HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի ունեցավ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը

Այսօր Գրքի երեւանյան փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը։ Ինքը՝ հեղինակը, հայտարարեց, որ ժամանակակից հայ գրականության «ամենամիստիկ» գրողն է, հետո մի գրքի մակագրություն անելիս շարունակեց հայտարարությունը գրավոր տեքստով․ «․․․որովհետեւ գիտեմ՝ ինչպես չգրել»։

Արամը ծնվել է 1990 թվականին։ Գրքի շապիկի դարձերեսին կարդում ես այսպիսի ձեւակերպումով․ «ծնվել է 1990թ․-ին, Երեւանում։ Նույն թվականին երկրագնդի տարբեր քաղաքներում մահանում են Ֆիլիպ Սուպոն, Վիկտոր Ցոյը, Վենեդիկտ Երոֆեեւը, Սերգեյ Փարաջանովը․․․ Սկսել է գրել այն տարիքում, որ տարիքում Ռեմբոյի քունը տանում էր գրելու մտքից․․․ 26 տարեկանում գրում է «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստը (Բրետոնը գրեց քսանութում, Մարինետիին՝ երեսուներեքում), որին նույն պահին հրաժարվեց»։

«Կույր կետադրությունն» ընդգրկում է վերոնշյալ մանիֆեստը, ինչպես նաեւ «Գիրք 1․ Տեսունակ կուրություն», «Գիրք 2․ Անհետացող քաղաքի քարտեզը», «Գիրք 3․Կետադրության համընդհանուր պատմություն» բաժինները (բանաստեղծություններ), ինչպես նաեւ երիտասարդ պատմաբան Երվանդ Վարդանյանի «Մեծ աչքի համաստեղություն» վերջաբանը։

Նախաբանի փոխարեն Սիորանի տեքստն  է․ «Հեղինակը, որը պատրաստվում է գրել սերունդների համար, բանի պետք չէ։ Գրողը չպետք է իմանա՝ ում համար է գրում»։

Ստորեւ՝ Արամ Ավետիսի  «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ № 0»-ից հատված

Այս տեքստը գրված է այն մարդկանց համար,
որոնք ծանոթ են Ֆերնանդո Պեսոայի եւ
Կոնստանտինոս Կավաֆիսի պոեզիային,
կարդացել են Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը,
անգիր գիտեն Բրոթիգանից մեկ տող, իսկ երազում
տեսնում են Սելինի բազմակետերը։
․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․ ․․․

Այս բանաձեւին պետք է խստորեն հետեւի
իմ տեքստի ընթերցողը։

Կաղապարված միտքը եւ շարադրության պես գրված
գրականությունը վերջիվերջո պետք է իսպառ դուրս
գա ժամանակակից ընթերցողի գլխից։
Հիմա ընթերցող երեւալն ավելի կարեւոր է,
քան ընթերցող լինելը։

Մեծամտություն չհամարե՛ք իմ օրենքները։
Չնայած՝ կարող եք, քանզի Մեծի հանդեպ
իմ եւ ձեր աշխարհայացքը խիստ տարբերվում է։

Իր բանաստեղծություններից մեկում Կավաֆիսը
այսպիսի հարց է տալիս։ «Ո՞վ ենք մենք՝ հա՞յ, ասորի՞,
թե՞ հույն, միայն արտաքինից դժվար կկռահես»։
Այս հարցին, որն իրականում որպես հարց չի հնչում,
կա պատասախան։ Մենք ո՛չ հայ ենք, ո՛չ հույն, ո՛չ
ասորի։ Մենք ընթերցող եւ գրող երեւացող ենք,
իսկ երեւացողը չունի ազգություն։ Նրա հայրենիքը
Տգիտությունն է, իսկ գիտելիքը կարկատված
Արթյուր Ռեմբոյի գրպանների պես։

Ես այն գրողն եմ, որն «ինչու՞ ես գրում» հարցին չի
պատասխանում «որովհետեւ այդ եմ կարողանում լավ
անել», քանի որ ի սկզբանե գիտի, որ չգրելն ավելի
մարդկային վիճակ է, քան գրելը, քանի որ գիտի, որ
չգրել ավելի լավ է կարող, քանի որ եթե գիտի՝ ինչու չի
գրում, ուրեմն այդժամ դառնում է իսկական գրող։

Պատահական չէ, որ գրողների մեջ վատ գրողներ
ավելի հաճախ են հանդիպում, քան չգրողների մեջ։

Հետգրություն

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը (երկրորդ հրատարակությունն է)։ Գրքի խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter