Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փաստաբաններին պատժելու գործը որոշել են հանձնել դատարանին



Փաստաբանների պալատը նախագծի իրավակարգավորումները փաստաբանի անկախությանն ուղղված սպառնալիք է համարում 

2017-ի տարեսկզբից մինչ օրս Փաստաբանների պալատը փաստաբանների նկատմամբ 57 կարգապահական վարույթ է հարուցել, որից 13-ը` դատարանի եւ իրավապահ մարմինների դիմումի (մեկական դիմում են ներկայացրել դատախազությունը եւ քննչական կոմիտեն) հիման վրա: Դրանցից 10-ի դեպքում վարույթները կարճվել են, իսկ 3-ի դեպքում փաստաբաններին նկատողություն է հայտարարվել: 

Փաստաբաններին կարգապահական տույժի ենթարկելու համար դատարաններից Պալատին հասցեագրված բոլոր դիմումներում երկու խախտում է նշվում՝ առանց դատավորի թույլտվության դատական նիստի դահլիճը լքելը եւ նիստերի դահլիճում դատարանի նկատմամբ հնչեցրած անհարգալից արտահայտությունները: Նշենք, որ դատական նիստի դահլիճը լքելը դատարանի գործողությունների դեմ իրենց անհամաձայնությունն ու բողոքն արտահայտելու ամենատարածված ձեւն է փաստաբանների շրջանում: Միաժամանակ, իրավունքի գիտակները պնդում են, որ փաստաբանների նման վարքագիծն անթույլատրելի է եւ պատժելի, սակայն Պալատը կտրուկ միջոցների չի դիմում դա կանխելու համար: 

Առանց դատարանի թույլտվության նիստերի դահլիճից հեռանալու համար 2017-ին ներկայացված մեկ տասնյակ դիմումներից Պալատի խորհուրդը մեկն է բավարարել՝ փաստաբան Արա Ղարագյոզյանին նկատողություն է հայտարարվել: Եվս երկու փաստաբանի՝ Հովիկ Արսենյանին եւ Սամվել Ջաղինյանին, նկատողություն է հայտարարվել  դատարանի նկատմամբ անհարգալից արտահայտություններ անելու համար: 

Փաստաբանների պալատի «կողմնակալ» կեցվածքից դժգոհ դատական համակարգը որոշել է իր ձեռքը վերցնել փաստաբաններին պատժելու գործը: Հոկտեմբերի վերջին արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրեց Դատական օրենսգրքի նոր նախագիծը, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվել են նաեւ դատական սանկցիաների տեսակները եւ դրանք կիրառելու հիմքերն ու կարգը: 

Օրենսգրքի նախագծով (հոդված 71) դատարանը 3 տեսակ սանկցիա կարող է կիրառել`

1) նկատողություն,

2) դատական նիստի դահլիճից հեռացում, որը չի կիրառվում գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ,

3) դատական տուգանք`մինչեւ 100000 ՀՀ դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ: 

Նախագծի հեղինակները նշված սանկցիաները կիրառության մեջ դնելը հիմնավորում են հետեւյալ կերպ՝ դատական իշխանության բարձր հեղինակությունը, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը, ինչպես նաեւ դատական նիստի եւ դատարանի գործունեության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով:

Օրենսգրքի հոդված 75-ը սահմանում է· «Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո, դատական սանկցիայի մասին որոշումը կամ արձանագրային որոշման դեպքում՝ արձանագրության քաղվածքը դատարանն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին:

Դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը»:

Փաստաբանների պալատը նախագծի այս իրավակարգավորումները փաստաբանի անկախությանն ուղղված սպառնալիք է համարում: Պալատը օրերս հրապարակեց նախագծի վերաբերյալ իր տեսակետը, որով առաջարկվում է նախագծից հանել «փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու», ինչպես նաեւ՝ «դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը» հոդվածները:

««Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվող՝ փաստաբանների նկատմամբ տուգանքը՝ որպես դատական սանկցիա կիրառելու իրավակարգավորումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության առումով խնդրահարույց է, հակասություններ ունի փաստաբանների անկախության, ինքնակառավարման եւ վարքագծի միջազգային չափորոշիչների հետ եւ որեւէ կերպ չի նպաստում փաստաբանության ինստիտուտի կառուցակարգային զարգացմանը եւ արդյունավետության բարձրացմանը»,- հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինիս կարծիքով՝ եթե փաստաբանների վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը վերապահվի պետական մարմնին, ապա դա բացասական ազդեցություն կունենա փաստաբանության ինստիտուտի անկախության եւ հետագա զարգացման վրա, չի երաշխավորի փաստաբանների եւ փաստաբանության ազատ ու անկաշկանդ գործունեությունը:

«Նախագծով ուղղակիորեն նախատեսվել է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվություն: Ընդ որում, ներկայումս գործող դատական սանկցիան, փաստորեն, դառնալու է լրացուցիչ սանկցիա, բացի այդ` չի բացառվում, որ կարգապահական վարույթի շրջանակներում դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ այլ իրավական ակտով սահմանված կարգապահական տույժ: Սրա արդյունքում դատախազը կամ փաստաբանը կարող են նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության ենթարկվել` դատական սանկցիայի եւ կարգապահական տույժի տեսքով: Վերոնշյալ կարգավորումը ուղղակիորեն հակասում է օրինականության, կրկին դատվելու եւ պատժի (պատասխանատվության) համաչափության սկզբունքներին»,- հայտնել է Պալատի նախագահը:

Իրավաբանական շրջանակների համոզմամբ՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը միայն փաստաբաններից կազմված հանձնախմբով քննելը, որի համար Պալատին մեղադրում են կողմնակալության մեջ, կամ փաստաբաններին պատժելու իրավասությունը դատարանին հանձնելը նույն էֆեկտն են ունենալու: Երբեք վստահություն չեն ներշնչի կայացված որոշումների օրինականության նկատմամբ, բացի այդ` կխորացնեն նախագծի վերաբերյալ փաստաբանների ունեցած համոզումը, որ դրանով փաստաբանությունը ճնշելու  լծակներ են տրվում դատարանին: Կարծում են` ճիշտ կլինի փաստաբանների վարքագծի դիմումները քննող կոլեգիալ մարմին ստեղծելը, որում ընդգրկված կլինեն նաեւ արդարադատության այլ օղակներից: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ