HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. ՊՆ եւ ԱԻՆ աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտվել են

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

Ըստ ՀՔԾ-ի` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ, ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մուրադ Պողոսյանը զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` նույն մարզի բնակիչ Աշոտ Խամոյանին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խամոյանը համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս, զինակոչիկին զորակոչից ազատելու լիազորություն չունենալով, որևէ գործողություն չի կատարել այդ ուղղությամբ և որևէ պաշտոնատար անձի գումար չի տվել: Արդյունքում` Ա. Խամոյանի որդին 2016թ. դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև նույն ՊՆ աշխատակիցը, Ա. Խամոյանից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու իր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս առաջարկել է ավելացնել ևս 4.000 ԱՄՆ դոլար` իբր իր  միջոցով բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մուրադ Պողոսյանը դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ հափշտակել է այն:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խամոյանը, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու և հնարավորության դեպքում զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ համաձայնության է եկել Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի հետ` վերջինիս տալով 1.200 ԱՄՆ դոլար: Կ. Ղորղանյանն էլ, հարցը «կարգավորելու» նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դավիթ Հովսեփյանին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կարեն Ջանիկյանին: Վերջինս էլ կաշառքի դիմաց կազմակերպել է Ա. Խամոյանի որդու տեղափոխումը զորամասից Ստեփանակերտի հոսպիտալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Կ. Ղորղանյանի կողմից կատարված մեկ այլ հանցավոր արարք: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փորձել է իր ծանոթ պաշտոնատար անձին` արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Պապ Եփրեմյանին կաշառք տալու միջոցով իր համագյուղացի Ազատ Աբրահամյանին աշխատանքի ընդունել նշված նախարարությունում:  Ա. Աբրահամյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, 500 ԱՄՆ դոլար կաշառքը փորձել է տալ ԱԻՆ պաշտոնյային, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Պ. Եփրեմյանը աշխատանքի ընդունելու լիազորություններ չի ունեցել:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մուրադ Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով : Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Աշոտ Խամոյանին`       ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Կամսար Ղորղանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Դավիթ Հովսեփյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,

Կարեն Ջանիկյանին՝     ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,

Պապ Եփրեմյանին՝        ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ազատ Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Ինչու՞ անմեղության կանխավարկածի մասին չի գրում ՀՔԾ֊ն․․․ էս նյութերն արդեն լրատվական աղբի են նմանվում, գործեր հարուցելը դեռևս չի նշանակում պետական պաշտոնյաների պատժելիություն ու պատասխանատվության ենթարկում, որովհետև հայտնի է, որ դատարաններում շատ մեղմ պատիժներ են սահմանվում, մեծ մասը այս գործերով ներգրավվածների վերադառնում են պետական հատվածում տարբեր տեսակի աշխատանքների։ տխուր ա սենց լրատվությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter