Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Իշխանության հայեցակարգի» բացակայություն



9-րդ դարում, երբ Կիևյան Ռուսիայի իշխանները վիկինգներին հրավիրեցին իրենց երկրում իշխելու համար, հիմնավորումն այսպիսին էր․ «Մեր երկիրը մեծ է և բարեբեր, սակայն կարգը բացակայում է»։ Պետությունն իշխանության հայեցակարգն է, իսկ իշխանության իմաստը կարգուկանոն հաստատելն է և եթե դա չի ստացվում, ապա կա´մ դրսից ուժ պետք է հրավիրել, կա´մ այդ ուժն ինքն է գալիս, առանց հրավերի։ Հետագայում Ռուսաստանը Բյուզանդիայից փոխառեց ուղղափառ քրիստոնեության վրա հիմնված իշխանության հայեցակարգը, որը հետագայում ստացավ «ուղղափառություն, ինքնակալություն, ժողովրդականություն» կարգախոսի տեսքը։ Իշխանության այս հայեցակարգը համահունչ էր իշխանության արևմտյան տեսություններին, որի հիմքը հետևյալ բանաձևն էր․ իշխանությունն Աստծուց է։ Մինչև 18-րդ դարն իշխանության հայեցակարգերը հիմնված էին քրիստոնեական աստվածաբանական մեկնաբանությունների վրա, որոնք ձևակերպում էին տարբեր աշխարհայաքներ ու իրավական մոտեցումներ։ 

ԵԱՏՄ-ԵՄ Հայաստանում ծավալված երկընտրանքի քննարկումները հիշեցնում են Կիևյան Ռուսիայի իրավիճակը՝ չունենալով իշխանության լեգիտիմության աշխարհայացքային հայեցակարգ և հանրության համար ընդունելի «Կարգ», ստիպված հրավիրում ես մի որևէ արտաքին ուժ, սեփական տանը կարգուկանոն, այսինքն լեգիտիմ իշխանություն ու Օրենք հաստատելու համար։

«Արևմտամետների» և «ռուսամետների» պայքարի էությունը նման ուժի փնտրտուքի մեջ է և բանավեճերի էությունն այն է, թե ում «Օրենք»-ն է ավելի լավը։ Հին բանաձև է․ ում օրենքով ապրում ես, իշխանությունն էլ նրանն է։ Հիմքում ընկած է սեփական պետությանը չճանաչելը և սեփական անկարողության ընդունելը։ Սեփական իշխանության ու պետության չճանաչելը, այսինքն ազգային իշխանության հայեցակարգի բացակայությունն ունի պատմական խորքային պատճառներ, որի հիմքը հայկական աստվածաբանական՝ այսինքն աշխարհայացքային ու իրավական մտքի բացակայությունն է, ինչն առանձին ու ծավալուն քննարկման թեմա է։

Ինչ է իրենից ներկայացնում «Եվրոպական ուղի» ասվածը․ դա օրենքի իշխանությունն է, մարդու իրավունքներն ու էֆեկտիվ կառավարումը, իսկ արտաքին քաղաքականության հիմքը սեփական շահերի հետապնդումն է՝ երբեմն ցանկացած եղանակներով։ Ինչ է իրենից ներկայացնում այսօրվա ռուսական իշխանության էությունը՝ դա ուժեղ անձի հեղինակության վրա հիմնված  իշխանությունն է, ով իր ժողովրդի աչքերում դիմակայում է «արտաքին վտանգներին» և դրանով իսկ լեգիտիմ է իր ժողովրդի մեծամասնության համար։

Դրանով է  պայմանավորված նաև նրանց լեգիտիմությունը Հայաստանում` Եվրոպան Հայաստանին կարող է տալ բարօրություն և կատարյալ օրենքներ, իսկ Ռուսաստանը արտաքին թշնամինրի դեմ պայքարի իր «ծրագրի» շրջանակում կպայքարի նաև Հայաստանի արտաքին թշնամիների դեմ: Այդպիսին են ընկալումները Հայաստանում: 

Երկու դեպքում էլ առկա է «ժողովրդական լեգիտիմության» հիմքը, սակայն ո՞րն է ներկայից «հայկական իշխանության» հայեցակարգը։ Դա այն հիմնական հարցն է, որի պատասխանը պետք է որոնենք։

Մինչև 18-րդ դարը իշխանության իրավունքը հիմված էր աստվածաբանական հայեցակարգերի վրա, որի հիմքը դրել է Պողոս Առաքյալը․ «Ցանկացած իշխանություն Աստծուց է»։ Պողոս Առաքյալին կարելի է համարել քրիստոնեության քաղաքական աստվածաբանության հիմնադիրը։ Մինչև 18-րդ դարը քրիստոնեական աշխարհը զարգացրել է այդ թեզի վրա, մինչև որ չի հասել «հանրային շահ», «հանրային բարեկցություն» և «Օրենքը վեր է թագավորից» հասկացություններին։ Սակայն իշխանության մեսիական բնույթը, այնուամենայնիվ, մնացել է պետությունների հիմքում։ Միացյալ Նահանգների «իշխանության առասպելը» կամ պետական առաքելությունն աշխարհով մեկ Ազատություն տարածելն է, Ռուսաստանում՝ գտնել ուղղափառությանը կամ կոմունիզմին համարժեք մի որևէ ընդունելի համաշխարհային առաքելություն (իսկ մինչ այդ պայքար արտաքին վտանգների դեմ), Եվրոպայում կառուցում են բարեկեցություն, ու ողջ աշխարհի մերժվածները փախչում են այնտեղ երջանկություն որոնելու համար, Իսրայելը աշխարհով մեկ ցրված հրեաների համար հայրենիք է կառուցում, Իրանը մեր մեղավոր աշխարհում Ալլահի կամքն է իրականացնում (ըստ իրենց պատկերացումների), Թուրքիան որոնումների մեջ է (ազգայնականություն, օսմանիզմ, իսլամիզմ) և այլն։ Այսինքն սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար, հիմնված պետական ավանդույթների ու «Կարգի» մասին պատկերացումների վրա։

Պետությունը չի կարող կայանալ, եթե չկա իշխանության հայեցակարգ, իսկ իշխանությունը իրականացվում է օրենքների միջոցով՝ հիմնված իշխանության մի որևէ «առասպելի» վրա։ «Իշխանության առասպել»-ը քաղաքագիտական հասկացություն է։ Մենք կարող ենք այն այլ կերպ անվանել՝ «ազգային գաղափարախոսություն», «պետական գաղափարախոսություն», կամ մի որևէ առաքելության իրականացում։

«Առասպելի» բացակայության պայմաններում մնում է որոնել մի «հովանոց», եվրոպական, ամերիկյան կամ ռուսական, որը կհաստատի կարգուկանոն, և այս իմաստով հասկանալի են այն պնդումները, թե «մինչև Ռուսաստանի ազդեցությունը չվերացվի, մենք ոչնչի չենք կարող հասնել»։ Կոռուպցիայի, մենաշնորհների և մնացած աղտերի համար մեղավորը մի որևէ արտաքին ուժ է, և դրանց լուծման համար պետք է հրավիրել մի այլ, ավելի լավ արտաքին ուժ, իսկ սեփական իշխանությունն ընդամենը մի պայմանական երևույթ է, որն ունակ չէ ու պատասխանատու չէ մեր խնդիրների համար։ Պետականություն ունենալը դեռ չի նշանակում ունենալ և ճանաչել սեփական իշխանությունը։ Չես կարող պահանջել, կատարելագործել կամ փոխել մի իշխանություն, որին չես ճանաչում որպես այդպիսին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ