HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բարեփոխումների հակառակ էֆեկտը․ որակի սերտիֆիկատը դարձել է առեւտրի առարկա

Հայաստանի կառավարությունը փոխել է ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության մեթոդաբանությունը, սակայն դա չի նվազեցրել ոլորտում առկա ռիսկերը։

Մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսը, այսինքն՝ մինչեւ հայտնի «տեսչական բարեփոխումների» իրականացումը, Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությունը վերահսկողություն իրականացնում էր ուղիղ լաբորատոր փորձաքննության միջոցով։ Պետական մարմինը նմուշառում էր անում, նախաձեռնում լաբորատոր փորձաքննություն եւ խնդիրների դեպքում կիրառում սանկցիաներ։

Հավաստագրու՞մ, թե՞ առուտուր

Ապրիլից այս կողմ, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի տեսչական մարմին վերանվանված նույն կառույցը պարզապես իրականացնում է ապրանքի համապատասխանության սերտիֆիկատի առկայության ստուգում։ Եթե սերտիֆիկատ կա, ապա ենթադրվում է, որ ապրանքը որեւէ ռիսկ չի պարունակում, իսկ եթե տնտեսվարողի մոտ սերտիֆիկատը բացակայում է, ապա նա տուգանվում է եւ պարտավորվում տվյալ ապրանքը տանել փորձաքննության։

Սակայն, ապրանքների սերտիֆիկացման պրոցեսն ինքնին Հայաստանում առնվել է կասկածի տակ։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ սա առանձին վերահսկողության արժանի գործընթաց է։ Հաճախ սերտիֆիկատները տրվում են կասկածելի պայմաններում։ Օրինակ` Հայաստանում սննդի եւ ոչ պարենային ապրանքների սերտիֆիկատ ստանալու հայտի մերժում երբեւէ չի եղել, ինչը նշանակում է, որ մեր երկիր ներմուծված բոլոր ապրանքները ունեցել են պատշաճ որակ, ինչը պարզապես ֆանտաստիկայի ժանրից է։ Ընդ որում, լաբորատորիաները հիմնականում չեն էլ նշում, թե ինչի՞ հիման վրա է տրվել փաստաթուղթը, այսինքն` չկա համապատասխան արձանագրություն։

«Պետք է պարզել՝ այդ սերտիֆիկատները տրվել են կոռուպցիոն ճանապարհո՞վ, թե՞ պարզապես սխալի արդյունք են: Միգուցե խնդիրը պետք է ուսումնասիրեն իրավապահ մարմինները։ Խնդրահարույց են նաեւ ԵԱՏՄ երկրներում լիցենզավորված լաբորատորիաների կողմից տրված սերտիֆիկատները։ Մի կողմից կա սերտիֆիկատ, որը թվացյալ երաշխավորում է ապրանքի անվտանգությունը, մյուս կողմից` կան բազմաթիվ դեպքեր, երբ սերտիֆիկատն առկա է, սակայն ապրանքի վրա հայերեն մակնշումը բացակայում է։ Պետք է պարզել՝ սա արդյոք ձեւական սերտիֆիկացում է, թե ոչ»,-ասում է Բաբկեն Պիպոյանը։

Հայաստանում կան լաբորատորիաներ, որոնք ինքնարժեքից ցածր՝ 90 հազարի փոխարեն 60 հազար դրամով իրականացնում են փորձաքննություն եւ սերտիֆիկատ տրամադրում։ Եղել է դեպք, երբ նույն լաբորատորիան հանձնել է սերտիֆիկատ՝ իբր թե փորձաքննություն անելով համապատասխան ցուցանիշների համար, իսկ օրեր անց մեդիայի ներկայացուցիչներին ասել, որ տվյալ ցուցանիշների համար փորձաքննություն իրենք չեն կատարում։

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար Պիպոյանն առաջարկում է պետությանը պահանջել, որպեսզի սերտիֆիկացնող մարմինը ոչ թե զուտ փորձաքննության եզրակացություններն ուղարկի, այլ՝ դրա հիմքերը, որը պետք է տպվի հենց լաբորատոր սարքից։

2017թ․ հուլիս ամսվա դրությամբ սերտիֆիկացման դիմել է 23 կազմակերպություն` ստանալով 34 սերտիֆիկատ։ Սա այն դեպքում, երբ, ՊԵԿ տվյալներով, ավելի քան 100 ընկերություն խաղալիք է ներմուծել։ Փաստորեն, խաղալիքների հայկական շուկայում ներմուծումների ծավալն էականորեն տարբերվում է սերտիֆիկացման ծավալներից։

Էկոնոմիկայի եւ տնտեսական զարգացման նախարարության Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը վստահեցնում է՝ եթե լաբորատորիաներում նման խնդիրներ կան, եւ քաղաքացիական հասարակությունն այդ մասին կոնկրետ փաստեր ունի, ապա գրավոր դիմումի եւ փաստերի առկայության դեպքում Տեսչական մարմինը որեւէ մեկին անպատիժ չի թողնի։

Ներկեր ներմուծողներն իրենց ազատ են զգում

Խնդիրը վերաբերում է ոչ միայն խաղալիքների, այլ ընդհանրապես՝ ոչ պարենային ապրանքների շուկային։ Նախորդ տարի «Հետք»-ն անդրադարձել էր «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ կատարած ուսումնասիրությանը, որի արդյունքների համաձայն՝ հայկական շուկայում վաճառվող կենցաղային ներկերում ծանր մետաղների` միջազգային չափանիշները գերազանցող կոնցենտրացիաներ կան։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը վստահեցրել էր, թե 2017 թվականին կուսումնասիրեն ներկերի շուկան։ Տեսչական մարմնի՝ «Հետք»-ին տված տեղեկանքի համաձայն՝ ստուգումներ են իրականացվել ներմուծող 4 խոշոր ընկերություններում, նրանցից որեւէ մեկը չի ունեցել ապրանքի որակի համապատասխանության սերտիֆիկատ։ Այսինքն՝ իր ներկրած ապրանքը լաբորատոր փորձաքննության չի ենթարկել եւ չի պարզել, թե ինչ է վաճառում, ներկերը վտանգավո՞ր են մարդկանց առողջության համար, թե ոչ։

«Էքստերիեր գրուպ» շինանյութի մասնագիտացված խանութը ներկերը վաճառել է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի եւ հայերեն մակնշման։ Նույն խնդիրն է բացահայտվել «ԺՎ ընդ Ա» ՍՊԸ-ում, որն, օրինակ, 2016 թվականին ունեցել է ավելի քան 2 մլն դրամի հաշվեկշիռ։

«Շինթրեյդ» եւ «Ալեքս թրեյդ» ընկերություններում ապրանքներն իրացվել են առանց սերտիֆիկատի։

Մանիպուլյացիա՝ սերտիֆիկատով

Մեր նախորդ զրույցներից մեկում Լեւոն Խալիկյանը նշել էր, որ եթե սպառողները տնտեսվարողից պահանջեն տվյալ ապրանքի սերտիֆիկատ, ապա մեծապես օգնած կլինեն շուկայի կարգավորմանը։ Սակայն սերտիֆիկատով կարելի է նաեւ մանիպուլյացիա անել։ Օրինակ` գնորդը իքս խանութում պահանջում է որակի հավաստագիր, նրան ցույց են տալիս սերտիֆիկատ, որտեղ նշված է տվյալ ծագման երկրից ներկրված ինչ-որ խմբաքանակի սերտիֆիկատ։ Համոզված լինելու համար՝ արդյո՞ք գնվող ապրանքը այդ նույն խմբաքանակից է, գնորդը պետք է ուսումնասիրի տնտեսվարողի հաշվապահական թղթերը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, սակայն, որ բնակչությունը պատրաստ չէ բավարար չափով կանոններ թելադրելու շուկայում։ «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հասարակական կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն՝ բնակչության 41 տոկոսը խաղալիք ձեռք բերելիս ուշադրություն է դարձնում գնին, այսինքն` հասանելիությանը։ 38 տոկոսը կողմնորոշվում է արտաքին տեսքով, եւ միայն 6 տոկոսն է որակի համապատասխանության սերտիֆիկատ պահանջում։ Եվ ընդհանրապես, քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ միայն 10 տոկոսն է տեղյակ սերտիֆիկատ պահանջելու իր իրավունքներից։

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ ներկրվող ոչ պարենային ապրանքների փորձաքննությունը Հայաստանի սահմանն անցկացնելու պահին արդեն պետք է արված լինի։ Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ՝ ներկրվող ապրանքների սերտիֆիկացրած լինելը սահմանին չի ստուգվում։ Պետությունը դեռ մոտ 10 տարի առաջ որոշել էր տնտեսվարողների բեռը թեթեւացնելու համար այդ ողջ գործընթացն իրականացնել ներմուծումից հետո, շուկան վերահսկող պետական մարմնի միջոցով։

«Երբ ապրանքը տարածվեց երկրով մեկ, էլ ո՞վ է տերը։ Ինչպե՞ս են վերահսկելու։ Այդ գործը թողնել սպառողների վրա՝ նշանակում է տապալել խնդիրը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի եւ ՍԱՊԾ-ի աշխատելը հավասար է չաշխատելուն»,-ասում է Արմեն Պողոսյանը։

Սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպության նախագահը բացասական է գնահատում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լիազորությունների կրճատումը պետության կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter