HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տրանսպորտի նախարարը հյուրանոց կառուցելու նպատակով 44 մլն դրամով հող է գնել Ծաղկաձորում

Հայաստանում ձգտում են պետական պաշտոնի, որպեսզի էլ ավելի զարգացնեն, հարստացնեն իրենց բիզնեսը, մասնավոր սեփականությունը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պետական ոլորտ է եկել մասնավոր հատվածից: Վերջին տարիներին «GNC-ալֆա» ՓԲԸ-ում («Ռուստելեկոմ») զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Նախարար է 2016թ. սեպտեմբերի 20-ից: Մինչ այդ երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել:

Վահան Մարտիրոսյանը հարուստ նախարարի համբավ ունի: Պետական ոլորտ է եկել մեծ կարողություններով: Սակայն պետական պաշտոն զբաղեցնելով՝ նա կանգ չի առնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին նախարար Մարտիրոսյանը հաճախ է լինում Ծաղկաձոր քաղաքում: Պարզվեց, որ նրա այցերը խիստ «գործնական» բնույթի էին: Այս տարվա հոկտեմբերին ուղիղ վաճառքով Ծաղկաձոր քաղաքում գնել է 0,969 հա հանգստի համար նախատեսված հողամաս:

Ծաղկաձորի ավագանին դեռևս 2014թ. հոկտեմբերի 10-ին որոշել էր աճուրդային կարգով օտարել համայնքային սեփականություն համարվող հողամասեր, որոնց թվում նաև Տանձաղբյուրի փողոց, թիվ 40/5 հասցեում գտնվող 0,969 հա հողամասը: Մոտ մեկ տարի անց՝ 2015թ. օգոստոսի 17-ին ավագանին որոշել է ուղղակի վաճառքով օտարել համայնքի սեփականությունը համարվող 25 միավոր հողամաս, այդ թվում՝ վերը նշված հասցեի հողամասը:

Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 3-ին և 2015թ. հունվարի 23-ին նշված հողը դրվել է աճուրդի և չի օտարվել գնորդի բացակայության պատճառով: Համայնքապետն էլ ավագանու համաձայնությամբ որոշել է «ուղղակի վաճառքով» օտարել քաղաքի Տանձաղբյուրի փողոցի թիվ 40/5 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հողերից 0,969 հա մակերեսով հողամասը:

Մոտ 1 հա հողամասը նախարարին վաճառվել է մեկնարկային գնով` 43,837,560 դրամով: Ստացվում է, որ 1քմ հողմաասը վաճառվել է 4524 դրամով, ինչը շուկայականից շատ ցածր գին է: Տեղանքն էլ պատահական չէ: Նախարարի գնած հողամասը գտնվում է ճոպանուղու մոտակայքում, որի հարևանությամբ Կոտայքի մարզպետին պատկանող հյուրանոցի շինարարությունն է ընթանում:

Քաղաքապետ Արթուր Հարությունյանը ևս հաստատեց, որ նախարարին օտարած հողամասը գտնվում է ճոպանուղուց ուղիղ գծով մոտ 500 մետր, իսկ ավտոմեքենայի ճանապարհով՝ 800 մետր հեռավորության վրա:

«Այն, համաձայն հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջների, օտարվել է աճուրդում սահմանված մեկնարկային գնով, որը համարժեք է համայնքի հողերի կադաստրային արժեքի 100 տոկոսին»,- ասում է Ծաղկաձորի համայնքապետը:

Ուշագրավն այն է, որ 2017թ. հոկտեմբեր ամսին Ծաղկաձորի համայնքային բյուջեն, հողերի իրացումից ստացված մուտքերի մասով, պլանի հետ համեմատ, կատարվել է 996.01%-ով՝ կամ 58 մլն դրամով:

Ծաղկաձորի համայնքապետը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ Վահան Մարտիրոսյանն առաջին անգամ Ծաղկաձորի համայնքապետարան դիմել է 2017թ. սեպտեմբերի 30-ին՝ մոտ 1հա հողամաս ձեռք բերելու խնդրանքով: Հողամաս ձեռք բերելու նպատակը հյուրանոցաառողջարանային համալիրի կառուցումն է: Համայնքապետարանից էլ առաջարկել են հենց վերը նշված հողամասը, քանի որ այն հանդիսանում է հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս:

Վահան Մարտիրոսյանի ունեցվածքը

Նախարար Մարտիրոսյանը, երբ 2016թ. սեպտեմբերի 20-ին ստանձնում էր նախարարի պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով ավելի շատ եկամուտ էր ցույց տվել՝ մոտ 26 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները կազմում էին մոտ 26 մլն դրամ, մոտ 628 հազար դոլար և մոտ 322 հազար եվրո:

Նախարարի ֆինանսական միջոցներն այնքան շատ էին, որ նա փոխառություն էր տալիս, ինչը նշված ժամանակահատվածում կազմել է 12 մլն 200 հազար դրամ և 520 հազար դոլար:

Վահան Մարտիրոսյանը հայտարարագրել էր նաև 7 միավոր անշարժ գույք, 3 ավտոմեքենա:

2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում փոփոխության են ենթարկվել նախարարի դրամական միջոցների և եկամուտների չափը:

Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը թանկարժեք անշարժ գույք գնելու «սիրահար» է: Օրինակ՝ 2016թ. մոտ 24 մլն դրամով դարձյալ հողամաս էր գնել: Իսկ 2016թ. տարեկան եկամուտը կազմել էր մոտ 110 մլն դրամ:

Նախարարի կինը՝ Անուշ Օրդյանը, 2016թ. տարեկան հայտարարագրով նշել է մոտ 4 մլն դրամ եկամուտի մասին։ Ինչպես նաև, որպես առկա դրամական միջոց, հայտարարագրել է 3 մլն դրամ, 7700 դոլար և 68 հազար 200 եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter