HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ»․ ցուցահանդես՝ նվիրված արվեստագետի 120-ամյակին

Երեկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցահանդեսը (այս տարի նկարիչի 120-ամյակն է)։ Պատկերագրքում զետեղված տեքստում կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշում է․ «Գաֆէսճեան  արվեստի կենտրոնն արժանի անդրադարձ է կատարում արվեստագետի անցած ճանապարհին՝ նոր միջավայրում եւ նոր լույսի ներքո ներկայացնելով վարպետի ստեղծագործությունները։ Կատարման եզակի ոճով ստեղված նմուշներն արտահայտում են արվեստագետի գոյաբանական մոտեցումները, մարդկային հոգու բացառիկ խորը ընկալումն ու զգացմունքների ազնիվ եւ ինքնատիպ վերարտադրումը»։

Գեւորգ Գրիգորյանի ստեղծագործությունները մինչ այս էլ կարելի էր տեսնել Հայաստանի Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությանը, ինչպես նաեւ Երեւանում գտնվող նրա արվեստանոց-թանգարանում։ Այնուամենայնիվ, նման հետահայաց ցուցադրությունները հնարավորություն են տալիս մեկտեղելու հատկանշական ժառանգություն թողած նկարիչի տարբեր տարիների ստեղծագործությունները, եւ միջավայրային այլ կոնտեքստում արվեստագետների եւ արվեստասերների համար հանդիպման եւս մեկ առիթ է։

«Ջոտտո» անվան պատմության վարկածները

«Ջոտտո» կեղծանվան ծագման մի քանի վարկած կա, որոնցից մեկի համաձայն Գեւորգ Գրիգորյանին այդպես է անվանել Երվանդ Քոչարը՝ նրա ստեղծագործություններում տեսնելով իտալական վաղ վերածննդի վարպետ Ջոտտո դի Բոնդոնեի ոգին։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը Գեւորգ Գրիգորյանի մարմինը նմանեցրել է Ջոտտոյի պատկերած Քրիստոսի մարմնին՝ այդպիսով նրան անվանելով Ջոտտո Գեորգիյ։ Մի առիթով ինքը՝ Գեւորգ Գրիգորյանն ասել է, որ Ջոտտոյին համարում է իր մեծագույն ուսուցիչներից, եւ պատմել, որ հերթական ցուցադրության ժամանակ իր ինքնադիմանկարն անգամ նմանեցրել են Ջոտտոյին, ինչից հետո նկարիչ-ընկերները իրեն սկսել են այդպես անվանել։

Հատկանշական փաստեր

Գեւորգ Գրգորյանը ծնվել է Թիֆլիսում, մահացել՝ Երեւանում։

Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության եւ քանդակագործության դպրոցում, որտեղ նրա ուսուցիչն է եղել գեղանկարիչ Եղիշե Թադեւոսյանը, ինչպես նաեւ ռուս նկարիչներ Բորիս Ֆոգելը եւ Օսկար Շմերլինգը։

1930-ականների երկրորդ կեսից մինչեւ 1950-ականների վերջ Գեւորգ Գրիգորյանը համեմատաբար քիչ է ստեղծագործել։ Նա տարիներ շարունակ հեռացված էր Վրաստանի նկարիչների միությունից «ոչ լավատեսական», «հեղափոխական հոգուն չհապատասխանող», «դրամատիկ տրամադրություններ» հաղորդող աշխատանքների պատճառով։

1977թ․-ին Երեւանում մի խումբ արվեստագետների եւ Գեւորգ Գրիգորյանի այրու՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ հիմնադրվել է Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանը։

Ստեղծագործական բուռն շրջանը համընկնում է կնոջ՝ Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի Երեւան տեղափոխվելու հետ (1962թ․)։

Ջոտտոյի նկարների մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ՝ Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով եւ կառուցվածքով։

Հետգրություն

Ցուցահանդեսը կտեւի մինչ  2018թ․-ի փետրվարի 25-ը։ Նկարիչի 120-ամյակի առիթով լույս է տեսել ցուցահանդեսի համանուն երկլեզու պատկերագիրքը (թարգմանությունը՝ Արծվի Բախչինյանի)։ Ընդգրկված լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Ռուբեն Մարտիրոսյանի, արխիվային լուսանկարները տրամարդվել են արվեստանոց-թանգարանից։

Պատկերագիրքը կազմել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։ Պատկերագրքի ձեւավորումը՝ Էդիկ Պողոսյանի։

Գլխավոր լուսանկարում՝ Գեւորգ (Ջոտտո) Գրիգորյանը`կից վերջին ինքնադիմանկարը (1970թ)։ Լուսանկարներում՝ ցուցադադրված ստեղծագործությունների կադրեր եւ դրվագներ կտավներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter