
Սամվել Կարապետյանը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի նավթի և գազի պաշարները
Այս տարվա հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն ՀՀ տարածքի 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել:
«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: ՀՀ ԱՆ իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը: Սակայն ընկերության կայքում այն լիովին բացված է: Այսպիսով, «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:
Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում է, մասնավորապես Սամվել Կարապետյանի և նրա զավակների:
Կարապետյաններն ընդլայնել են բիզնեսի սահմանները
Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Սամվել Կարապետյանն ընդլայնել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում՝ վերցնելով նաև խոշոր հէկերը: «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016 թվականի հոկտեմբերից ձեռք է բերել նաև հայտնի «Ձորագետ հէկ»-ը շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը:
«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաև այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը 90 % մասնակցություն ունի 530 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում, որը, համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների, էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:
Ուշագրավն այն է, որ այս ընկերությունում 5 % բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սևակ Լալայանի կինը՝ Նարինե Սուվարյանը: Հիշեցնենք՝ Սևակ Լալայանը մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից:
Որտեղ է նավթ և գազ որոնելու Սամվել Կարապետյանը
1-ին և 3-րդ ենթաբլոկներն ընդգրկում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը: Մասնավորապես, Շիրակի մարզի ազդակիր համայնքներն են Ամասիան, Մարմաշենը, Ոսկեհասկը, Հայկավանը, Կապսը և Առափին: Լոռու մարզում ուսումնասիրություններն առնչվելու են Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արևաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներին: Տավուշի մարզում ընդգրկված կլինեն Դիլիջան (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջևան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքները:
Ուսումնասիրությունների 1-ին պայմանական տարածքը հատման կետեր ունի հայ-թուրքական և հայ-վրացական սահմանների հետ: 3-րդը՝ հայ-վրացա-ադրբեջանական սահմանների հետ:
Նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով նախատեսվում է իրականացնել նախնական առանձնացված 5 տեղամասերի 700 կմ2 տարածքում սեյսմահետախուզական դաշտային աշխատանքներ` Սեյսմիկ լոկացիոն կողային դիտարկման մեթոդով, իսկ դրանց ավարտից և ստացված տվյալների ամփոփումից հետո՝ դրական արդյունքների դեպքում, նախատեսվելու է համապատասխան խորությամբ հորատել որոնողահետախուզական հորատանցք:
Ուսումնասիրության համար նախատեսված տարածքները համընկնում են Հայկական լեռնաշխարհի և Կենտրոնական Կովկասի ֆլորիստական նահանգների հետ: Այստեղ են գտնվում մի շարք հատուկ պահպանվող տարածքներ, մասնավորապես՝ Արփի լիճ և Դիլիջան ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը:
Անտառային հատվածը եզրագծված է կանաչով
Բնապահպանական փորձաքննության համար ներկայացված նախագծում նշվում է, որ քանի որ նախատեսված աշխատանքներն իրականացվելու են կողմնային տեսադաշտի սեյսմիկ լոկացիայի մեթոդով, բնապահպանական տեսակետից այն կարելի է համարել իննովացիոն առաջխաղացում, քանզի երկրաբանական ուսումնասիրություններն այդ մեթոդով որևիցե բացասական ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա չեն առաջացնում:
«Տվյալ մեթոդի պարագայում գրգռման աղբյուրն ալիքային բնույթի է: Աշխատանքների տեխնոլոգիան բացառում է ցանկացած ազդեցություն հողային ծածկույթի վրա և ընտրվել է հողաբուսական ծածկույթում բնական գործընթացների հավասարակշռության խախտումը բացառելու նպատակով: Տվյալ մեթոդը թույլ է տալիս կատարել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ անտառածածկ տարածքներում առանց հատումներ կատարելու»,- նշվում է «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծում:
Համաձայն նախագծի, յուրաքանչյուր 1կմ2 մակերես ուսումնասիրության համար անհրաժեշտ է 125 հազար ռուսական ռուբլուն համարժեք դրամ (2145 դոլար), իսկ ծրագրով նախատեսված է, որ 800 կմ2 մակերեսով տարածքն ուսումնասիրելու համար կպահանջվի 100 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ:
Երկրաբանական ուսումնասիրությունները կկատարվեն Ռուսաստանի Դաշնության «Գեոիմպուլս» Տեխնիկական կենտրոն ՍՊԸ-ի կողմից պայմանագրային հիմունքներով ընկերության տեխնիկական միջոցների և ինժեներատեխնիկական անձնակազմի միջոցով: Ընկերությունն իր վրա պարտավորություն է վերցրել իրականացնել հայ մասնագետների ուսուցման և առաջավոր կրթության ծրագրերը:
Ընկերությունը պարտավորվել է նաև պայմանագրի գործելու ժամանակահատվածում ծախսել տարեկան՝ երկրաբանական ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածի համար 150.0 հազար դրամ, արդյունահանման համար` 300.0 հազար դրամ: Իսկ ժամանակահատվածը 2017-2020 թվականներն են:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, Տավուշի մարզպետարանի շենքում տեղի կունենան նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:
Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ հայտն է լինելու, որը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի տարածքում եղած նավթի և գազի պաշարների նկատմամբ:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել