HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի եզրափակիչ մրցափուլի փոխչեմպիոն

Իսպանական Պալմա դե Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի եզրափակիչ՝ 4-րդ մրցափուլը, որին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով, 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ բաժանեց մրցաշարային աղյուսակի 1-2-րդ հորիզոնականները, սակայն թայ-բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ռուս շախմատիստը:

Իրենց մոտակա հետապնդողներին Արոնյանն ու Յակովենկոն գերազանցեցին 0,5 միավորով: Միանգամից 7 շախմատիստ վաստակեց 5 միավոր՝ բաժանելով 3-9-րդ հորիզոնականները: Առաջնությանը մասնակցում էր 18 գրոսմայստեր, որոնցից յուրաքանչյուրը անցկացրեց դասական շախմատի 9 պարտիա:

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի միջնամասում ամերիկացի շախմատիստը զգալի առավելություն ուներ Արոնյանի նկատմամբ, սակայն վերջինս կարողացավ դուրս գալ բարդ իրավիճակից և ոչ-ոքի ավարտել պարտիան:

Հարկ է նշել, որ արդեն իսկ 4-րդ տուրից սկսած Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Եվ եթե վերջին տուրում Դմիտրի Յակովենկոն չկարողանար հաղթել Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ապա Արոնյանը կճանաչվեր մրցաշարի միանձնյա հաղթող: Ընդհանուր հաշվով, հայկական շախմատի առաջատարը 9 պարտիաներից հաղթեց 2-ում, մյուս 7 պարտիաներում նա միավորը կիսեց մրցակիցների հետ:

«Գրան Պրի» շարքի վերջին մրցափուլի մրցանակային ֆոնդը, ինչպես և նախորդ մրցափուլերում, կազմում էր 130 հազար եվրո, որից 15 հազարը բաժին կհասնի Լևոն Արոնյանին:

ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքը անցկացվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու մասնակցի որոշելու համար: Շարքի 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները մրցաշարի ուղեգրեր են նվաճում: «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ռուս Ալեքսանդր Գրիշչյուկը: Հենց նշված երկու շախմատիստներն էլ իրավունք ստացան մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:

Մինչ այս հավակնորդների մրցաշարի ուղեգրեր էին նվաճել նաև ռուս գրոսմայստերներ Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը, ամերիկացիներ Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան, ինչպես նաև աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներ Դին Լիրենը և Լևոն Արոնյանը:

Լուսանկարը՝ worldchess.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter