ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Մոնթեն սովորեցրեց սիրել»․ այսօր Մոնթե Մելքոնյանի 60-ամյակն է



Այսօր՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների Ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ «Հետքը» զրուցել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար, Մոնթեի մարտական ընկեր Կարո Թովմասյանի հետ։ Մոնթեի ղեկավարած Մարտունու պաշտպանական շրջանի շուրջ մեկ տասնյակ գումարտակներից մեկի հրամանատարն էլ հենց Թովմասյանն է եղել, որը Մոնթեի հետ առաջին հանդիպման մասին ժպիտով է պատմում 

«Մոնթեի հետ ծանոթացել եմ 1992 թվականի փետրվարի 22-ին՝ Ճարտար գյուղում,  կրակակետերը ազատագրում էինք, օրվա երկրորդ կեսին, երբ արդեն առաջ էինք անցել, Մարտունի-Ֆիզուլի-Ճարտար խաչմերուկում հանդիպեցի Մոնթեին։ Տեսա մեկը, որը հետագայում պարզվեց Մոնթեն է(ծիծաղում է հեղ․), քարտեզը վերցրած տեղանքում կողմնորոշվում էր, մոտեցա իրեն, հարցրեցի՝ ի՞նչն է հետաքրքրում քեզ, հարցրեց՝ բա դու ով ես, ասացի, որ Ճարտարի ջոկատի տղաներից եմ։ Այդպես մի քանի հարցեր փոխանակեցինք ու ծանոթացանք»։ 

Մոնթեի՝ պահանջկոտ հրամանատար լինելու մասին փաստում են նրա հետ մարտական ճանապարհ անցածները, ընդ որում ոչ միայն զինվորականները։ 

«Խիստ էր, բայց արդարացի խիստ էր,  եթե խնդիր էր դնում, պետք է կատարեիր, այ որ չէիր կատարում, խստությունը ցույց էր տալիս, չեմ ասում ծեծ ու ջարդ էր անում, բայց բացատրելով, ջղայնանալով, էնքան էր բացատրում, որ դիմացինը հասկանա ու հաջորդ անդամ կատարի։ Մի անգամ առաջ էինք անցել, տանկերը հակառակորդի ականադաշտում էին հայտնվել, անելանելի վիճակ էր ստեղծվել, գնացի պարզեցի, թե ինչ է եղել, եկա զեկուցեցի իրեն։ Ասեցի տաս րոպե է պետք է, որ տղերքը կարողանան տանկը դաշտից հանել, ասեց՝ չեմ հավատում, ասեցի՝ դե եթե չես հավատում արի գրազ գանք։ Ասեց դե եթե դուրս չգա, գլուխդ կկտրեմ, ժամը պահեցինք, տաս րոպեի ընթացքում տանկը տեղից շարժվեց, ասեցի նայի, տես գնում է  տանկը, ասեց՝ դու քո գլուխը փրկեցիր»։

Թովմասյանը պատմում է՝ Մոնթեի շնորհիվ կռվի դաշտում ոչ միայն ռազմական հմտություններ են ձեռք բերել, այլև մարդկային բազմաթիվ որակներ են փոխանցվել։

«Մենք արդեն հասուն մարդիկ էինք, բայց նա հասցրեց մեզ էլ դաստիարակել, իր որակները մեզ փոխանցեց։ Սովորեցրեց ավելի շատ լինել հայրենասեր, սովորեցրեց մարդկանց սիրել, և ոչ միայն մարդկանց, նա առհասարակ սովորեցրեց սիրել։ Շրջապատի նկատմամբ միշտ ուշադիր էր, գեղեցիկն աչքից չէր վրիպում։

Վաղ գարուն էր, գնում էր դիրքերը ստուգելու,  դեռ չհասած զինվորների մոտ կանգնեց ու նայում էր դաշտերին, ասեց՝ ինչ սիրուն դիրքեր ունեք, մտածեցի՝ վերջապես դիրքերից գոհ մնաց, ասեցի՝ դե աշխատում էինք էլի Ավո ջան, ասեց դիրքերը նկատի չունեմ, այլ՝ դաշտը, ծաղիկները»։

Հրամանատարի բացասական հատկանիշների մասին Թովմասյանը չցանկացավ խոսել՝ վստահեցնելով, թե բացասական հատկանիշ չուներ, միայն որպես այդպիսին մեկը կարողացավ առանձնացնել․

«Երևի թե իր բացասական հատկանիշն էն էր, որ ընտանեկան կյանքն իր մոտ երկրորդ պլան էր մղված, իր անձնականի մասին շատ չէր մտածում, արտասահմանից ժամանած իր ընկերներից էլ ոչինչ չէր պահանջում, մենակ էն էր ուզում, ինչ զինվորին պետք էր մարտի դաշտում օգտագործելու համար»։

Ավոյի գործը շարունակողներ կան, վստահեցնում է մեր զրուցակիցը, ու որպես օրինակ մատնանշում ապրիլյան պատերազմն ու հերոսական տղաներին, Արցախի տարբեր զորամասերում այսօր արդեն իսկ հրամանատարներ դարձած զինվորականներին, որոնք տարիներ առաջ Մոնթեի զինվորներն էին, ու հավելում, որ բոլորն էլ փորձում են Մոնթեի նման ազնիվ լինել։ 

Միացյալ Նահանգներում ծնված Մոնթեին Մարտունիում համարում են մարտունեցի․այսօր՝ նոյեմբերի 25-ին, հրամանատար Ավոյի ծննդյան 60-ամյակի առթիվ Մարտունիում տոնական միջոցառումներ են լինելու։ 

Լուսանկարում՝ Մոնթեն և Կարո Թովմասյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ