HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանքը չի բացվելու: Պետությունը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ չի ուզում հանքը բացվի»,- ասում է արդվեցի Վիլո Աղվանյանը

Դեկտեմբերի 1-ին մղարթցիների քննարկմանը կներկայացվի «Միռամ» ՍՊԸ-ի կողմից Բնապահպանության նախարարություն ներկայացրած Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2017-2020թթ. կատարվելիք երկրաբանական աշխատանքների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման 2-րդ հայտը:

Առաջին հայտի քննարկումը, որը նախատեսված էր այս տարվա հուլիսի 26-ին, արդվեցիները ձախողեցին: Հիշեցնենք, որ հանքերևակման տարածքը 200 հա է: Առաջին հայտում «Միռամ» ՍՊԸ-ն որոնողական իր աշխատանքների համար ընդգրկել էր հարևան երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվիի 146 հա արոտավայրերի տարածքները:

Հուլիսի 26-ի դեպքերից հետո բնապահպանության նախարարություն ներկայացրած երկրորդ հայտում «Միռամ» ՍՊԸ-ն որոշել է երկրաբանական աշխատանքներ կատարել միայն Մղարթի 54 հա տարածքում: Այդ նպատակով համաձայնություն ստանալու համար էլ «Միռամ»-ը դիմել է Մղարթի նախկին գյուղապետ, այժմ վարչական ներկայացուցիչ Երվանդ Նավասարդյանին. «Եկան, ասեցին ուզում ենք մեր ծրագրերը ներկայացնենք մղարթցիներին, ես էլ համաձայնեցի»,- «Հետք»-ին պատմեց Երվանդը:

Երվանդ Նավասարդյան

Հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթում գյուղապետարանի  իր 15 համախոհների հետ հայտը քննարկելուց հետո վարչական ղեկավարը համաձայնություն է տվել «Միռամ» ՍՊԸ-ին՝ Մղարթի 54 հա արոտավայրերի տարածքում ոսկի որոնելու համար: «Ասացին` Ձեր ջրի հարցը կլուծենք, նույնիսկ կառավարությունից փող ենք բերել: Ասացին` էդ փողից Արդվուն չենք տալիս, միայն Ձեզ ենք տալիս էդ փողը: Մարդիկ գյուղի ջրի հարցը լուծելու համար համաձայնեցին»,- պարզաբանեց Երվանդ Նավասարդյանը:

Նա տեղյակ էր, որ Շեկաղբյուրում ոսկու որոնողական աշխատանքների և շահագործման դեպքում հարևան արդվեցիները շատ լուրջ վնասներ են կրելու. «Ես Շեկաղբյուրի հանքերևակումում որոնողական աշխատանքներին դեմ եմ, դեմ է նաև Մղարթի բնակչության գրեթե 99 տոկոսը»:

Շեկաղբյուր

Առաջին հայտում Շեկաղբյուրից ուղիղ գծով 700 մետրի վրա ընկած Արդվին 2-րդ հայտում ներկայացված է ընդամենը որպես հանքի եզրագծից 1800-1900 մետր հեռու գտնվող  բնակավայր: «Շեկաղբյուր հանքերևակման մոտակա բնակավայրերն են Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան, Կողես, Օձուն գյուղերը»,- նշված է 2-րդ հայտում: «Միռամ» ՍՊԸ-ի խորամանկությունը չի վրիպել արդվեցիների աչքից. «Ճիշտ է, Շեկաղբյուր լեռը գտնվում է Մղարթի վարչական տարածքում, բայց լեռը թառած է Արդվու գլխին: Մեր ջրերն ամբողջությամբ Շեկաղբյուրի տակից՝ Կրճաղաքամատ ենք ասում, այդ հանդամասից են գալիս: Դրանք փոքր ջրագոյացություններ են, եկեղեցու վերևը այդ ջրերը հավաքվում և մատակարարվում են գյուղին: Եթե հանքում աշխատանք կատարեն, ծանր մետաղները՝ կյանքի համար վտանգավոր կապարը, ցինկը, այստեղ կոնկրետ մկնդեղի խնդիր ունենք, խառնվելու են Արդվու խմելու և ոռոգման  ջրերին: Այդ ջրերից խմում են նաև մեր գյուղի շուրջ 200 խոշոր եղջերավոր և 400 մանր եղջերավոր անասունները»,- բացատրեց Արդվիի նախաձեռնող խմբի անդամ, լեռնագործ Սուրեն Կիրակոսյանը:

Վերջինիս ասելով` «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հուլիսի 26-ին խորհրդային տարիներին Շեկաղբյուրի հետախուզման աշխատանքների քարտեզ է բերել Արդվի: Բնապահպանն արդվեցիներին բացատրել է, որ Շեկաղբյուրի հանքերևակման տարածքներում կա նաև ցրոնային ուրան, որը թեև քիչ քանակությամբ է,  բայց վտանգ է ներկայացնում բնակչության համար: Շեկաղբյուրի տարածքը Մղարթից երկու ձորակ է բաժանում, եթե նույնիսկ հանքից հանքային ջրեր հոսեն, որոշ չափով դեպի Մղարթ կգնան, բայց հանքային ջրերի հիմնական հոսքերն ուղղվելու են դեպի Արդվի: Մղարթցիները նկատել են, որ հանքի ամբողջ փոշին Շեկաղբյուրից եկող քամու օգնությամբ նստելու է գյուղի վրա: «Երկրորդ հայտը խորամանկություն է, որի հետևանքով վտանգվելու են մեր երեխաների առողջությունն ու Արդվիի մշակույթի կոթողները: Հանցագործություն է Մղարթի տարածքով Արդվու գլխին թառած  Շեկաղբյուր սարի լանջերի հանքը բացելը: Միանշանակ ես համոզված եմ, եթե Աստված մի արասցե, մղարթցիների համաձայնությամբ այդ ծրագիրն իրականանա, «Միռամ»-ի հաջորդ քայլը լինելու է Արդվու վրա աշխատելը»,- նկատում է Սուրեն Կիրակոսյանը:

Տելո Աղվանյան

«Մղարթում դեկտեմբերի 1-ի Շեկաղբյուրի հանքերևակման հետախուզման 2-րդ հայտի քննարկումներին նայում եմ էնպես, որ հանքը չի բացվելու: Էդքան բան: Ուրիշ ասելիք չունեմ: Ուզում ա Մղարթի կողմից մտնեն Շեկաղբյուր, ուզում ա` Իտալիայի»,- ասաց արդվեցի Տելո Աղվանյանը:

«Ղարաբաղի համար գնում եմ կռվելու, մեր գեղի համար չեմ կարում կռվեմ: Ըտի վախելու ինչ կա: Ամբողջ արդվեցիները դրան պատրաստ են՝ մի մարդու նման: Հանքը չի բացվելու: Պետությունը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ չի ուզում հանքը բացվի»,- ասաց Վիլո Աղվանյանը: «Եթե կառավարությունն ուզում ա ժողովուրդը լավն ըլի, Արդվին սրբավայր է: Թող բերեն գյուղում մի հատ տուրբազա դնեն, ջերմոցներ սարքեն, ոչ թե  գյուղն ու սրբավայրը քանդող հանք բացեն»,- առաջարկեց Արդվիի նախկին գյուղապետ Արմո Վահրամյանը:

Վիլո Աղվանյան

«Մենք օդաչու Հրայր Կիրակոսյան ենք ունեցել: Նա Ղարաբաղի կռիվներին օդում Շահումյանի պաշտպանական մարտերում է զոհվել: Ռուսաստանում էր ապրում, եկավ մասնակցելու ղարաբաղյան շարժմանը և զոհվեց, որ այսօր իր պապենական գյուղը մի քանի օլիգարխներ դնեն քանդե՞ն»,- ավելացրեց Սուրեն Կիրակոսյանը: Սուրենը ներկայացրեց անասնապահության և հանքարդյունաբերության համեմատական իր դիտարկումը. «Ամենահետաքրքիրը գիտեք որն ա, 50 հա-ը տարվա մեջ համարվում է 50 կովի արոտավայր: Ու եթե հաշվենք, թե 50 կովը, 50 տարի արածելով, ինչ օգուտ է տալու բնակչությանը, ու էդ  Շեկաղբյուրի հանքը ում է օգուտ տալու և ինչքան, բնակչությունը ինչ է ստանալու այդ հանքից, դա  անհամեմատելի է: Լավ, ինչ-որ մեկը  25-26 տոկոս ավելացված արժեքի հարկը տվեց կառավարությանը, բայց եկեք հասկանանք` պետությանն այդ 5 տարվա հարկն է ձեռնտու, թե մեր և հարևան գյուղում բնակչության ավելանալը, անասնապահության և տուրիզմի զարգացումը: Մենք ուզում ենք այդ ուղղությամբ գնալ»:

Սուրենի խոսքով` այսօր ՄԱԿ-ի ծրագրով Արդվիում ջերմոց է կառուցվում, նախկին գյուղապետ Սամվել Կիրակոսյանը ուզում է գյուղում ազնվամորի աճեցնել: ՄԱԿ-ը 20 գյուղական համանքներում տուրիզմի զարգացման ծրագիր է իրականացնելու, որից մեկը Արդվին է: Այդ կապակցությամբ ներկայացուցիչներ էին եկել Արդվի, հետո, տեսնելով «Միռամ»-ի ստեղծած իրավիճակը, որոշել են սպասել հետագա զարգացումներին: «Հանք կա, կողքը տուրիստական կենտրոն կառուցելու մասին խոսք չի կարող լինել: Հանքը թող մի 5-10 տարի աշխատի, արդվեցին ինչ է անելու դրանից հետո: Ասում են հանքերևակումներ կան Կաճաճկուտում, Դսեղում, Հագվիում, Մարցում, Ծաղկաշատում, Ձաղիձորում, լավ, դե քանդեք, քարը քսեք բոլորը, մենք էլ Հայաստանը  թողնենք, գնանք»,- զայրացավ Սուրենը:

Սուրեն Կիրակոսյան

Երիտասարդ լեռնագործը նշեց, որ իր և մյուս արդվեցիների համար հայրենիքի նկատմամբ սերը սկսվում է Արդվիից: Նրա ասելով` իր պապն է առաջինը Արդվիում սկսել տուն սարքել, հայրն այդ տան վրա աշխատանք է արել. «Ես ինչ խելահաս եմ դարձել, ինչ ուժս պատում  է, 10 տարուց ավելի է` ես եմ պապիս ու հորս սարքած տան վրա ներդրում անում, ու ինչո՞վ պետք է դա փոխհատուցեն: Արդեն 300 տարի իմ պապերն այստեղ հուղարկավորված են: Պապիս պապի գերեզմանը կարող եմ Ձեզ Արդվիում ցույց տալ: 1820-ական թվականներին եկել են Արդվիում հիմնավորվել, այստեղ էլ հուղարկավորվել են: Ես ոնց հանքի պատճառով երեխաներիս վերցնեմ, Արդվին թողնեմ ու գնամ»,- դառնացած ասում է Սուրենը: 

«Եթե հանկարծ մղարթցիները դեկտեմբերի 1-ին համաձայնություն տան Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական աշխատանքներին, ինչ եք անելու» հարցիս Սուրենը պատասխանեց. «Համոզված եմ, որ մղարթցիները հասկացող մարդիկ են և չեն գնա այդ քայլին: Բայց եթե հանկարծ նման քայլի գնան, մենք  թույլ չենք տալու Շեկաղբյուրի հանքի շահագործումը: Հանքն իր բոլոր վտանգներով արդվեցիներիս գլխին է»: Վերջինիս խոսքով` Աժ ընտրություններին Արդվիի ընտրողների 80 տոկոսը ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը: «Արդվեցի իրենց ընտրողներին ծանր վիճակի մեջ դրած «Միռամ» ՍՊԸ-ի գործողություններին Հանրապետական կուսակցությունը դեռ որևէ գնահատական չի տվել»,- հայտնեց Սուրենը:

Մեկնաբանություններ (5)

Սահակ
Ըստեղ էլ գրած է թե Մղարթեցիների գլխին ինչ օյին են դրել ոսկի հանողները: Հմի թազա սուտասաններ են եկել ու նույն կուտն են տալի: Վա՜յ միամիտ լոռեցիներ, որ դեռ գլխի չեք ընկել թե ինչ հարամու եք պատահել: http://hetq.am/arm/news/31979/ov-e-shahagortsel-mxarti-osku-hanqy.html
Գեւորգ
Զարմանալի հարցեր շատ են առաջանում: Օրինակ, այդ ռսահայ փողատիրոջը (այլ երկրի քաղաքացի!) մեկը չի հարցնում, թե ինքը Շեկաղբյուրի տեղը որտեղից է իմացել? Կամ իր այդ «մռամը» որեւէ վկայագիր (սերտիֆիկատ), կամ լուրջ երաշխավորություն (рекомендация) ունի, որ ինքն այդ բնագավառի մասնագետ կազմակերպություն է? Քանի տեղ է ինքը ոսկի հայտնաբերել եւ այլն? Այս ամենից պարզ երեւում է թե ինչ անվերահսկելի բազար է բննախի այդ բաժինը: Եւ ահա խոսքիս թարմ վկայությունը՝ https://news.am/arm/news/423286.html
Գեւորգ Կիրակոսյան
Շատ շնորհակալություն Լ. Փարեմուզյանին! - Այդ «միռամ» կոչվող ընկերությունը արդեն խայտառակել է եւ Բաղդասարյանին եւ իր գրասենյակին, եւ թե բնապահպանության նախարարությանը, որովհետեւ այն սկսել է զռացող կեղծիքներով ու զարտուղի ճանապարհներով: Հիմա նոր ժուլիկություն են մտածել՝ խեղճ Մղարթեցիներին խաբելով ու ջուր խոստանալով, ստորագրություններ են կորզել: Իշխանությունը հակակոռուպցիոն ազնիվ արշավ է հայտարարել, իսկ միթե սա կոռուպցիոն բացահայտված փաստ չէր, երբ բննախում աշխատող մասնագոտը (Վ. Բ. - ի եղբոր տղացուն) սեփական կնոջն ու բարեկամներին հանքագործության լիցենզիա է տալիս? Բա դրանց ակնոցավոր ինտիլիգենտ նախարարն ինչ է մտածում, թե չի հասկանում ինչ է կատարվում, գուցե աթոռն է շատ թանկ? http://www.1in.am/2182080.html Ամոթն էլ սահման կունենա, կպել են չարքաշ մարդկանց ջանին եւ ուզում են վերջին հացից ու սակավ ջրից, հողից ու իրենց հազարամյա ծննդավայրում ապրելու հնարավորությունից էլ զրկել: Եւ սա է արտագաղթի դեմ հայտարարված պայքարի ճանապարհը? http://www.1in.am/2182080.html
Սամվել
«Ղարաբաղի համար գնում եմ կռվելու, մեր գեղի համար չեմ կարում կռվեմ: Ըտի վախելու ինչ կա: -Մղարթցիներ մի վախեցեք ու թույլ մի տվեք որ փչացնեն Ձեր բնությունը
Калантарян Маринэ Егоровна
Самое позорное то, что так называемый 'мирам' оставляло за собой право второй раз поднять этот опасный вопрос. Почему ответственные инстанции не шверяли по лицу - не понятно? Просто не поддается логике!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter