Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Նոյեմբերի քսանչորս՝ քսանինը տարի առաջ և էլի նոյեմբերի քսանչորս



Քսանինը տարի առաջ՝ 1988-ի նոյեմբերի քսանչորսին, Ղարաբաղյան շարժման երևանյան էպիկենտրոնում՝  Օպերայի հրապարակում, տեղի էր ունենում մի բան, որի նախադեպը ՀԽՍՀ պատմության մեջ չէր եղել:

Խորհրդային կարգեր էին դեռ: Հրավիրվել էր ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նիստ, որին ամեն կերպ խոչընդոտում էին, բայց շարժման ղեկավարների ու ակտիվ մասնակիցների մի խմբի ջանքերով ԳԽ դեպուտատներին առանձին-առանձին բերում էին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենք, որտեղ էլ պիտի կայանար արտահերթ նիստը, եթե հնարավոր լիներ քվորում ապահովել:

«Պատմական» բառը չափազանց շահագործվել է և արդեն չի առաջացնում զարկերակի համապատասխան ռիթմ, բայցևայնպես այդ օրը պատմական էր, որովհետև տեղի էր ունենում մինչ այդ չեղած մի բան, որով առաջին անգամ ապացուցվում էր, որ Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդի ընտրյալները պետք է կատարեն ժողովրդի պահանջը: ժողովուրդը հավաքվել էր Թատերական հրապարակում նոյեմբերյան բավական ցուրտ այդ օրը ու չէր հեռանում, մինչև չապահովեին պատգամավորների այն թիվը, որով հնարավոր կլիներ որոշում կայացնել:

Ամեն եկող պատգամավորի առաջ շատ հոծ շարքերը բացվում էին` մեծ սպասելիքով տեղ տալով օպերայի շենք մտնող դեպուտատներին: Եկողներին անցնելու հնարավորություն տալով՝ շարքերի միջից լսվում էին նրանց ուղղված հորդորները: Մարդիկ խնդրում էին հուսախաբ չանել, քանի որ, ըստ մեզ, ըստ բոլորիս` այդ օրվանից էր կախված Ղարաբաղի հարցի հետագա ընթացքը:

Ավելի ցրտում ու ավելի մթնում էր:

Ես այդ օրը, անկախ արդյունքից ու հետևանքներից, հիշում եմ շատ վառ: Բայց այսօր, անկախ նրանից, թե ինչ իրական հնարավորություններ կտա Բրյուսելում կնքված պայմանագիրը կամ չի տա, երբ հասկացա, որ նոյեմբերի քսնաչորսն է ու անցել է քսանինը տարի, ուզեցի հիշեցնել` որտեղից ուր ենք եկել:

1988-ի նոյեմբերի քսանչորսին այնքան էլ հեշտ չէր հավաքել ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նիստ, երբ ռուսական խորհրդային կայսրության բռնի ուժը ամեն պահի կարող էր ցույց տալ իր բռնապետական ժանիքները:

Երբ օպերայի դահլիճ մտավ վերջին պատգամավորն ու հասկանալի էր արդեն, որ քվորումն ապահովված է, մարդիկ իրար գրկում էին, թռչկոտում էին ուրախությունից, մարդիկ զգում էին, որ սա իրենց ջանքերի արդյունքն է և իրենք միայն հանդիսատես չեն Թատերական հրապարակում:

Այդ օրը ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նիստում ընդունված որոշումներից էր կախված Ղարաբաղի հետագա ճակատագիրն ու Հայաստանի կեցվածքը: Մեզ այդպես էր թվում: Ոչ՝ մենք համոզված էինք:

Նիստը սկսվեց: Ես երկրորդ կուրսի ուսանող էի և քանի որ առավոտվանից օպերայի հրապարակում էի, բարձր ջերմություն ունեի ու արդեն հոգնածությունից ոտքի վրա կանգնել չէի կարողանում: Որոշելով, որ հիմնական գործն արդեն արված է, իսկ ներսում որոշումները կկայացվեն նաև առանց իմ տասնութամյա ներկայության, առանց ընտանիքիս մյուս անդամներին հրապարակում փնտրելու, շատ հոգնած, բայց շատ գոհ գնացի տուն: Օպերայի հրապարակից մեր տուն երկու կանգառ էր: Ես քայլելով հասա տուն ու շատ հաղթական ու գոհ միացրեցի հեռուստացույցը` վստահ լինելով, որ մեր հեռուստալրագրողները կգտնեն մի տարբերակ լավ լուրը հաղորդելու, քանի որ խորհրդային վերահսկողության տակ, արդեն ինը ամիս կարողացել են ամենատարբեր հաղորդումների ընթացքում խոսել Ղարաբաղյան հարցից, տարբեր խիստ նկատողությունների պայմաններում: Միացրեցի ու մեր դեռ սև ու սպիտակ հեռուստացույցի ամբողջ էկրանին երևաց երկու ձեռքերը սեղանին տիրական փռած մի ռուս բարձրաստիճան զինվորական ու արտասանեց. « Я, генерал- майор Самсонов комендант города Еревана…»: Սոսկալի տպավորություն էր, անզորության ու մոտ թվացած հաղթանակը ձեռքիցդ կոպիտ խլելու ահավոր զգացողություն: Իսկ այն, որ Երևանում հատուկ դրություն և պարետային ժամ է մտցվել, ու այլևս արգելվում են ցույցերը, հավաքները, ժամը իննից հետո դրսում լինելը՝ մեզ ունեզրկելու պես մի բան էր:

Հետո իմացանք, որ ԳԽ-ի ընդունած որոշումն այն մասին, որ ՀԽՍՀ ն այսուհետ կատարելու է ԽՍՀՄ ԳԽ-ի միայն այն որոշումները, որոնք ինքը նպատակահարմար է գտնելու, ԽՍՀՄ-ի կողմից համարվել է անվավեր:

Մի քանի օր անց երկրաշարժ էր, մասսայական ձերբակալություններ ու անհնար թվացող ձմեռ:

Այսօր՝ 2017-ի նոյեմբերի քսնաչորսին, Բրյուսելում Հայաստանը ստորագրում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Թերահավատներն էլ են շատ, ոգևորվածներն էլ: Ոգևորվածներն էլ գիտեն ֆորմալ լինելու մասին, թերահավատներն էլ են զգում կատարվածի հաճելի պահը: Երկու կողմերի զգացողություններին վերաբերվում եմ հարգանքով: Քաղաքագիտական կրթություն չունեմ, հետևաբար նաև չունեմ վերլուծելու նկրտումներ, մանավանդ, որ դրա մասնագետները չափազանց շատ են, իմ միտքն այլ բանի մասին է. քսանինը տարի առաջ օպերայի շենքում մեր ինքնահավաք արտահերթ նիստն իր շատ համարձակ որոշմամբ, հետագա սոսկալի ճնշմամբ հենց այս օրն էր՝ նույն օրը, իր բոլոր անցանկալի պատկերներով, սթափ դատողություններով ու իրողություններով, բայց, այնուամենայնիվ, ականջի համար, իհարկե, ավելի հաճելի են «Եվրոպական գործընկերություն, պայմանագիր, Հայաստանի Հանրապետություն», քան «Գեներալ-մայոր, պարետ, արտակարգ դրություն» սոսկալի բառերը: Օրացույցի նույն օրը՝ քսանինը տարվա տարբերությամբ:

Լուսանկարը՝ Մայիս Վարդանյանի «Սկիզբ» գրքից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ