Կիրակի, 23 սեպտեմբերի

«Վերջին խոսք. գնդակահարում ենք». Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ դատավճիռ կայացնելու:

Մինչ այդ այսօր տեղի ունեցած դատական նիստին պաշտպանական ճառ ասացին «Իգլայի» գործով անցնող ամբաստանյալներ Սանասար  Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը և Սամվել Բաբայանը, ապա կողմերը հանդես եկան ռեպլիկով, ամբաստանյալներն ասացին իրեն վերջին խոսքը:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վերագրվող արարքում իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանն ընդգծեց, որ մինչև «Իգլայի» խողովակն ԱԱԾ-ին Հրաչյա Մայիլյանի կողմից հանձնելն ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանն արդեն այն ձեռք բերելուց հրաժարված են եղել: Պաշտպանի պնդմամբ` այս հանգամանքը հաստատվում է նաև ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներով, որոնք առկա են քրեական գործում:

Ըստ Վիկտորիա Կիրակոսյանի՝ խողովակի ձեռքբերման գործում միայն այն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի գործողություններն են երևում, իսկ նա այս գործից, այսպես ասած, դուրս է մնացել:

«Ինքը Քոբուլետի ա, Քոբուլետի»,- պաշտպանի վերը նշված դիտարկմանն արձագանքեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը:

Նշենք, որ Մայիլյանի նկատմամբ վերը նշված իրի ձեռքբերման, փոխադրման առնչությամբ քրեական հետապնդում չի իրականացվում, վերջինս գտնվում է ազատության մեջ: Այս գործով անցնող ամբաստանյալները դատաքննության ընթացքում բազմիցս կասկած են հայտնել, որ Մայիլյանն ի սկզբանե համագործակցելիս է եղել Ազգային անվտանգության ծառայության հետ:

Վիկտորիա Կիրակոսյանը հարց առաջադրեց նաև այն մասին, որ նախաքննություն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կատարել` պարզելու, թե որտեղից է ձեռք բերվել վերը նշված խողովակը, ում է այն պատկանել, ինչպես է հայտնվել շրջանառության մեջ:

Սամվել Բաբայանը, անդրադառնալով մեղադրող դատախազ Արամ Արամյանի ճառին, նշեց, որ մեղադրողն առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ ենթադրություններով:

Բաբայանը հիշեցրեց, որ մեղադրող դատախազն ասել է, թե որևէ կերպ արձանագրված չէ, որ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլայի» խողովակը ձեռք բերելուց, մինչդեռ, ըստ Բաբայանի, Հրաչյա Մայիլյանը դատարանում հաստատել է այդ հանգամանքը:

Ըստ Բաբայանի` ինքը Մայիլյանին հարցրել է` եթե Արմեն Պողոսյանն ու Սանասար Գաբրիելյանը չհրաժարվեին «Իգլայի» խողովակը ձեռք բերել, ինքը՝ Մայիլյանը, այն  կհանձնե՞ր ԱԱԾ-ին, և Մայիլյանը պատասխանել է, թե չէր հանձնի:

«Այսինքն` այն բանից հետո, երբ գնորդը հրաժարվել է ձեռք բերել, նոր մարդը հանձնելու մասին է մտածել, մինչ այդ չէր մտածել»,- ասաց Սամվել Բաբայանը:

Մեղադրող դատախազ Արամ  Արամյանը 

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը մեղադրական ճառ ասելիս տարօրինակ էր համարել հանգամանքը, որ պաշտպանության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնող Սամվել Բաբայանը «տրուբան զենիթահրթիռային համալիրից չի տարբերում»: Այս հանգամանքին անդրադառնալով` Սամվել Բաբայանը նշեց, որ ինքն ի սկզբանե իր որևէ ցուցմունքում չի օգտագործել «հրթիռ» բառն ու պնդեց, որ այն, ինչ գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, հրթիռի մասնիկ է:

«Ես ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև հրթիռն ամբողջական է, եթե նրա արձակման մեխանիզմը վրան է, հակառակ դեպքում այն կոչվում է խողովակ, տրուբա»,- ևս մեկ անգամ ընդգծեց Բաբայանը:

Վերջինս դատարանում հայտարարեց, որ վերը նշված իրեղեն ապացույցի վերաբերյալ երկու փորձագիտական եզրակացություն է իրեն ներկայացվել, որոնցից մեկը գործից անհետացել է:

Ինչ վերաբերում է մեղադրող դատախազի այն դիտարկմանը, թե գործով փորձագիտական եզրակացությունը պաշտպանական կողմն ընդունել է, այն չի բողոքարկել, Բաբայանը նշեց, որ ինքը միայն ստորագրել է, որ ծանոթացել է դրանց բովանդակությանը, իսկ նախաքննության ընթացքում դրանք կբողոքարկեր, թե ոչ` իր իրավունքն է, ինքն է որոշում՝ դատարանու՞մ բողոքարկել,  թե՞ նախաքննության ընթացքում:

«Իսկ եթե իմ մանագիտության կամ ինը տարվա ղեկավարման վրա որևէ մեկը կասկածում ա, ես փորձեմ բացատրել. իմ անմիջական ղեկավարությամբ 19 ինքնաթիռ է խոցվել, 17 ուղղաթիռ, որից տասը այս իգլաներով: Եթե դուք պետք է գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել այս երկրին...Ես չեմ ցանկանում նաև անդրադառնալ այն հարցին, որ իմ ձերբակալումից հետո 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու ասել, թե ինչի համար են ինձ բռնել, բայց դա փաստ է: Չեմ ուզում քաղաքականացնել ու խորհուրդ եմ տալիս` Դուք էլ մի քաղաքականացրեք: Կարող եմ փաստեր նշել, որ ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,- մեղադրողին դիմելով` ասաց Սամվել Բաբայանը:

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված փողերի լվացման դրվագով մեղադրանքին, Բաբայանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս գործով դեռևս 2016-ի սեպտեմբեր ամսին են անձինք ձերբակալվել, իսկ իրեն հարցաքննել են միայն 2017-ի ապրիլ ամսին:

«Այսինքն՝ 8 ամիս անց, երբ հասկացել են, որ «Իգլայի» գործով իրենք թույլ  են, փողերի լվացման գործը քաշել, դրել են, կապել պոչիս»,- ասաց Սամվել Բաբայանը:

Վերջինս նշեց, որ ինքը չի պատրաստվում դատարանից արդարացում պահանջել, չի փորձում «հասկանալ», թե «պատվերը որտեղից է գալիս»:

«Ես այդ մարդը չեմ. ես շատ լավ գիտեմ՝ ականջները որտեղից է...Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի թքել պետության վրա, այլապես էս պետությունը չի կարող պետություն դառնալ: Բաբայանը մի տարի ավել կամ պակաս նստի, դրանով հարց չի լուծվում»,- խոսքը եզրափակեց Սամվել Բաբայանը:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, կարելի է ասել, ստիպված եղավ հրաժարվել պաշտպանից:

Գաբրիելյանը դատական գործի մեկնարկին հայտնել էր, որ հրաժարվում է իր պաշտպաններից: Մեղադրող դատախազի՝ ճառով հանգես գալուց հետո վերջինս անհրաժեշտություն էր տեսել պաշտպան ունենալու:

Նախորդ՝ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստին Գաբրիելյանը խնդրել էր հետաձգել դատական նիստն ու իրեն ժամանակ տրամադրել՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի փաստաբան Արթուր Ղարիբյանը: Դատարանն էլ, առանց փաստաբանի համաձայնության, միայն Գաբրիելյանի հայտարարության հիման վրա նրան ներգրավել էր որպես Սանասարի պաշտպան:

Վերջինս, սակայն, այսօր դատարան գրություն էր ուղարկել՝ հայտնելով, որ թեև Սանասար Գաբրիելյանը դատարանում ցանկություն է հայտնել, ինքը չի կարող ստանձնել նրա շահերի պաշտպանությունը, քանի որ ամբաստանյալի հետ նման համաձայնություն չունի, իրենց միջև առկա չէ համապատասխան պայմանագիր:

Նման պայմաններում Սանասար Գաբրիելյանը ստիպված եղավ հրաժարվել  պաշտպանից:

Դատարանն էլ արձանագրեց, որ Գաբրիելյանին երկու շաբաթ ժամանակ է տրամադրվել՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար և այլևս նրան լրացուցիչ ժամանակ չտվեց:

Իր ճառում Սանասար Գաբրիելյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն մեղսագրվող արարքներում, իսկ Բաբայանի առնչությունը տեղի ունեցածում առհասարակ բացառեց:

«Այս դեպքը ոչ թե Բաբայանի, այլ ինձ հետ է տեղի ունեցել»,- հայտարարեց Սանասար Գաբրիելյանը:

Վերջինս նշեց, որ ինքը ցանկացել է բանակի համար զենք գնել, և դրա մասին բոլորն են իմացել: Ապա տեղեկացել է, որ Հրաչյա Մայիլյանը զենք ունի:

«Դե էն ժամանակ չգիտեի, որ ագենտ ա»,- նկատի ունենալով Մայիլյանին՝ ասաց Սանասար Գաբրիելյանը:

Վերջինս  ընդգծեց, որ նախաքննություն իրականացնող մարմինն իրենց մեղադրում է զենք-զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու մեջ, բայց մինչև այժմ պարզ չէ, թե «Իգլայի» խողովակը, որն իրեղեն ապացույց է ճանաչվել, ինչպե՞ս է հայտնվել Հրաչյա Մայիլյանի ավտոտնակում, ու՞մ է պատկանել:

«Այլմոլորոկայիննե՞րն են բերել»,- կատակեց Սանասար Գաբրիելյանը:

Արցախյան ազատամարտի մասնակից Գաբրիելյանը հիշեց, որ երբ այդ տարիներին բանակի համար զենք էին բերում, հերոսացնում էին, շնորհակալություն հայտնում, իսկ այժմ դրա համար ազատազրկում են:

«Շնորհակալության տեղ ԱԱԾ պադվալ»,- ասաց Գաբրիելյանն ու դժգոհեց, որ մեղադրողը ցանկանում է դատարանն իրենց մեղավոր ճանաչի:

«Շինել են, շինել են, պետք ա՞` գնանք նստենք, բայց նորմալ նստենք, ի՞նչ մեղավոր»,- ասաց Սանասար Գաբրիելյանը:

«Անմեղ նստե՞ք»,- կատակեց դատավոր Արշակ Վարդանյանը:

«Հա»,- պատասխանեց Գաբրիելյանն ու շարունակեց ճառը:

«ՕՐՕ-ին եմ օգնել, լավ աշխարհը վերջացա՞վ. իրենք էլ են, էլի, մեր ախպերները, մի քիչ էլ իրենց «քոմագ» անենք, ի՞նչ ա եղել որ»,- ասում էր Գաբրիելյանը, որը, ճառի ընթացքում մի պահ շրջվելով դեպի դատավորը, հարցրեց. «Լա՞վ եմ պատմում»:

Ռեպլիկների փուլում մեղադրող դատախազ Արամ Արամյանը պնդեց իր մեղադրական ճառը:

Նախորդ դատական նիստին Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ իր պաշտպանյալին վերագրվող փողերի լվացման գործի քննության շրջանակներում Ինտերպոլի միջոցով օտարերկրյա պետություններից բազմաթիվ գրություններ են ստացվել, և այդ գրություններից մեկում նշված են եղել փողերի ներկոտման հնարավոր պատճառներ: Պատճառներից մեկը, հիշեցնենք, այն էր, որ դրանք կարող են լինել ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվելու համար արտադրված ու հափշտակված: Գրության համաձայն՝ փողերը կարող են ներկոտվել նաև մարդկային գործոնի ազդեցությամբ` պատահաբար: Ընդ որում, եթե փողերը պատահաբար են ներկոտվել, ապա դրանք բանկերում փոխանակման ենթակա են:

Քալաշյանն ընդգծել էր, որ նախաքննություն իրականացնող մարմինն առանց որևէ տվյալ ունենալու հիմք է ընդունել փողերի ներկոտման պատճառներից միայն այն տարբերակը, որը ձեռնտու է, ու պնդում է, որ փողերը հափշտակված են:

Անդրադառնալով Քալաշյանի այս դիտարկմանը՝ Արամ Արամյանն ընդգծեց, որ եթե անգամ փողերը պատահաբար են ներկոտվել, այսինքն՝ տեխնիկական պատճառներով, ապա, միևնույն է, դրանք շրջանառության մեջ են դրվել ներքին գողության արդյունքում, այսինքն՝ բանկի աշխատակիցների միջոցով: Արամյանն, այսպիսով, ցանկանում էր հիմնավորել, որ ցանկացած պարագայում փողերը անօրինական ճանապարհով են ձեռք բերվել:

Ռեպլիկի իրավունքից օգտվելով՝ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ընդգծեց, որ գործով քննիչը որևէ քայլ չի կատարել մեղադրյալների անմեղությունն ապացուցող ու նրանց պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ, որ նրա բոլոր գործողությունները միտված են եղել ամբաստանյալների մեղադրանքը հիմավորելուն:

Դատարանը հայտարարեց, որ անցնում է ամբաստանյալների վերջին խոսքը լսելուն, ինչը ծիծաղ առաջացրեց Սամվել Բաբայանի մոտ:

«Վերջին խոսք. գնդակահարում ենք»,- կատակեց ամբաստանյալի աթոռին հայտնված Բաբայանը:

Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքն ամաչում է իր ընտանիքի անդամներից, դահլիճում ներկաներից, մեղադրող դատախազից, նախագահող դատավորից, այսինքն՝ հասարակությունից՝  իրեն առաջադրված մեղադրանքի համար: Վերջինս պնդեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանից խնդրեց արդարացի որոշում կայացնել:

Ամբաստայալ Կարեն Քոչարյանը դատարանից խնդրեց օրենքից բացի նաև մարդկային խղճով առաջնորդվել:

«Էս շինծու գործ ա, հիմա, ենթադրենք, մի հատ սրոկ եք դնում, էթում ենք, Դուք կարողանալու՞ եք նորմալ քնել: Ուրեմն ինչ եմ խնդրում դատարանից. լինել ճիշտ, արդար, մաքուր, որ դրսում իրար տեսնենք, ասեմ՝ ես քո ցավը տանեմ, լավ դատավոր ես, լավ մեղադրող ես, ոչ թե ասեմ՝ այ ցավդ տանեմ, էս ո՞վ էր»,- դատարանին դիմելով` ասաց Սանասար Գաբրիելյանը:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը վերջին խոսքում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

«Լավ էլ անում ես»,- արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:

«Կարևորը՝  Գաբրիելյանի սրտով էր»,- «վերջին խոսքն» ասաց նաև դատավորն ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 28-ին:

Նշենք, որ դատարանում քննվող «Իգլայի» և փողերի լվացման գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ ամբաստանյալներ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն: 

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: 

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Գլխավոր լուսանկարում` ձախից` պաշտպան Ավետիս Քալաշյանը, Սամվել Բաբայանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ