HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախի կրթության փոխնախարար․ «Հայաստանի պետական բուհերում սովորող արցախցի ուսանողները տարկետման իրավունքից երբեք չեն օգտվել»

«Դասավանդիր Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են իրենց օգնությունը Արցախի դպրոցներում մանկավարժների թափուր տեղերը համալրելու հարցում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը։

«Բացի այդ ծրագիրը, գործում է ԼՂ կառավարության որոշումը՝ մանկավարժին այլ վայր ուղեգրելու մասին, որի համաձայն՝ եթե մանկավարժը իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ գտնվող այլ վայր է տեղափոխվում աշխատելու, տրամադրվում է բնակարան, նաև աշխատավարձն է հիսուն տոկոսով ավելի տրվում»,- ասաց փոխնախարարը։

Սարգսյանի խոսքով՝ Արցախում նման 170 մանկավարժ կա, որոնք հիմնականում գործուղվել են Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ։

Արցախի դպրոցներում հիմնականում  բնագիտական առարկաների և օտար լեզվի մասնագետների կարիք կա

«Կան գյուղեր, որտեղ ստիպված որոշ առարկաների ժամաքանակները հատկացվում են այլ առարկաների մասնագետներին՝ հաշվի առնելով  մի կողմից  մասնագետների պակասը, մյուս կողմից եղած ժամաքանակի սղությունը»,- ասաց նա։

Շուրջ երկու տարի է Ստեփանակերտում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Փոխնախարար Սարգսյանը նկատում է՝ Արցախում մեծ հետաքրքրություն կա կենտրոնի հանդեպ, և բավականին ներդրումներ են արվում այդտեղ։

«Համոզված եմ, որ այն ժամանակի ընթացքում դառնալու է բարձրագույն մի շարք մասնագիտությունների համար դիմորդ ապահովող միջավայր»,- ընդգծում է Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հայաստանում ամենաքննարկված թեմային՝ ՊՆ-ի կողմից ներկայացված ակադեմիական տարկետման խստացմանը, Արցախի կրթության և գիտության փոխնախարարը վստահեցնում է՝ կրթությունն ու գիտությունը օրենքի փոփոխությունից չի տուժի։

«Արցախում տարկետման իրավունք չի եղել, մեր բոլոր ուսանողները՝ այդ թվում Հայաստանի տարբեր պետական բուհերում սովորող արցախցի ուսանողները, տարկետման իրավունքից երբեք չեն օգտվել։ Ինչո՞ւ պետք է գիտությունը տուժիես մասնագիտությամբ բարբառագետ եմ, ընդամենը մի ամիս առաջ մոտ երեսուն տարեկան ասպիրանտս պաշտպանել է ատենախոսությունը։ Այդ նեղ մասնագիտության գծով արդեն չորս երիտասարդ մասնագետ ունենք»,- ասաց Սարգսյանը՝ նկատելով, որ պատերազմող երկրում յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի առաջին հերթին հայրենիքին ծառայել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter