HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հոգևոր աշխարհում բոլորի վրա հավասար չի անձրևում

Հարցազրույցներից մեկում Սևանը պատմել է. «Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ: Շալա կոչվող մի լճակում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա: Բայց մայրս ցանկացել է հայկական անուն ունենամ, նամանավանդ՝  Սևանն էլ է գեղեցիկ լիճ: Այնպես որ, ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա»:

Նկարիչ, անիմատոր, գրաֆիկ դիզայներ Սևան Նագաշյան:

Նոյեմբերի 27-ը լուսավոր, փխրուն, կյանքում և արվեստում խիստ սկզբունքային Սևանի ծննդյան օրն է: Նրան ճանաչողներն անպայման խոսելու են նաև Հայաստանի հանդեպ ունեցած անփոխարինելի ու մեծ կապի մասին: Սևանի նկարներում այդ կապը տեսանելի է մշտապես, այստեղ մարդն ու բնությունը ներդաշնակ են այնքան, որքան ինքն էր կյանքում և իր արվեստում: Թումանյանի, Կոմիտասի  ու Չարենցի աշխարհները նրա հետ էին ամեն օր. նրա մտքերում, հարցերում, ստեղծագործական որոնումների մեջ: Նրանցից ամեն մեկն ուներ իր ներկայության կոնկրետ իմաստն ու չափազանց կարևոր դերը: Ամեն մեկն իր մեծությամբ:

Հարցազրույցներ չէր սիրում, ուղղակի փախչում էր դրանցից, երբեմն՝ մանկական պարզ հնարամտությամբ: Բայց առօրյա ցանկացած զրույց վառ ու անկեղծ ճանապարհ էր՝ դեպի իր ստեղծած աշխարհն ու անսահման նվիրումը կյանքի լուսավոր անկյունների հանդեպ: Ասում էր, որ պիտի կարողանաս այդ ամենը տեսնել, ընկալել դրանց խորությունը, անցկացնել քո միջով, որպեսզի հետո կարողանաս նաև դուրս հանել քո ներաշխարհից՝ մարդկանց նվիրելու համար:

Այս զրույցը, որից ներկայացնելու ենք ընդամենը հատվածներ, ունեցել ենք մի քանի տարի առաջ, հետո դա մի մեծ ու սիրուն պատմություն դարձավ, միգուցե՝ դիմանկարի փորձով: Սևանն, ինչպես միշտ, պարզ է ու միաժամանակ խորը, անկեղծ ու մտահոգ՝ տարբեր տեսակի «ինչու»-ներին իրեն բնորոշ խաղաղ, լավատեսական պատասխաններով:

Մարդկային հոգուց դուրս նայող աչքեր

Ամեն ինչի մեջ ես պատկերն եմ փնտրել: Մայրս պատմում էր, որ փոքր ժամանակ, երբ մեր տուն հյուրեր էին գալիս, ես չէի մոտենում, բայց անվերջ նրանց դեմքերն էի ուսումնասիրում, հատկապես՝ աչքերը: Դա միշտ ինձ համար կարևոր է եղել: Վերջերս Վան Գոգի նամակներում էլ կարդացի աչքերի՝ մարդկային հոգու տաճար ուղղորդող ճանապարհ լինելու մասին:

Իմ հասկացողությունն էլ է շատ վիզուալ: Ես իմ մտքում պետք է պատկերը տեսնեմ՝ ընկալելու համար ասվածը: Իսկ երբ դա բացակայում է, և փոխարենը միայն բառեր են ինձ զարմացնելու համար (օրինակ պոեզիայում է էդպես շատ պատահում), դա ինձ ուղղակի ձանձրացնում է: Ես էլ չեմ կարողանում կարդալ:

Մենք ծնվում ենք այնպիսին, ինչպիսին որ կանք: Իհարկե ընտանիքը, միջավայրը, ընկերները, բոլորն էլ իրենց ազդեցություններն ունեն, բայց էն, ինչ քո մեջ կա՝ կա, էն, ինչ չկա՝ չկա: Բաներ կան, որ մեր հասկացությունից դուրս են, տիեզերային են, մենք էլ էդ ամեն ինչի մի մասն ենք: Եվ միայն տիեզերքը չէ, որ մեր մեջ հետքեր ունի թողած: Էս աշխարհը, կենդանիները,  անձրևի կաթիլը, արևի շողը, ծառի տերևը, որ հետո փշրվում է, նույնիսկ՝ փոշին… ամեն-ամեն ինչ: Բոլորս, նրանց նման, ինչ-որ տեղ նույնն ենք և նույն բանն ենք կրում մեր մեջ, անխտիր: Նայած, թե որքանն ես դու ներսումդ կրում և որքան ես ուզում այն տեսնել: Մի ընդհանուր էություն կա, որի մի մասն ենք կազմում կամ որից էլ ծնվել ենք: Բայց, անշուշտ, մենք ունենք նաև ընտրության հնարավորություն՝ փորձությունների ենթարկվելով, ընկնել-վեր կենալով, ու, ամենակարևորը, սովորելով: Քանի դեռ ապրում ենք, այդ ընթացքում հավերժ սովորում ենք, կարծում եմ: Եվ սովորելու ժամանակ է արդեն կարևոր դառնում, թե ովքեր են ծնողներդ, միջավայրդ և ինչ են քեզ սովորեցնում: Ինքդ ինչ ես սովորում և ումից: Կարևոր է այդ պահին, թե շուրջդ ինչ կա, ինչ ես տեսնում, ինչ ես զգում մարդուց, անձրևի կաթիլից անգամ, չգիտեմ… օրինակ՝ կատվիցդ ինչ ես սովորել:

Անձրևից հետո ծնված ջրափոսի հետքերով

Մեր տունն անտառին կպած էր, լեռան մոտ: Իմ մանկության տարիներին էնտեղ քիչ տներ կային, և մենք բնությանն ավելի մոտ էինք: Հիմա տներն ավելի շատացել են էնտեղ: Կողքի փողոցում մի հայ կին կար, ով երբեմն հավաքում էր երեխաներին և տոն օրերի համար բացիկներ կամ հատուկ նկարներ սովորեցնում անել: Փոքր էինք՝ 5-6 տարեկան, և ամեն մեկս փորձում էր նկարել՝ նրա տված ցուցումներին հետևելով: Այդ կինը նկատել էր, որ իմ գծերն ավելի սահուն ու ուղիղ են ստացվում, իմ պատկերներն՝ ավելի գեղեցիկ: Հետո իմացա, որ նա հանդիպել էր ծնողներիս և ասել, որ անպայման հետևեն ինձ, նկարելու ձիրք էր տեսել իմ մեջ: Էդպես:

Բայց ես կարծում եմ, որ բնության մեջ ու նրա հետ լինելն է ամենաշատը ներգործել իմ վրա: Բնությունը, իմ մանկության անտառը՝ իր ծառերով, ծաղիկներով, լուսաբացով, անձրևից հետո ծնված ջրափոսերով, որոնց մեջ ես հաճախ ծիածանի արտացոլանքն էի տեսնում ու համեմատում երկնքում կապված գունավոր այդ կամարի հետ… այս ամենն ինձ շատ բան են սովորեցրել: Որովհետև նկարչությունը միայն ճիշտ գիծ քաշելը չի. որովհետև կարևորն այն է, որ դու կարողանաս տեսնել և տեսածդ էլ ընկալել, հասկանալ: Դա է կարևորը: Այսինքն՝ պետք է քո միջով էդ պատկերն անցնի ու մի բան դառնա:

Ամեն տեղ արևը նույն կերպ չի ջերմացնում

Իմ ընտանիքը Բեյրութում է ապրել, պապս նույնպես: Ես Բեյրությում եմ ծնվել, բայց հաճախ ենք ստիպված եղել տեղից տեղ փոխել՝ տարբեր պատճառներով: Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով մենք մի քանի անգամ տեղափոխվեցինք, վերադարձանք: Հետո հաստատվեցինք Կանադայում: Ես կրթությունս շարունակելու նպատակով եկա Երևան: Ու հիմնականում մնացի էստեղ: Ավելի ուշ՝ ցուցահանդեսների առիթով շրջագայել եմ աշխարհի տարբեր երկրներում, ապրել մեծ քաղաքներում: Ու էս կյանքի ընթացքը, տեղափոխություններն ու երկարատև ճամփորդությունները հնարավորություն են տվել ավելի լավ ճանաչելու, ուշադիր ուսումնասիրելու տարբեր կյանքերն ու մտածողությունները, տարբեր միջավայրերը: Էս ճանապարհին ամեն անգամ մտածել եմ, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նույն արևն է, նույն երկինքը, նույն մարդիկ… բայց երբ խորանում ես, էդքան էլ նույնը չի: Այո, իդեալական բան չկա էս աշխարհում, բայց ամեն տեղ արևը նույն կերպ չի ջերմացնում:

Ինձ համար միշտ շատ կարևոր է եղել մտածելով և հասկանալով ինչ-որ բան անելը: Ամեն մի երևույթ վերլուծել եմ մտքումս: Ու երբ չեն թողել որևէ բան իմ ընկալած ձևով անել, միշտ ընդվզել եմ: Դպրոցում էդ առումով հաճախ եմ խնդիրներ ունեցել: Ես միշտ ըմբոստացել եմ, երբ ուզել են անգիր անելով պատասխանեմ որևէ բան՝ առանց հասկանալու: Ընկալելով, տրամաբանելով, հասկանալով ընդունելն ինձ համար միշտ կարևորագույն սկզբունքներից մեկն է եղել: Եթե ես պիտի ասեմ մի բան, որից ոչինչ չեմ հասկացել …չգիտեմ… Առանց հասկանալու ռոբոտն էլ կարող է անել այն, ինչ դու նրանից ուզում ես: Էդ խնդիրն ամբողջ կյանքում երևի կա մարդու համար, ուղղակի՝ երբեմն շատ, երբեմն քիչ: Ես իմ միջավայրն էդ առումով առավելապես գտա այստեղ՝ Հայաստանում, որտեղ ինձ ավելի հարազատ էի զգում:

Դպրոցն անիվների վրա

Հորս պապը Սեբաստիայի Կամարակ գյուղում վարժապետ է եղել: Նրան թուրքերը սպանել են, քանի որ կրթված հայ էր: Շատ քիչ բան գիտենք մեր մեծ պապի ընտանիքի մասին, որովհետև հորս հայրը` արդեն իմ պապը, շատ շուտ է մահացել և, բացի այդ, ինքն ընդհանրապես քիչ է խոսել իր մասին: Կցկտուր բաներ գիտենք, բայց դրանց միջից անգամ ինձ համար պատկերվել է նրա դժվարին կյանքի ու, միևնույն ժամանակ, լուսավոր էության պատմությունը: Պապս էլ է կրթված մարդ եղել: Երբ թուրքերը սպանում են նրա հորը, հետո եղբորը, մայրը որոշում է, որ այս մեկին ամեն գնով պետք է փրկի էդ ամենից: Նա որդուն է տալիս ունեցած բոլոր հնարավոր միջոցներն ու խնդրում հեռանալ երկրից: Պապս սկզբում գնում է Երուսաղեմ: Որոշ ժամանակ անց, երբ թուրքական կառավարությունը հավասարության ու հանդուրժողականության խոստումներ է շռայլում, նա նորից վերադառնում է Սեբաստիա: Ու նորից սկսվում է գաղթի ու անորոշության ուղին: Այս ճանապարհներին էլ հանդիպում է մեծ մորս: Հետագայում կյանքը նրանց տանում է դեպի մեկ այլ կանգառ՝ արդեն Բեյրութ, Լիբանան: Գաղթի անվերջանալի ու տագնապալի ճանապարհից մի տխուր պատմություն կա: Պապս երբ տեսնում է, որ տարբեր ընտանիքներ են գաղթականների խմբում և ունեն մեծ թվով փոքր երեխաներ, որոշում է մանուկների կրթությամբ զբաղվել: Երեխաները սկզբում գալիս են իր տուն, բայց որոշ ժամանակ անց նրանց թիվն էնքան է մեծանում, որ որոշում են դպրոց ստեղծել: Նամակ են գրում Պողոս Նուբար փաշային՝ խնդրելով աջակցել դպրոցի գաղափարին: Ես մանրամասների մասին շատ բան չգիտեմ, բայց հավանաբար նա օգնել է իրենց, որովհետև ինչ-որ չափով միջոցներ գտնվել են դպրոցը ստեղծելու համար: Ու քանի որ էդ աջակցությունը շատ փոքրիկ հնարավորություն է եղել, չեն կարողացել հող առնել ու դպրոց կառուցել: Բացի այդ՝ անորոշության ու անընդհատ վտանգված զգալու խնդիր են ունեցել: Փոխարենը կառուցվել է փայտաշեն, շարժական մի դպրոց: Դա են կանգնեցրել մի հողի վրա, որտեղից քանի դեռ նրանց չեն տեղահանել կամ որտեղ դեռևս թուրքերը չեն հասել… Պատկերացնու՞մ եք, ու գաղթական հայերի խումբը քայլել է մի տեղից մյուսը՝ դպրոցն ուսին շալակած:

Դա դառնում է Բեյրութի առաջին հայկական դպրոցը՝ Նուբարյան վարժարանը, որի տնօրենն է եղել պապս:

Ես երբեք չեմ կարողացել ինչ-որ բանի պատկանել

Արվեստում «իզմ»-երը երևի ինչ-որ նշանակություն ունեն և միգուցե ոմանց նաև օգնում են (ես չեմ հերքում դրանց պիտանի լինելը), բայց չեմ կարծում, թե ինքս որևէ կապ ունեմ դրանց հետ: Ես երբեք չեմ կարողացել ինչ-որ բանի պատկանել. այդպես էր նաև դպրոցում: Բակում բոլորը քայլում էին իրար թև մտած, կամ էդպես կանգնում էին՝ պատի նման: Ես չէի կարողանում որևէ մեկի թևը մտած քայլել, պատի նման: Միգուցե էդպես համախմբված կանգնելը կամ քայլելն ավելի ապահով ու վստահ է էդ մարդկանց դարձնում, չգիտեմ… բայց դա երբեք իմը չի եղել: Էդպես էլ ոմանք  «իզմ»-ի շուրջ են հավաքվում՝ փողոցում թև-թևի քայլող մարդկանց նման: Ես չեմ ասում՝ դա լավ է կամ վատ: Եթե իրենք էդպես ավելի ապահով են զգում, թող զգան, թող համախմբվեն… Բայց պարտադիր չէ, որ ես էլ էդպես ինձ ապահով զգամ:

Հոգևոր աշխարհում բոլորի վրա հավասար չի անձրևում

Մի հայտնի ասացվածք կա՝ «Ով աշխատի, նա ուտի». Քիերքեգորը մի շատ հետաքրքիր բան է ասել դրա մասին: Նա ասում է, որ էս ասացվածքը բոլորովին չի վերաբերում է՛ս աշխարհին: Որովհետև էս աշխարհում ուտում է նա, ում ձեռքն է երկար: Իսկ «Ով աշխատի, նա ուտի»-ն վերաբերում է հոգևոր աշխարհին: Որովհետև հոգևոր աշխարհում բոլորի վրա հավասար չի անձրևում, արևը բոլորի համար նույն ձև չի փայլում: Հոգևորում աշխատանքն է կարևոր:

Աշխարհը մեկ է շատ առումներով՝ իր հոգսերով, խնդիրներով: Այդ առումով մեր երկիրն էլ բացառություն չի: Բայց ինձ էստեղ ուրիշ, առավել կարևոր բան կա պահող: Ես ինձ էստեղի մի մասն եմ զգում, սա՛ է իմը: Այո՛, գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ «Չէ, ես էս աշխարհում տեղ չունեմ, նույնիսկ՝ էստեղ»: Լինում են նման վիճակներ: Բայց, միևնույն է, ես իմ խառնվածքով էստեղին եմ շատ մոտ, սա ի՛մ բնությունն է: Եթե կա մի վայր, որի հետ ես կապ ունեմ, դա էստեղ է՝ Հայաստանը: Ես էստեղից եմ: Կարևոր չի, թե դու որտեղ ես ծնվել, կարևոր է, թե ինչ է ապրում քո մեջ, ինչ կա քո ներսում: Սա իմ բնությունն է: Իմ մեջ է՛ս կա:

Լուսանկարները՝ Սևան Նագաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

gohar
Հուշիկ- հուշիկ, կախարդական մեղմ ժպիտով, անձայն քայլերով ինձ մոտեցող , բարություն սփռող անձը նույն ինքն էր Սևան Նագաշյանը ։ Նյու յորքում կազմակերպված հայ արտիստ նկարիչների ցուցահանդեսն էր, Մանհաթթենում ։ Կտավների դիտելը սկսել էի վերջից, նրանը մնացել էր առջևում ։ Գեղեցիկ մատիտանկարները, հարազատ գծանկարները գերեցին ինձ։ Վաճառքի ենթակա էր ։ Բայց այն տարիներին ո՞վ էր մտածում գնելու մասին ։ Տասը և ավել տարիներ առաջ էր ։ Ու այդպես մնաց իմ հոգում ՝ Խորհրդավոր Սևանը․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter