HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սահմանամերձ գյուղի դպրոցը. շենքն ու նյութական բազան մարտահրավեր են, արտագաղթը՝ սպառնալիք

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ Թլիկ գյուղի դպրոցում խնդիրներն ավելի շատ են, քան աշակերտների թիվը: Սա հիմնական դպրոց է, կրթությունն 9-ամյա է, ներկայում այստեղ սովորում է 23 աշակերտ, դասավանդում՝ 9 մանկավարժ:

Հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող միահարկ շինությունը, որ կառուցվել է անցյալ դարի կեսերին, փոքր ու կոմպակտ տեսքով դրսից կարող է հարմարավետ թվալ, սակայն մուտքից ներս, երբ ոտքդ փայտյա հատակին դնելիս լսում ես դրա ճռճռոցն, ու որոշ տեղերում էլ տախտակներն ուղղակի ճոճվում են, հասկանում ես, որ խոսք չի կարող լինել հարմարավետության մասին. ուսուցիչներն ու աշակերտները պարզապես «յոլա են գնում» ունեցածով:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Ալեքսանյանը ժպիտով պատմում է, որ երբ սեպտեմբերի 1-ին գալիս են դպրոց՝ գեղեցիկ հագնված ու առանձնահատուկ ոգեւորությամբ, կանացի կոշիկների կրունկները մտնում են հատակի անցքերի մեջ, վախենում են քայլել, ինչի պատճառով էլ փորձում են ուղղակի զերծ մնալ նման կոշիկ հագնելուց: Դպրոցի շենքը գետնից շատ բարձր չէ, եւ խոնավությունն անում է իր գործը: Լավն այն է, որ գոնե կառույցի պատերը հաստ են, ու փոքր շինությունը հեշտ է տաքացնել, վերջին տարիներին փոխվել են դպրոցի լուսամուտները:

Տիկին Ալեքսանյանն Արագածավան գյուղից է, որը Թլիկից 12 կմ հեռու է, ամեն օր այնտեղից է աշխատանքի գալիս: Արագածավանում երկու դպրոց կա, բայց, ըստ Ալեքսանյանի, Թլիկի դպրոցում ցուրտ եղանակին ավելի տաք է լինում: Ժամանակին դպրոցը քարածուխով էին տաքացնում, հիմա նավթի վառարաններ են օգտագործում:

Այդուհանդերձ, եզդիաբնակ գյուղի դպրոցում շատ բան հիշեցնում է հին ժամանակները՝ ծեփն ու ներկը թափված պատերը, դրանց մեջ ներկառուցված աղյուսե վառարանները, որ վաղուց չեն օգտագործվում, պատմական նմուշի տարիք ունեցող աթոռներն ու դասասեղանները, որոնց վրա սովորել են նույնիսկ այսօր դպրոցում դաս տվողները, մեթոդական գույքի ու նյութերի գրեթե բացակայությունը… Երկար կարելի է թվարկել:

Այդ ամենի ֆոնին համեմատաբար նոր մի քանի սեղան-աթոռներն ու գրատախտակները, ցուցապաստառները, ինչպես նաեւ խունացած պատերով ուսուցչանոցում կախված երկրի ղեկավարի նկարը դառը ժպիտ են առաջացնում:

Լինելով հիմնական դպրոց՝ այս հաստատությունը ենթարկվում է Արագածոտնի մարզպետարանին:     

Ջուլիետա Մալխասյանը, որ դասավանդում է ռուսերեն, գերմաներեն, առանձնացնում է համակարգիչների խնդիրը. ընդամենը մեկ համակարգիչ ունեն, որը դրված է ուսուցչանոցում, եւ երեխաներին դաս է պարապում հենց դրանով: Արդեն շուրջ 5 տարի այս միակի հույսին են: Իրենց դարն ապրել են նաեւ քարտեզներն ու գլոբուսը:

«Անշուք ու կահավորված դասարանում սովորելը տարբեր բաներ են»,- ասում է Սուսաննա Ալեքսանյանը: Դպրոցը չունի գրադարան, գյուղի միակ գրադարանն ակումբում էր, բայց հիմա այն փակ է, այսինքն՝ Թլիկ գրականություն վաղուց չի մտնում, միայն՝ դասագրքեր:

Քիմիայի ուսուցչուհի Նարինե Գրիգորյանն էլ, որ նաեւ եկեղեցու պատմություն (նախկինում՝ նաեւ բնագիտություն) է դասավանդում, շեշտում է, որ քիմիան առանց փորձերի, համապատասխան նյութերի ու փորձանոթների հետաքրքիր չէ, բացը փորձում է լրացնել՝ երեխաներին համակարգչով քիմիական ռեակցիները ցույց տալով, սակայն ճիշտն այն է, որ հենց աշակերտներն անեն դրանք:

Նարինեն նշում է, որ նվազագույն պայմաններ վաղուց չկան, որոշ պաստառներ կան, բայց դրանք ոչ մի բան են քիմիայի համար, որի հիմքը պրակտիկան է, այնինչ բանաձեւերը կարելի է գրել նաեւ գրատախտակին: ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետն ավարտած 25-ամյա Նարինեի ցանկություններից մեկն այն է, որ դասավանդի միայն իր առարկան:

Նա այստեղ աշխատում է արդեն 4-րդ ուսումնական տարին, հարեւան Գետափ գյուղից է: Առանձնացնում է այն, որ տեղի երեխաները քաղաքի աշակերտների համեմատ ավելի հետաքրքրված են առարկաներով, քանի որ դպրոցն է նրանց միակ հետաքրքրությունը: «Քաղաքի դպրոցում չեմ աշխատի, այնտեղ դժվար է կառավարել, իսկ այստեղ երեխեքը լսող են: Ուղղակի դասարանների կոմպլեկտավորումը դժվարացնում է դասապրոցեսը»,- ասում է Նարինեն:

Ընդհանրապես, Թլիկի դպրոցում ուսուցիչները ոչ միայն բազմապրոֆիլ են՝ դասավանդում են տարբեր առարկաներ, այլեւ ստիպված են հնարավորինս արդյունավետ անցկացնել դասը տարբեր տարիքի երեխաների հետ, քանի որ դասարանները կոմպլեկտավորված են:

Դպրոցում այս պահին կա 4 դասարան. 1-ին, 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-9-րդ: 4-րդ դասարան չունեն. այդ տարիքի երեխա գյուղում չկա: Ընդ որում՝ այստեղ սովորում են միայն թլիկցի դպրոցականները: Թլիկի առանձնահատկությունը հարեւան գյուղերի համեմատ այն է, որ բացառապես եզդիաբնակ է: Դա իր դրական կողմն էլ ունի. գյուղը չի խոշորացվել՝ շնորհիվ էթնիկ կազմի: Այնինչ մյուսները՝ Գետափը, Լուսակնը, Արտենին միացել են Արագածավանին: Գետափը Թլիկի ամենամոտ հարեւանն է, հեռավորությունը 3-4 կմ է, Ջուլիետա Մալխասյանը գետափցի է, ասում է. «Խոշորացման մեջ լավ բան չեմ տեսնում: Եթե Արագածավանն իր հարցերը նորմալ չի կարողանում լուծել, որտեղի՞ց Գետափի հարցերը լուծի»:

Այսօր բնակեցված 18 տուն ունեցող Թլիկի դպրոցի 9 ուսուցիչներից միայն եզդիերեն դասավանդող Ալիկ Մստոյանն է տեղացի, մյուսները գալիս-գնում են ամեն օր: 55-ամյա Սուսաննա Ալեքսանյանը Թլիկում դաս է տալիս 1984-ից՝ արդեն 33 տարի, իսկ 63-ամյա Ջուլիետա Մալխասյանը՝ 1993-ից՝ 24 տարի:

Տիկին Ալեքսանյանը մի տեսակ երանությամբ է հիշում, որ երբ ինքը նոր էր ընդունվել աշխատանքի, Թլիկում 138-140 եզդի աշակերտ կար, երեխաները երկու հերթով էին դպրոց գալիս, ժամը 12-ին տարրական դասարաններին փոխարինում էին ավագները, կոմպլեկտավորում հասկացություն չկար: Տրանսպորտի խնդիր էլ չկար. գործում էր Թալին-Թլիկ ավտոբուսը, մեկ ուրիշն էլ գնում էր մինչեւ հարեւան Անիպեմզա: Թլիկում այն տարիներին դասատուներ էին աշխատում Լենինականից ու Էջմիածնից, տրանսպորտն էլի խնդիր չէր: Ավելին՝ գյուղում ուսուցիչների տուն կար, որը հիմա իր նպատակին չի ծառայում:

«Ձմռանն էր մի քիչ դժվար, ճանապարհները կարող էին փակվել, բայց Գյումրուց, Էջմիածնից եկող ուսուցիչները մնում էին այդ տանը»,- պատմում է Ս. Ալեքսանյանը: 2-3 ուսուցիչներ էլ կային, որ աշխատանքային օրերին այդտեղ էին ապրում:

Այսօր դասատուների համար հանրային տրանսպորտով Թլիկ հասնելու տարբերակը Արմավիր-Գյումրի միկրոավտոբուսն է, բայց այդ պարագայում էլ ժամերի խնդիր կա: Ս. Ալեքսանյանն, օրինակ, դասի է գալիս ամուսնու՝ տնօրեն Վահագն Մարտոյանի հետ վերջինիս մեքենայով, ճանապարհին՝ Գետափից, վերցնում են նաեւ Ջ. Մալխասյանին: Օրեր առաջ մեքենան խափանվել էր, տեղ են հասել մեկ ուրիշով: Տիկին Մալխասյանն ասում է, որ օրերի կարճանալու, եղանակային պայմանների ու դպրոց հասնելու խնդիրների պատճառով մտածում են դիմել մարզպետին, որ դասերը սկսեն գոնե 9:30-ին:

Ջուլիետա Մալխասյանը հիշում է, որ նույնիսկ պատերազմի տարիներին Թլիկում բավականին բնակչություն կար, ամեն դասարանում 10-12 երեխա էր սովորում: Խոսելով ազգային առանձնահատկությունների մասին, ինչպիսին, ասենք, աղջիկներին վաղ տարիքում ամուսնացնելն է, մանկավարժն ասում է. «Մեզ մոտ չի եղել այնպիսի խնդիր, որ, օրինակ, եզդի աղջիկներին չթողնեն դպրոցն ավարտեն, ժամանակին ութամյա կրթություն էին ստանում, հիմա էլ՝ իննամյա»: Ըստ նրա՝ այդ առումով Թլիկը տարբերվում է ավելի բարձրադիր գոտում գտնվող եզդիաբնակ գյուղերից. «Վերեւի եզդիական գյուղերը մի քիչ այլ կերպ են մոտենում այդ հարցին, բայց այստեղ չեմ լսել, որ 6-7-րդ դասարանից աղջիկներին արգելեն դպրոց հաճախել»:

Մյուս կողմից, ըստ Մալխասյանի, սոցիալական պայմանները հատկապես տղաներին դրդում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ընտանիքի հոգսերին, հարազատներին օգնելուն, բայց Ս. Ալեքսանյանը շեշտում է, որ նման խնդիր կա նաեւ հայկական գյուղերում, այսինքն՝ հարցն էթնիկական չէ: Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ 90-ականների երկրորդ կեսին, 2000-ականների սկզբին Թլիկում սկսվեց արտագաղթի ալիքը, դպրոցում աշակերտների թիվը կտրուկ նվազեց, դասարանների կոմպլեկտավորում արվեց:

Սահմանապահ այս գյուղում արտագաղթի գլխավոր պատճառը խմելու ջրի բացակայությունն է, որը դարձել է անլուծելի թվացող թնջուկ: Ջուրը գնում են 7-10 օրը մեկ եկող ջրատար մեքենայից: Գյուղում չկա նաեւ խանութ, ամենամոտը 12 կմ-ի վրա է՝ Արագածավանում: Կենսական կարեւոր պայմանների բացակայության դեպքում դժվար է մեղադրել արտագաղթողներին: Իսկ յուրաքանչյուր հեռացող ընտանիքի հետ մեկնում է 3-4 երեխա: Մեր այցելության օրը Թլիկում հարսանիք պիտի լիներ: «Այսօր գյուղում հարսանիք կա, ուրախանում ենք,- ասում է Սուսաննա Ալեքսանյանը,- զգում ես, որ գյուղը ապրում է, իսկ ամեն գնացող ընտանիքի հետ ցավ ենք ապրում»: Հավելում է, որ չնայած արագածավանցի է, Թլիկի մասին պարբերաբար ասում է «մեր գյուղը»: «Ինչքան սիրում ես դպրոցը, այնքան կապված ես լինում, պարտաճանաչ ես լինում»,- իր հերթին նկատում է Ջ. Մալխասյանը:

Երկարամյա մանկավարժները, սակայն, Թլիկի, Գետափի նման գյուղերի համար լավ ապագա չեն կանխատեսում: «Եթե ժամանակին Գետափն ու Թլիկը՝ որպես սահմանամերձ գյուղեր, կառավարության ուշադրության կենտրոնում լինեին, գյուղերը չէին դատարկվի,- ահազանգում է Ջուլիետա Մալխասյանը,- Գետափում արդեն արտագաղթ է սկսվել: Գնացել են` էլ հետ չգալու համար: Ապագայում մնալու են միայն ծերերը, նրանց էլ մի օր տանելու են երեխաները: Դա անխուսափելի է, «վերեւում» շատերը չգիտեն, թե այստեղ ինչ կա»: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter