Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

«Ավելի լավ է` մեկ միլիոն ընթերցողներ տան մեկական դոլար, քան մի հարուստ կազմակերպություն` մեկ միլիոն դոլար»



Մարինա Ուոլքեր-Գեվարան (Marina Walker-Guevara) «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի (ICIJ) փոխտնօրենն է:

Կոնսորցիումը վերջերս հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած հետաքննությունը, որի հիմքում օֆշորային ներդրումների վերաբերող 13,4 մլն գաղտնի էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք փոխանցվել էին «Զյուդդոյչե Ցայտունգ» (Süddeutsche Zeitung) թերթին: Վերջինս կիսվեց դրանցով «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի և 380-ից ավելի լրագրողների մի ցանցի հետ:

Մարինա Ուոլքեր-Գեվարայի հետ զրուցել ենք Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում կայացած «Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանս»-ի ժամանակ:

Ծնունդով արգենտինացի Ուոլքեր-Գեվարայի հետաքննություններն արժանացել են 40-ից ավելի տեղական և միջազգային լրագրողական մրցանակների (մի մասը՝ համատեղությամբ), այդ թվում՝ Պուլիցերյան մրցանակի:

Մարինա, նկատել եմ, որ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը վերջերս հանրային դրամահավաք է սկսել: Դուք նաև պարբերաբար էլեկտրոնային նամակ եք ուղարկում ձեր ընթերցողներին, որ աջակցեն կոնսորցիումին: Ինքնաֆինանսավորման այս մոդելն արդյունավե՞տ է:

- Մեր ֆինանսավորման մեծ մասը դեռևս գալիս է հիմնադրամներից և մի քանի հարուստ անհատներից, բայց հիմնականում՝ ավանդական հիմնադրամներից, ինչպիսիք են Ford հիմնադրամը կամ Բաց հասարակության հիմնադրամը: Բայց մենք աստիճանաբար փորձում ենք ստեղծել անդամակցության մի մոդել, երբ կարող ենք գումար հավաքել պարզապես սովորական քաղաքացիներից, ովքեր գնահատում են մեր աշխատանքը: Դա շատ ավելի լավ մոդել է մեզ համար, և չնայած մենք շատ անկախ ենք մեզ ֆինանսավորողներից, այնուամենայնիվ ավելի լավ է ունենալ մեկ միլիոն ընթերցողներ, ովքեր կտան մեկական դոլար, քան մի հարուստ կազմակերպությունը, որը մեզ կտա մեկ միլիոն դոլար:

Իսկ մարդիկ, նկատի ունեմ սովորական ընթերցողները, ֆինանսապես ձեզ աջակցո՞ւմ են:

- Այո, աջակցում են: Օրինակ, «Պանամական փաստաթղթերի» մասին հրապարակման առաջին օրերին հավաքեցինք մոտ 30 հազար դոլար: Նրանց թվում բազմաթիվ նոր դոնորներ էին, որ մինչ այդ երբեք չէին աջակցել ICIJ-ին, իսկ այդ ժամանակ աջակցում էին, եթե նույնիսկ` հինգ, տասը կամ հիսուն դոլարով: Նրանք մարդիկ են, որ հավանաբար կվերադառնան և կաջակցեն մեզ կրկին: Մենք աշխատում են կապեր հաստատել նրանց հետ: Եթե, օրինակ, այցելելու ենք Նյու Յորք, նայում ենք մեր տվյալների բազային՝ պարզելու, թե ովքեր են աջակցում մեզ Նյու Յորքից, որպեսզի հանդիպենք նրանց: Հնարավոր է` զանգենք դոնորներից մի քանիսին, ոչ անպայման նրանց, ովքեր մեծ գումարներով են աջակցել, այլ մեկին, ով ֆինանսավորել է մեզ հարյուր կամ երկու հարյուր դոլարով: Մենք առաջարկում ենք հանդիպել, մի բաժակ սուրճ խմել և ավելին պատմել ICIJ-ի մասին: Մենք կապեր ենք ստեղծում նրանց հետ:

Այժմ ձեր ֆինանսավորման քանի՞ տոկոսն են ապահովում հենց սովորական ընթերցողները:

- Այս պահին մենք դեռ նոր սկսել ենք, և դա հավանաբար գուցե 5%-ն է: Մի քանի հարուստ անհատներ կան, ովքեր զգալի գումարներ են նվիրաբերել մեր կազմակերպությանը: Եթե նրանց էլ հաշվենք, կարող ենք ասել` 12-15%-ը, իսկ եթե միայն փոքր աջակցությունները, ապա մոտավորապես 5%-ը. հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ:

Իսկ այդ նվիրատուները, ովքեր զգալի աջակցություն են ցուցաբերում ձեր կազմակերպությանը, հետո չե՞ն փորձում միջամտել ձեր աշխատանքին:

- Ոչ, երբ նրանք գումար են նվիրաբերում ICIJ-ին, նրանք հենց սկզբից գիտեն, որ հասանելիություն չեն ունենալու որևէ ինֆորմացիայի: Նրանք թույլտվություն չունեն ազդել որևէ մեկի վրա, մենք նրանց հետ չենք խոսում մեր լրագրողական նյութերի մասին: Մենք չենք ընդունում նվիրատվությունները, որոնք ուղղված են ինչ-որ բանի: Ընդունում ենք միայն նրանք, որոնց կարելի է անվանել «ընդհանուր աջակցություն», այսինքն` դա գումար է, որը մենք կարող ենք ծախսել այնպես, ինչպես որ տեղին ենք համարում: Այնպես որ ոչ մի անհատ չի գալիս մեզ մոտ և, օրինակ, ասում` ես ձեզ գումար եմ տալիս Չիկագոյի այս հիվանդանոցը հետաքննելու համար: Եվ եթե ինչ-որ մեկն ասում է դա, մենք հրաժարվում ենք գումարից: Պարզապես ասում ենք` շնորհակալություն, մենք գնահատում ենք, որ ձեզ դուր է գալիս ICIJ-ի աշխատանքը, բայց մենք վճարովի ծառայություններ չենք մատուցում, և եթե ցանկանում եք աջակցել, պարզապես տվեք գումարը, իսկ մենք կօգտագործենք այն, ինչպես տեղին համարենք: Մենք իսկապես թափանցիկ ենք մեր կայքում, մեր նյութերում, այն հարցում, թե ինչպես ենք ծախսում մեր գումարները:

Առևտրային ընկերությունները նույնպե՞ս հետաքրքրված են ձեր աշխատանքով: Նրանք է՞լ են ֆինանսապես աջակցում ձեզ:

- Ոչ, մենք նրանց աջակցությանն առանձնապես չենք ապավինում: Օրինակ` ես չեմ զանգում Կոկա-Կոլա ընկերությանը` նրանցից գումար ստանալու ակնկալիքով: Դրանք նաև այն ընկերություններ են, որոնց մենք հետաքննում ենք, ուրեմն ինչո՞ւ պետք է ցանկանանք շահերի բախում առաջացնել:

Հնարավոր է՝ լինեն ընկերություններ, որոնց աջակցությունն ընդունենք` որևէ թրեյնինգի, ճանապարհորդության կամ այլ նպատակով: Բայց մինչ այժմ չի եղել մի մասնավոր ընկերություն, որը մեզ գումար տա: Երբեմն նրանցից ընդունում ենք այսպիսի աջակցություն. օրինակ՝ մի ընկերություն կա, որ համակարգչային ծրագիր է ստեղծել, որը մենք օգտագործում ենք մեր հետաքննությունների համար: Նրանք մեզ անվճար տրամադրում են այդ ծրագիրը, և վերջերս ֆինանսավորել են նաև մի տեխնոլոգի, որ գա և բարելավի մեր լուսաբանումները, տվյալների վերլուծությունը: Սա մի տարբերակ է, երբ կորպորատիվ ընկերությունն աջակցում է մեզ՝ առանց որևէ ազդեցության՝ մեր աշխատանքի վրա:

Սովորական ընթերցողների աջակցությունն աճո՞ւմ է այնպիսի հայտնի հետաքննություններից հետո, ինչպիսիք են «Պանամական փաստաթղթերը» կամ «Դրախտային փաստաթղթերը»:

- Այո, մենք միշտ նկատում ենք սովորական քաղաքացիների աջակցության ավելացում: Պանամական փաստաթղթերի հրապարակումից հետո դա շատ նկատելի էր, և նորից շատ ակնհայտ է այժմ՝ Դրախտային փաստաթղթերից հետո: Շատերն ավելին են անում, գումար են նվիրաբերում, հետո Թվիթերում գրառում են անում՝ «Հենց նոր նվիրաբերեցի ICIJ-ին, որովհետև հավատում եմ նրանց աշխատանքին, հետևեք ինձ», կամ նման մի բան… Նրանք հրապարակում են դա, նրանք հպարտ են, որ դա անում են, նրանք մարդիկ են, որ շատ լքված են զգում իրենց ընտրած պաշտոնյաների կողմից, նրանց թվում է, որ գումար նվիրաբերելով` իրենք դեմ են դուրս գալիս ինչ-որ մեկին. ICIJ-ի նման մեդիա ընկերությունները նրանց հույս են տալիս:

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում յուրաքանչյուր ներդրմանը: Երբեմն մտածում եմ` մարդկանց ինչին է պետք անել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մեկ դոլար նվիրաբերելու համար, բայց այդ մարդիկ ամենաթանկն են մեզ համար. նրանք պետք է որ լինեն ուսուցիչներ, վարորդներ, որոնք բառացիորեն միայն մեկ դոլար կարող են նվիրաբերել:

- Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսները օգնո՞ւմ են ձեզ ընդլայնել գործընկերների ցանցը:

- Դրանք իսկապես կարևոր են, այստեղ հավաքված մարդիկ չորս անգամ ավելի շատ են, քան մեզ հետ համագործակցող լրագրողները, այնպես որ մենք միշտ գտնում ենք նոր գործընկերներ, սովորում ենք նրանցից, հրավիրվում ենք մասնակցել տարբեր նախագծերի: Երբեք բաց չենք թողնում այս կոնֆերանսը, որովհետև շատ համագործակցություններ են սկիզբ առնում:

- Մարինա, կարո՞ղ ենք ասել, որ փաստաթղթերը, որոնք ձեր կազմակերպությունը հրապարակում է, ձեռք են բերվում օրինական ճանապարհով: Եթե ոչ, ինչպե՞ս եք խուսափում քրեական հետապնդումից:

- Մենք այդ փաստաթղթերի «պասիվ ստացողներ» ենք եղել միշտ: Մեր լրագրողական պարտականությունն է երբեք չանցնել ինֆորմացիա ձեռք բերելու համար որևէ օրենք խախտելու այդ գիծը: Մենք «պասիվ ստացողներ» ենք, և տեղեկությունն էլ հանրային նշանակություն ունի: Մեր գործը չէ դատել կամ ուսումնասիրել, թե ինչպես է ինֆորմացիան ձեռք բերվել: Այս բացահայտումների մեծ մասն անում են մարդիկ, ովքեր հավանաբար չէին տարածի այդ տեղեկությունը, բայց անում են դա անում են մեծ գործի, հանրային շահի համար:

- Այսպիսով, իրավապահ մարմինները երբևէ չե՞ն հետաքրքրվել, թե դուք որտեղից եք ձեռք բերել ինֆորմացիան:  Նրանք իրավունք ունե՞ն պահանջել, որ բացահայտեք ձեր աղբյուրները:

- Ոչ, որովհետև մենք ԱՄՆ-ում պաշտպանված ենք համապատասխան օրենքով, ինչպես նաև աշխարհում գործող այլ օրենքներով: Կարծում եմ` նրանք նաև գիտեն, որ մենք չենք տեղեկությունը ձեռք բերողը, որ մենք վստահելի կազմակերպություն ենք, որին դիմում են, և միանգամայն սխալ կլինի կենտրոնանալ ICIJ-ի վրա:

Հնարավոր է` ազգային անվտանգությանն առնչվող հրապարակումների դեպքում լինեն այնպիսի դրույթներ, որ մեզ ցանկանան, օրինակ, դատի տալ, բայց սա ծայրահեղ դեպք է: Դեպքերի 99%-ի համար կարող եմ ասել, որ ոչ ոք իրավունք չունի ստիպել քեզ բացահայտել աղբյուրը:

- Եվ ինչպե՞ս է ԱՄՆ-ում գործող այդ օրենքը պաշտպանում ձեզ:

- Դա սահմանադրական պաշտպանություն է, որը լրագրողներն ունեն Միացյալ Նահանգներում: Այն թույլ է տալիս հրապարակել տեղեկություն, որը հանրային նշանակություն ունի, և ընդհանուր առմամբ իրականացնել լուսաբանում ապահով միջավայրում. դու պաշպանված ես, քանի դեռ օրենք չես խախտել և չես հատել որևէ գիծ, որը չպետք է անցնեիր:

- Իսկ ո՞րն է այդ գիծը:

- Օրենքը խախտելը: Օրինակ՝ եթե դիմեմ հաքերային հարձակման:

- Եւ եթե ինչ-որ մեկն է տալիս ձեզ այդ տեղեկություն, ամեն ինչ կարգի՞ն է:

- Այո, ինչպես Ուոթերգեյթի (Watergate) դեպքը: Հնում աղբյուրները խոսում էին քեզ հետ ավտոտնակում և, հնարավոր է, փոխանցեին ինչ-որ տեղեկություն կամ փաստաթղթեր, իսկ հիմա դրանք թվանշային տվյալների մեծ բացահայտումներ են` տրված էլեկտրոնային  տարբեր եղանակներով: Այնպես որ նույն Ուոթերգեյթն է` միայն թե տեխնոլոգիաների միջոցով:

- Եղե՞լ են դեպքեր, երբ կասեցրել եք ձեր  համագործակցությունը որևէ մեդիա ընկերության հետ, և եթե այո, որո՞նք են պատճառները:

- Չեմ կարծում, որ երբևէ կասեցրած լինենք համագործակցությունը հետաքննության ընթացքում, որովհետև դա կառաջացներ պատասխանատվություն: Բայց եղել է այնպես, որ կրկին չաշխատենք հետաքննությունը հրապարակելուց հետո: Պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն հրապարակել իրենց բացահայտումները: Այսինքն` նրանք մուտք են ունենում դեպի տվյալներն ու փաստաթղթերը, բայց պահանջը սա է` դու մուտք չես ստանում, որ հետո գնաս քո անկյուն և չպատմես որևէ մեկին, թե ինչ ես գտել Հայաստանում:

Պարտավորությունն այն է, որ վերադառնաս նույն այն հարթակներ, որոնք մենք տրամադրել ենք և տարածես քո ուսումնասիրությունն ու բացահայտումները: Մենք աշխատում ենք վերապատրաստել մեր գործընկերներին, տալիս ենք նրանց հնարավորություն, և 98%-ի դեպքում վերադառնում ենք նրանց, նրանք հիանալի գործընկերներ են, բայց կան քիչ դեպքեր, երբ լրագրողները կամ մեդիա կազմակերպությունները պատրաստ չեն այդ բարձր մակարդակին, և նրանց հետ աշխատելն ավելի շատ վտանգավոր է, քան պարգևատրող:

- Եվ վերջին հարցս. Ինչպե՞ս կարող են լրագրողները կամ մեդիա կազմակերպությունները համագործակցել ICIJ-ի հետ: Պետք է կազմակերպության անդա՞մ լինել:

- ICIJ-ն ունի իր ցանցի պաշտոնական անդամներ, և պետք չէ լինել անդամ՝ մեզ հետ աշխատելու համար: Պետք է վստահելի և կայացած լրագրող լինել: Եթե ունեք լավ պատմություն կամ ինչ-որ բան եք գտել հանրային օֆշորային փաստաթղթերի դատաբազայում և ցանկանում եք շարունակել հետևել, թե ուր են գնացել գումարները, և հասանելիություն ունենալ մեր փաստաթղթերին, կարող եք դիմել մեզ:  Եվ եթե ունեք հիմնավոր պատմություն, ինչպես նաև լրագրող եք, ով նաև լավ թիմային խաղացող է, ապա հավանական է, որ կցանկանանք աշխատել ձեզ հետ: Կարելի է գրել մեզ էլեկտրոնային տարբերակով`data@isij.org հասցեին, ինչպես նաև գտնել հեռախոսահամարներ և այլ էլեկտրոնային հասցներ մեր պաշտոնական կայքում և կապվել մեզ հետ:

Լուսանկարը՝ www.mdzol.com-ից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ