Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Ոչ վերբալ պահվածք․ Արփինե Հովհաննիսյան



Արփինե Հովհաննիսյանը ծնվել է 1983թ դեկտեմբերի 3-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2015թ մինչև 2017թ մայիսը եղել է Արդարադատության նախարար: 2017թ մայիսի 18-ից  ստանձնել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը:
Մենք  ուսումնասիրել ենք Արփինե Հովհաննիսյանի ոչ վերբալ պահվածքը:

 

Բազային պահվածք

Արփինե Հովհաննիսյանը դեռևս պատգամավոր եղած ժամանակաշրջանում աչքի էր ընկնում իր ոճային զգեստներով, գրագետ խոսքով և ինքնավստահ պահվածքով:

Մինչ այժմ էլ նա ելույթների ժամանակ փորձում է իրեն պահել բավականին հանգիստ, թեև հանգստացնող ազդակների կիրառումը վկայում է այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանը ևս, այլ քաղաքական գործիչների պես ջանք է գործադրում՝ իր վստահ կերպարը պահելու համար:

Նրա բազային պահվածքում հաճախ է հանդիպում «խուսափողական» ոչ վերբալ պահվածքը, որոնցից է, օրինակ, «քայլ հետ-առաջ» տեղում, ինչը վկայում է ոչ հարմարավետ գոտում հայտնվելու մասին։ Սա «փախուստ» է, որը հիմնականում դրսևորվում է անցանկալի հարց ստանալու ժամանակ:

Սա է վկայում նաև «վիզուալ կոնտակտից» խուսափելու ՝ Արփինե Հովհաննիսյանի հաճախակի կիրառվող ոչ վերբալ պահվածքը: Այս ժեստը դրսևորվում է նաև ոչ անկեղծ լինելու, արհամարհանքի, զայրույթի, վախի և այլ բացասական էմոցիաներ դրսևորելու ժամանակ:

Ի տարբերություն, ասենք, Արտեմ Ասատրյանի, ում խոսքի մեջ շատ էին իմաստային ավարտվածություն չունեցող և երբեմն նաև՝ անհասկանալի նախադասությունները, Արփինե Հովհաննիսյանի խոսքը բավականին հստակ է, սահուն և գրագետ:

Նմանատիպ պահվածն իհարկե, ինքնավստահ կերպար է ստեղծում, սակայն երբեմն՝ կերպարը դարձնում է չափազանց պաշտոնական, ոչ «յուրային»։

Արփինե Հովհաննիսյանը քիչ էմոցիաներ է դրսևորում։ Իհարկե, քաղաքականության մեջ դա ողջունելի է, սակայն էմոցիաները կերպարը դարձնում են կենդանի, իսկ դրանց բացակայությունը, երբեմն, չափազանց արհեստականացնում է խոսքը՝ դարձնելով այն անբնական, երբեմն էլ՝ կարծես նախօրոք անգիր արած։

 

                        Անորոշ պատասխաններ

Կան մի շարք քաղաքական գործիչներ, ում անտրամաբանական կամ ոչ հստակ խոսքը սոցիալական ցանցերում երբեմն դառնում է քննարկման, «հումորի» թեմա։ 

Ինչպես արդեն նշեցինք, թեև Արփինե Հովհաննիսյանի խոսքը հստակ է, գրագետ և վստահ, սակայն միշտ չէ, որ այդ խոսքի հետևում կա հարցի հստակ պատասխանն արտահայտող միտք կամ որևէ իմաստային ավարտվածություն ունեցող խոսք։

Օրինակ, 2017թ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ելույթներից մեկի ժամանակ` մարտին, Արփինե Հովհաննիսյանն իր ելույթի ընթացքում բարդ նախադասություններով ասում է այնպիսի մտքեր, որոնց մեջ դժվար է որևէ կոնկրետ իմաստ գտնել։

 

Հանգստացնող ազդակներ

Հանգստացնող ազդակների կիրառումը բնորոշ է բոլոր մարդկանց, և դրանք միշտ վկայում են ոչ հարմարավետ գոտում հայտնվելու մասին։ Դրանք սեփական լարվածությունը թուլացնելու համար են, և հաճախակի կիրառումն ամենևին էլ  մարդկանց խոսքին չհավատալու պատճառ չէ։

Հանգստացնող ազդակների շատ կամ սակավ կիրառումը կախված է մարդու հուզականության շեմից և էմոցիաների լավ կառավարումից։

Քանի որ Արփինե Հովհաննիսյանը հաճախ է ակնոց կրում, դրա պատճառով, որպես հանգստացնող ազդակ, շատ է կիրառում ակնոցն ուղղելու ազդակը:

Մազերն ուղղելը, քիթ քորելը, լեզու թրջելը, զգեստի թևքերին ձեռք տալը, անտեսանելի փոշիներ վրայից թափ տալը, գրիչով խաղալը, բարձրախոսն ուղղելը ևս հանգստացնող ազդակներ են, որոնք օտագործում է Արփինե Հովհաննիսյանը

 

Պատկերավորիչներ

Լայն հենած ձեռքեր․ սա քաղաքական գործիչների «ամենասիրած» ժեստն է, որը մեծ տարածում և կիրառում ունի հատկապես ելույթների ժամանակ՝ ամբիոնի մոտ։

Սա ինչպես լիդերությունը ցուցադրելու, այնպես էլ՝ հենվելու շնորհիվ մեծ տարածք զբաղեցնելու ու ավելի վստահ զգալու, լարվածությունը թուլացնելու նշան է։

Խոսքի ժամանակ պատկերավորիչների չափավոր կիրառումն այն դարձնում է կենդանի և վստահելի։ Պատկերավորիչների բացակայությունը կաշկանդվածության և լարվածության մասին է վկայում՝ ասածը դարձնելով ոչ արժանահավատ։

Փախուստ պատասխանից խուսափում

Անցանկալի իրավիճակում հայտնվելիս, մարմինը հաճախ փորձում է «փախուստ» կատարել, սակայն միշտ չէ, որ դա հնարավոր է իրականացնել․ երբեմն պետք է պատասխանել լրագրողների տված անցանկալի հարցերին։

Ոչ հարմարավետ գոտում հայտնվելու դրսևորումներից մեկն, օրինակ, այն է, երբ մարմինը տեղում կանգնած «ետ ու առաջ» է անում․ մեր մարմինն անգիտակցաբար փորձում է մեծացնել տարածությունը հնարավոր «վտանգ» ներկայացնող օբյեկտից։

Լրագրողների այն հարցին, թե Հանրապետական կուսակցությանն ինչքան քվե է պետք խորհրդարանում և արդյոք ՀՀԿ-ից արտահոսք կա, Արփինե Հովհաննիսյանը «փախուստ» է կատարում, տալիս է խուսափողական, անորոշ պատասխան՝ կիրառելով ակնոցն ուղղելու հանգստացնող ազդակը։

Վիզուալ կոնտակտից խուսափումը ևս ինչ-որ առումով կարող է համարվել փախուստ, բայց արդեն՝ փախուստ ճիշտ, անկեղծ, իրական պատասխանից։

Նմանատիպ պահվածք մենք տեսնում ենք, օրինակ, երբ Արփինե Հովհաննիսյանին լրագրողն անվանում է «Հովիկ Աբրահամյանի կադր» և հետաքրքրվում՝ արդյոք նա մնալու է այս՝ փոփոխված կառավարության մեջ։ Պատասխանելու ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հայացքը փախցնում է՝ խուսափելով վիզուալ կոնտակտից, ինչպես նաև լարվում է և խոսքի ընթացքում կիրառում թուքը կուլ տալու հանգստացնող ազդակը և հեռանում՝ չլսելով լրագրողի հնչեցրած հաջորդ հարցը։

Այսպիսի ոչ վերբալ պահվածքը կարող է դրսևորվել ոչ միայն անցանկալի հարց ստանալու դեպքում, այլ նաև հարցի պատասխանը չիմանալու կամ իրական պատասխանը տալ չցանկանալու պատճառով։

«Դուք շարունակելու՞ եք ձեր աշխատանքը» հարցին՝ Ա․Հովհաննիսյանը պատասխանում է այո՝ կատարելով գլխով հաստատման շարժում, ինչն այս դեպքում գլխի դրական՝ ներքև-վերև հաստատման շարժումն է, պատկերավորիչ, որը փաստում է ասածի ճշմարտացիությունը։

Թեև Արփինե Հովհաննիսյանը հաստատական տոնով հավաստում է, որ «գործը շարունակելու է», բայց արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ առաջարկի մասին հարց ստանալիս, հայացքը փախցնում է՝ ասելով՝ եթե նշանակում լինի։ 

Հայացքը փախցնելը, այս դեպքում, կարող է վկայել նաև ասածի նկատմամբ կասկածի, անվստահության մասին։ 

Անցանկալի հարցեր և կոնկրետ պատասխանի բացակայություն

Ազգային ժողովի ելույթներից մեկի ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն այն կարծիքն է արտահայտում, որ ԱԺ փոքրամասնության կողմից ներկայացված նախագծերը հաջողություն չեն ունենում, և Արփինե Հովհաննիսյանից հետաքրքվում է՝ արդյոք նա պատրաստ է ապահովել քաղաքական փոքրամասնության քվոտան։ 

Վերջինս կիրառում է ակնոցն ու բարձրախոսն ուղղելու հանգստացնող ազդակը, կատարում է անցանկալի հարց ստանալու՝ քայլ հետ փախուստի ոչ վերբալ պահվածքը, «խաղում» է գրիչով՝ իջեցնելով հայացքն ու կախելով գլուխն այն հատվածում (վիզուալ կոնտակտից խուսափում), երբ ասում է, որ «պատրաստ է» իր լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ, որ քաղաքական փոքրամասնությունը «կարողանա արդյունավետ կերպով իրականացնել իր լիազորությունները»:

Ու այդպես էլ կոնկրետ ու հստակ պատասխան չի տալիս հարցին։

«Կանեմ առավելագույնը, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը կարողանա իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենալ»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը՝ ձախ ձեռքը բռունցք անելով, ինչը բացասական էմոցիա է՝ թաքնված զայրույթի նշան։

 

Հոդվածում օգտագործված են հատվածներ news.am, news.am.tv, 1in.am, times.am-ի տեսանյութերից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. samuel.semerjian@atos.net03:23 - 10 դեկտեմբերի, 2017
This lady's word is like poetry. Portuguese Fado, fresh peach, honey and goat cheese to go with it. Well, being an Armenian you can add a drop of pomegranate and wear it as a broche. samo
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ