HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Շիրխանյանի և մյուսների գործով դատախազի նկատմամբ սանկցիա կիրառելու միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը մեկնարկեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ։

Հիշեցնենք, նախորդ դատական նիստին գործում առկա փաստացի ապացույցները հրապարակելիս մեղադրող դատախազը, խոսելով գործի նյութերում առկա լուսանկարների մասին, ասել էր, որ «գործում առկա են «Շռամ Վալերիկ» անվամբ ինչ-որ անձնավորության գերեզմանի մոտ արված լուսանկարներ»։ Վերը նշված անձն արցախյան պատերազմի մասնակից Վալերիկ Վարդանյանն է` ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հայրը: Հորն ինչ-որ անձնավորություն անվանելու հանգամանքը զայրացրել էր Վարդանյանին, և վերջինս առանց դատարանի թույլտվության խոսել ու վիճաբանության մեջ էր մտել դատախազ Սարգսյանի հետ։ Ի վերջո, դատարանը Արթուր Վարդանյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել՝ որոշելով նրան հեռացնել նիստերի դահլիճից։ Այս ընթացքում, սակայն, Վարդանյանը չէր լռել, ու շարունակվող վիճաբանության ժամանակ դատախազ Սարգսյանը, նրան հակադարձելով, ասել էր` «ականջներդ կկտրեմ»։

Դատախազի վերը նշված վարքագիծն անթույլատրելի համարելով՝ Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց դատական սանկցիա կիրառել նրա նկատմամբ։

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ Արթուր Վարդանյանի հորն «ինչ- որ Շռամ Վալերիկ» անվանելու հանգամանքն ուղղակի կապված է Արթուր Վարդանյանի պատվի և արժանապատվության հետ, որը դրդեց Արթուր Վարդանյանին` արձագանքել, թե «ինչ-որ-ը դու ես»։

Ըստ Բաղդասարյանի՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղից մեղադրողին արձագանքելու համար սանկցիա է կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, մինչդեռ որևէ գնահատականի չի արժանացրել մեղադրող դատախազի` «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը։

Փաստաբանի խոսքով՝ քրեական գործից երևում է, որ Վալերիկ Վարդանյանն Արթուր Վարդանյանի հայրն է։  Բաղդասարյանը պարզաբանեց, որ նա «Շռամ» մականունը ստացել է պատերազմի դաշտում ստացած վերքերի թողած սպիերի պատճառով։ Ապա նշեց, որ անկախ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արթուր Վարդանյանի պահվածքից՝ դատախազն այս գործով պետական մարմնի ներկայացուցիչ է և պետության անունից, փաստորեն, հայտարարում է  «ականջներդ կկտրեմ»։

«Սա իր մեջ, կարծում եմ, պարունակում է նաև հանցակազմ։ Ձեռնպահ մնալով և  ցանկություն չունենալով օրենքով սահմանված կարգով դիմելու իրավասու մարմիններին՝ ցանկանում եմ, որպեսզի նախագահող դատավորը արդարադատություն իրականացնելիս գոնե նմանատիպ հարցերում դրսևորի օբյեկտիվություն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Դատարանը, սակայն, նշեց, որ  դատական նիստի ընթացքում նման արտահայտություն ինքը չի լսել, և եթե նման բան, այնուամենայնիվ, եղել է, ապա ոչ դատարանի ներկայությամբ և դատական նիստի ընթացքում։

Ձախից երկրորդը` դատախազ Գեւորգ Սարգսյանը

Դատախազ Գևորգ Սարգսյանն առհասարակ հերքեց իր կողմից նման արտահայտություն անելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է Լևոն Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե դատախազի արտահայտությունները կապ ունեն Արթուր Վարդանյանի պատվի և արժանապատվության հետ, այս առնչությամբ դատախազ Սարգսյանը հայտնեց, որ ինքը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել։ Ավելին, մեղադրողը նշեց, թե ինքը չի իմացել, որ «Շռամ Վալերիկ» մականունով անձը Արթուր Վարդանյանի հայրն է։

«Օրինակ ես, ճիշտը որ ձեզ ասեմ, չգիտեի, որ «Շռամ Վալերիկ» է եղել։ Գիտեի, որ Արթուր Վալերիկի Վարդանյան է, բայց որ Արթուր Վարդանյանի հայրը «Շռամ» մականունն է ունեցել, չգիտեի»,- հայտարարեց Գևորգ Սարգսյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքն անձամբ լսել է դատախազի թույլ տված «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը, և դա շատերն են լսել։

Ալումյանն ընդգծեց, որ ինքը բացասական տպավորություն ստացավ այն հանգամանքից, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը հայտարարում է,  թե չգիտեր, որ «Շռամ Վալերիկ»-ն Արթուր Վարդանյանի հայրն է։

«Շատ վատ է, որ մեղադրողը նման հայտարարություն է անում»,- կարծիք հայտնեց Հայկ Ալումյանը։

Դատարանն, այնուամենայնիվ, սանկցիա չկիրառեց դատախազի նկատմամբ։

Դատարանի այս որոշումից հետո դատարանի դահլիճ բերված Արթուր Վարդանյանը հայտարարեց` հաշվի առնելով, որ դատարանը դատախազի վարքագծին իր իրավասությունների շրջանակներում չի անդրադառնում, ինքն անձամբ պատասխանելու է դատախազի վարքագծի նմանատիպ դրսևորումներին՝ անկախ այն հանգամանքից, որ դատարանն իր նկատմամբ սանկցիա կկիրառի։

Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը։ Նշենք, որ մեղադրողներն ընթերցում են ոչ միայն մեղադրանքի հիմքում դրված, այլ գործում առկա բոլոր ապացույցները, ինչն այսօր առաջացրեց գործում ներգրավված որոշ փաստաբանների զայրույթը։

Օրինակ՝ հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում միակ ծանոթ անձը Արթուր Վարդանյանն էր։

«Արթուր Վարդանյանը երկու անծանոթ անձանց հետ», «Արթուր Վարդանյանը երեք անծանոթ անձանց հետ», «Արթուր Վարդանյանը չորս անձանց հետ»... շարունակում էր լուսանկարների մասին նման տեղեկություններ հրապարակել մեղադրողը, երբ պաշտպանները բարձրացրին միայն մեղադրանքի հիմքում ու դրան վերաբերելի ապացույցները հրապարակելու հարցը։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ ինքը չի կարող մեղադրող կողմին արգելել հրապարակել ապացույցներն այն ձևով, որով հրապարակում է։

«Այսպես կարող ենք տանը եղած ալբոմներն էլ բերել»,- արձագանքեց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։

Նշենք, որ նիստի մեկնարկին Վահան Շիրխանյանը հայտնել էր, որ երկու ժամից ավել չի կարող նստել աթոռին, որ իրեն լավ չի զգում։ Նիստի մեկնարկից շուրջ երկուսուկես ժամ անց նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Շիրխանյանն այլևս ի վիճակի չէ մասնակցել նիստին, և դատավորն այն հետաձգեց մինչև դեկտեմբերի 1-ը։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter