HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի նավթի և գազի պաշարները

Այս տարվա հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն ՀՀ տարածքի 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել: 

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: ՀՀ ԱՆ իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը: Սակայն ընկերության կայքում այն լիովին բացված է: Այսպիսով,  «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազՋԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում է, մասնավորապես Սամվել Կարապետյանի և նրա զավակների:

 Կարապետյաններն ընդլայնել են բիզնեսի սահմանները

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Սամվել Կարապետյանն ընդլայնել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում՝ վերցնելով նաև խոշոր հէկերը: «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016 թվականի հոկտեմբերից ձեռք է բերել նաև հայտնի «Ձորագետ հէկ»-ը շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը:

«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաև այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը 90 % մասնակցություն ունի 530 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում, որը, համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների, էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Ուշագրավն այն է, որ այս ընկերությունում 5 % բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սևակ Լալայանի կինը՝ Նարինե Սուվարյանը: Հիշեցնենք՝ Սևակ Լալայանը մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից:

Որտեղ է նավթ և գազ որոնելու Սամվել Կարապետյանը

1-ին և 3-րդ ենթաբլոկներն ընդգրկում են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը: Մասնավորապես, Շիրակի մարզի ազդակիր համայնքներն են Ամասիան, Մարմաշենը, Ոսկեհասկը, Հայկավանը, Կապսը և Առափին: Լոռու մարզում ուսումնասիրություններն առնչվելու են Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արևաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներին: Տավուշի մարզում ընդգրկված կլինեն Դիլիջան (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջևան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքները:

Ուսումնասիրությունների 1-ին պայմանական տարածքը հատման կետեր ունի հայ-թուրքական և հայ-վրացական սահմանների հետ: 3-րդը՝ հայ-վրացա-ադրբեջանական սահմանների հետ:

Նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով նախատեսվում է իրականացնել  նախնական առանձնացված 5 տեղամասերի 700 կմ2 տարածքում սեյսմահետախուզական դաշտային աշխատանքներ` Սեյսմիկ լոկացիոն կողային դիտարկման մեթոդով, իսկ դրանց ավարտից և ստացված տվյալների ամփոփումից հետո՝  դրական արդյունքների դեպքում, նախատեսվելու է համապատասխան խորությամբ հորատել որոնողահետախուզական հորատանցք:

Ուսումնասիրության համար նախատեսված տարածքները համընկնում են Հայկական լեռնաշխարհի և Կենտրոնական Կովկասի ֆլորիստական նահանգների հետ:  Այստեղ են գտնվում մի շարք հատուկ պահպանվող տարածքներ, մասնավորապես՝ Արփի լիճ և Դիլիջան ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը:

Անտառային հատվածը եզրագծված է կանաչով

Բնապահպանական փորձաքննության համար ներկայացված նախագծում նշվում է, որ քանի որ նախատեսված աշխատանքներն իրականացվելու են կողմնային տեսադաշտի սեյսմիկ լոկացիայի մեթոդով, բնապահպանական տեսակետից այն կարելի է համարել իննովացիոն առաջխաղացում, քանզի երկրաբանական ուսումնասիրություններն այդ մեթոդով որևիցե բացասական ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա չեն առաջացնում:

«Տվյալ մեթոդի պարագայում գրգռման աղբյուրն ալիքային բնույթի է: Աշխատանքների տեխնոլոգիան բացառում է ցանկացած ազդեցություն հողային ծածկույթի վրա և ընտրվել է հողաբուսական ծածկույթում բնական գործընթացների հավասարակշռության խախտումը բացառելու նպատակով: Տվյալ մեթոդը թույլ է տալիս կատարել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ անտառածածկ տարածքներում առանց հատումներ կատարելու»,- նշվում է «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծում:

Համաձայն նախագծի, յուրաքանչյուր 1կմ2 մակերես ուսումնասիրության համար անհրաժեշտ է 125 հազար ռուսական ռուբլուն համարժեք դրամ (2145 դոլար), իսկ ծրագրով նախատեսված է, որ 800 կմ2  մակերեսով տարածքն ուսումնասիրելու համար կպահանջվի 100 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ:

Երկրաբանական ուսումնասիրությունները կկատարվեն Ռուսաստանի Դաշնության «Գեոիմպուլս» Տեխնիկական կենտրոն ՍՊԸ-ի կողմից պայմանագրային հիմունքներով ընկերության տեխնիկական միջոցների և ինժեներատեխնիկական անձնակազմի միջոցով: Ընկերությունն իր վրա  պարտավորություն է վերցրել իրականացնել հայ մասնագետների ուսուցման  և առաջավոր կրթության ծրագրերը:

Ընկերությունը պարտավորվել է նաև պայմանագրի գործելու ժամանակահատվածում ծախսել տարեկան՝ երկրաբանական ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածի համար 150.0  հազար դրամ, արդյունահանման համար` 300.0 հազար դրամ: Իսկ ժամանակահատվածը 2017-2020 թվականներն են:

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11.00-ին, Տավուշի մարզպետարանի շենքում տեղի կունենան նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:

Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ հայտն է լինելու, որը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի տարածքում եղած նավթի և գազի պաշարների նկատմամբ:  

Մեկնաբանություններ (7)

Լուսիկ
Նաֆտի պաշարներով հարուստ Սաուդյան Արաբաիան պլանավորել է 2030թ անցնել 100% էկոլոգիան պահպանող արևաին էներգիայի արտադրությանը, որը նաև կարտահանվի, իսկ Սամվել Կարապետյանը ուզում է գտնել նաֆտ, գազ: Իհարկե, նաֆտ, գազ կարելի է գտնել Հայաստանում դժվար հասանելի խորության տակ, ինչի պատճառով ոսկու գին կունենան: Ի՞նչու, երբ աշխարհը զարգանում է այլ ուղղությամբ: Համոզված եմ, որ ոչ հեռու ապագայում Իլոն Մասկի նման հանճարները զարմանալի լուծումներ կառաջարկեն էներգետիկ ոլորտում. գազի, նաֆտի դարը մոտենում է ավարտին:
Garbis Korajian
Armenia like any successful country has to diversify its economy. We can no longer sit down without doing anything and criticize the poor economic realities of Armenia. A country's economy depends on the extraction of its natural resources, trade, agriculture, modern computer related technology, industries, factories and the like. So far, Armenia has failed to attract foreign direct investment (FDI) at a rate where it can make an impact on its economy and improve the standard of living for its citizens. So long that these activities are done in a responsible and legal manner, we should not complain. Such investments will bring the needed resources and create economic prosperity. Investers like Mr. Samvel Karapetyan should be welcomed in Armenia with open arms.
Նելսոն
Նշված բլոկներից 1,3,4և5 իրենց ըրկրաբանական կառւցվածքով հեչ բարենպաստ չեն նավթի կամ գազի կուտակման համար :1,Ամասիաճի բլոկ դա Սևանա -Ամասիայի խորքային բեկվածքի, օֆիոլիտային գոտու հյուսիսային թևն է արտահայտված հրաբխային , հրաբխանստվածքային և ուլտրահիմքային ապառներով այնտեղ նավթ չի կարողլինել 3.Լոռի Տաուշ հայտնի է հրաբխածին ապառներով և ինտրուզիվ ապառների լայն տարածումով 4և5 բլոկները դա ընդգրկում է Վարդենիս- Ջերմուկ և Զանգեզուր հրաբխատեկտոնական մարզերը հայտնի ինտրուզիվ և հրաբխածին ապառների տարածումով և մետաղածին խոշոր հանքայնացումով :Ցույց տվեք աշխարհում մի երկիր որտեղ նավթը հայտնաբերել են ոսկու կամ մոլիբդենի հանքերի դաշտում :Նավթի հետախուզումը ԽՍՀՄ ը կատարել է Գառնի -Արարատյան դաշտ և Արմավիր տարածքներում ոչթե Զանգեզուրում կամ Սևանում :Եթե ուշադիր նայեք ապա այդ սեյսմիկան կատարվելու է ՀՀ տեկտոնական կառուցվածքի բլոկները եզրագծող բեկվածքների տարածմամբ :Դա արվում է 1988 թվականին փորձարկված ավերիչ երկրաշարժի տվյալների վերջնական մոդելավորման հաամար :Նավթի որոնման ավելի կատարելագործված և տիէզերագիտական մէթոդներ կան :Հետաքրքիր նա է որ երբ մարդիք ուզում են որևից է մի տեղամասում երկրաբանական որոնումներ անել քայլելով կամ մի երկու հորատանցք հորատելով ամբողջ բնապահապանության նախարարությունը սկսում է ոռնալ ու իր հետ ոռնացնել շրջակա գյուղերի բնակչությանը սուտ լուրեր տարածելով ,քաղցկեղով ու չբերությունով վախէցնելով :Մի խոսքով Սեյսմիկան արվում է մտածված ձևուվ 1988 թվականի արհեստածին երճրաշարժի տվյալները իմի բերելու ,թվայնացնելու և մոդելավորելու համար ....
Ալեքանդր
Ընկերությունը պարտավորվել է նաև պայամանգրի գործելու ժամանակահատվածում ծախսել տարեկան՝ երկրաբանական ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածի համար 150.0 հազար դրամ, արդյունահանման համար` 300.0 հազար դրամ: Կարծում եմ նշված թվերը շատ փոքր են , երեւի հազարը պետք է միլիոն լինի:
Հայկ
Սամվել Կարապետյանը թող գնա իրենց՝ Ռուսաստանի անմարդաբնակ տայգաներում նավթ ու գազ որոնի։ Երևի այնտեղ այլևս թալանելու բան չի մնացել, կենտրոնացել է մեր երկրի վրա։
Լևոն
Անընդհատ Ննրանոր դեմքեր են հայտնվում Հայաստանի ընդերքը քանդել ցանկացողների շարքերում։ Դանակներով հարձակվել են մեր բնաշխարհի վրա ու խոցոտում են չորս կողմից։
Վաչե
Այս ձեռնարկը կարծում եմ հերթական ավանդյուրա է, որը ավելի շատ քաղաքական նպատակներ է հետապնդում, քան գիտահետազոտական կամ տնտեսական։ Սա մի միջոցառում է ,որի արդյունքում ապահովվում է ռուսական ևս մեկ կազմակերպության ներթափանցումը Հայաստան։ Խիստ կասկածելի է, նրանց նավթն ու գազն է հետաքրքրում, թե մեկ այլ բան։ Ցանկացած երկրաֆիզիկական ուսումնասիրություն կատարվում է որոշակի սեյսմոլոգիական պրոֆիլների միջոցով , որոնք ծածկում են ուսումնասիրվող տարածքը։ Պրոֆիլներն հետաղոտելու համար պարտադիր պետք անցնեն ծանր սեյսմո֊տեխնիկական միջոցներ, որոն չեն կարող չվնասել շրջակա միջավայրին։ Իսկ եթե հարգարժան հեղինակը գրում է, որ նշված հետզոտությունները անվնաս են բնությանը ապա նա անուղակիորեն հաստատում է մեր կասկածները, այն մասին, որ նման հետազոտույունների ծրագիր չկա, տվալ ձեռնարկը որևե կապ չունի նավթ ու գազի որոնողական աշխատանքների հետ։ Դա Հայաստանը ռուսիֆիկացնելու ծրագրի բաղադրիչներից մեկն է, որն ուղեկցվելու է նաև փողերի լվացումով և այլ հակահայկական գործողություններով։ Տարօրինակն այն, որ լռում են հանրաճանաչ հայ երկրաբաններն ու երկրաֆիզիկոսները, ովքեր քաջատեղյակ են նման տխրահռչակ մի քանի ձեռնարկների։ ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter