլիկում հարսանիք է: 18 տուն ունեցող գյուղի համար տարվա իրադարձություններից մեկն է: Մեքենաների անցուդարձի հետքերը երևում են ցեխոտ ճանապարհներին: Հարսին Էջմիածնի գյուղերից մեկից են բերելու: Դպրոցում մանկավարժներից մեկն ասում է՝ 20 տարին մեկ են գյուղում հարսանիք տեսնում: Հարսանիքից 3 օր առաջ ջրբաժան Վրեժը 200 լիտր ջուր է տարել, կարծում է, որ կհերիքի հարսանքավորներին:

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում առաջին անգամ եղել ենք անցյալ տարվա դեկտեմբերին: Այն բացառապես եզդիաբնակ գյուղ է: Գյուղացիներն ասում են, որ 24 տարի խմելու ջուր չկա գյուղում: Խմելու ջուրը գնում են Թալինից եկող ջրատար մեքենայից. 40 լիտրը՝ 350 դրամով:

Կենցաղային օգտագործման ջուրը, որը կիրառում են նաև անասունների համար, բերում են գյուղապետարանի հարևանությամբ տեղադրված ցիստեռնից: Այստեղ ջուրը հավաքվում է Ախուրյան գետից՝ պոմպի միջոցով: Գյուղացիները նշում են, որ ամռանը նաև որդեր են լինում այդ ջրում, բայց ստիպված օգտագործում են, որովհետև օլիգարխ չեն, որ լվացքի ու լողանալու ջուրն էլ գնեն: Ցիստեռնից ջրի համար վճարումը անասունների գլխաքանակով է պայմանավորված: Պոմպը 1997-ին են տեղադրել, հովանավորել է «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը:

Խանում Սլոյանի ընտանիքը 400 ոչխար է պահում: Ամսական ամենաքիչը 13 հազար դրամ միայն անասունների ջրի համար են վճարում:

Նրա ընտանիքը Թլիկում հաստատվել է 7 տարի առաջ: Արմավիրի մարզի Արաքս գյուղից են եկել: Թեև այնտեղ խմելու ջուր կար, բայց արոտավայրերի վարձակալությունն էր թանկ: Դա է եղել տեղափոխության պատճառը: Այս տարի թանկացել է նաև խոտի տուկը: 1 տուկը հիմա գնում են 1500 դրամով, իսկ ձմռան համար մոտ 2000 տուկ է անհրաժեշտ: Բացի դրանից՝ մեծ պահամաններում նաև ջուր են հավաքում անասունների ձմեռելու համար:

Տիկին Խանումի տան բակում «Վիլիսին» կցված ջրի 1-տոննայանոց ցիստեռնն է: «Թլիկ եկանք անասունների համար: Էնտեղ արոտավայրը թանկ էր, հիմա ավելի է թանկացել: 1 հեկտարը 300 հազար դրամ էր»,- ասում է նա:

Եղանակն այժմ խոնավ է Թլիկում: Ցուրտ ամիսներին գործն ավելի է դժվարանում, ջուրը սառչում է: Տիկին Խանումն ասում է՝ փորձում են հարմարվել, հույս ունեն, որ մի օր էլ Թլիկը խմելու ջուր կունենա:

Դպրոցում նույնպես խմելու ջուրը գնում են: Կարմիր դույլով ջուրը դրված է միջանցքի թենիսի սեղանին: Երկար դասամիջոցին զրուցում եմ աշակերտների հետ: Խոսում են իրենց երազանքների մասին, որոնք գալիս-հատվում են մի կետում. մի օր իրենց գյուղն էլ ջուր կունենա: Աշակերտներն ասում են, որ չեն լքելու գյուղը, անգամ եթե ջուր չլինի: Երազում են, որ գյուղը ջուր ունենա, որ ծառեր էլ ունենան:

Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանն ասում է, թե ճիշտ չէ գյուղացիների ասածը, որ գյուղում 1993-ից խմելու ջուր չի եղել: Նա պնդում է, որ Թլիկը խմելու ջրից իսպառ զրկվել է 2006-ին, մինչ այդ, ըստ գյուղապետի, 3 ամիսը մեկ ջուր լինում էր: «Էստեղ 100 տնտեսություն կար, եթե 93-ից ջուր չկա, ոչ մի տնտեսություն չկարողացա՞վ դուրս գա, ասի՝ ջուր չունենք, ջուր տվեք»,- նշում է նա:

Սալոյանի խոսքով՝ գյուղում խմելու ջրագիծ կար, ջուրը գալիս էր Թալինի կողմերից եկող «Չլկաններ» համակարգից: Իսկ թե 2006-ից հետո ինչն էր ջրի կտրվելու պատճառը, նա չի կարողանում ասել: Ասում է՝ չգիտի, ջրի սակավությո՞ւնն էր, թե՞ խողովակների խնդիրը:

Սալոյանի ասելով` Արագածոտնի մարզպետը խոստացել է, որ 2018-ի բյուջեով լուծելու են Թլիկի խմելու ջրի հարցը: Դրա համար մտադիր են գյուղում արտեզյան հորեր փորել:

Գյուղում բնակեցված է 18 տուն, գրանցվածները, ըստ Ս. Սալոյանի, շատ են՝ 92 բնակիչ, սակայն փաստացի կեսն է բնակվում Թլիկում:

Գյուղապետը համամիտ չէ, որ գյուղից արտագաղթի պատճառը ջուրն է: Ըստ նրա՝ ապրելու հնարավորություն չկար: «Էն ժամանակ էլ նույն պայմաններն էին, մարդիկ ապրել են, ստեղծել են, հիմա չեն անում: Որպես գյուղապետ իմ ուժերով եմ արել, ոչ թե բյուջեից, այ, էս փողոցի ցերեկային լույսերը քաշել եմ, մի գյուղացի չի եկել օգնի կամ տեսնի՝ ինչ են անում»,- մի տեսակ նեղացած նշում է Սալոյանը:

Նախկին գյուղապետը մեկնել է Ռուսաստան: Սալոյանին հարցնում եմ՝ ինքն էլ կգնա՞, մի քանի վայրկյան անց պատասխանում է. «Կարող է մի օր էլ ես գնամ, ի՞նչ իմանամ, բարեկամներս կանչում են [Ռուսաստանից], ուղղակի չեմ սիրում էնտեղ մնալ»:

Գյուղում գազ ու խանութ ևս չկա: Սալոյանի կարծիքով՝ մի քանի տնտեսության համար ի՞նչ գազ քաշեն, երբ ջուրը լինի, բնակիչները շատանան, այդ հարցն էլ կլուծեն: Թլիկցիները հիմնականում Արագածավան գյուղից են առևտուր անում, որն այստեղից 12 կմ է հեռու: Ասում են՝ 18 տնտեսության համար խանութ դժվար թե բացվի:

Գյուղապետարանում 4 աշխատակից կա՝ գյուղապետը, քարտուղարը, հաշվապահն ու ակումբի վարիչը: Բյուջեն մոտ 5 մլն դրամ է: Ս. Սալոյանը նշում է, որ բյուջեն հիմնականում ծախսում է Ախուրյանից մղվող ջրի համար: Հատկապես ձմռանը պոմպը պարբերաբար խափանվում է, նախորդ տարի նորն են գնել:

Գյուղապետարանի շենքը կառուցվել է 1947-ին: Մինչ օրս չի վերանորոգվել: Ներսում նոր ժամանակների մասին հիշեցնում է միայն գյուղապետի կաշվե աթոռն ու նոր սեղանը: Իսկ դրա շուրջը ճաքած պատեր են, հին նստարաններ:

Գյուղապետի սենյակի դիմաց գրադարանի դուռն է: Մոտ 8 տարի է, Սալոյանի խոսքով, գրադարանը չի գործում:

Հարևանությամբ էլ ակումբի մուտքն է, որը բացառապես ծառայում է հանդիսությունների համար: Դուռը կողպված է, ներսում հարսանիքի սեղաններն են: Վերևի նեղ պատուհանից երևում են գույնզգույն փուչիկները:

Ո՞վ պիտի ձեռնարկի առաջին քայլը՝ Թլիկի խմելու ջրի հարցը լուծելու համար

Մարզպետարանին հարցրել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ Թլիկ գյուղը խմելու ջրով ապահովելու համար, ու երբ է նախատեսվում վերջնականորեն լուծել Թլիկի խմելու ջրի մատակարարման հարցը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը պատասխանել է, որ Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրի լուծման առաջարկված տարբերակներից առավել իրատեսական է խորքային հորի կառուցման տարբերակը, որին, կառավարության աշխատակազմի ղեկավարի 24.08.2017 թ. գրության համաձայն, կանդրադառնան 2018 թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում: Այսինքն՝ հարցը դեռ պիտի ընդգրկվի գալիք տարվա պետբյուջեում:

«Միաժամանակ հայտնում ենք, որ համայնքի ղեկավարին առաջարկվել է, որ խորքային հորի կառուցման համար անհրաժեշտ է նախապես իրականացնել հիդրոերկրաբանական ուսումնասիրություն, սահմանված կարգով ստանալ ջրօգտագործման թույլտվություն և իրականացնել նախապատրաստական այլ աշխատանքներ»,- հայտնել է մարզպետը:

Մարզպետարանի պատասխանից պարզ է դառնում, որ գյուղապետ Սալոյանը պետք է ձեռնարկի առաջին քայլերը, այնինչ նա սպասում է, թե մարզպետարանն է անելու ամբողջ գործը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Քրիստինա
Բավականին երկար ժամանակ է անցել։ Ինչ-որ բան փոխվե՞ց։ Գոնե այդ ուսումնասիրությունը կատարվե՞ց։ Եթէ այո, ի՞նչ արդյունքներով։ Ջրօգտագործման թույլտվությունը ստացե՞լ են։
vincomed
Հայաստանում խմելու ջուր չունեն, Արցախում արեվաին կայանների համար փող են հավաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter