HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ամենափոքր հատուցումը՝ 450 դրամ. Հաշտարարի ստացած բողոքների արդյունքները

Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը ընդհանուր առմամբ ստացել է 1 128 բողոք։ Դրանց մի մասը, սակայն, չեն վերաբերել ֆինանսական կազմակերպություններին, մի մասն էլ ենթակա չի եղել քննության։ Արդյունքում նշված ամիսների ընթացքում քննության է ընդունվել ընդամենը 315 բողոք։  

Ինչպես տեղեկանում ենք Հաշտարարի գրասենյակի ներկայացրած վիճակագրությունից, քննության ընդունված բողոքների գերակշիռ մասն ուղղված է ապահովագրական ընկերությունների դեմ, մյուս հիմնական մասն էլ՝ բանկերի։

Մասնավորապես, 246 բողոք եղել է ապահովագրական ընկերությունների դեմ, 65 բողոք՝ բանկերի:

2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը նվազել է 15-ով, իսկ բանկերի դեմ բողոքներն ավելացել են ճիշտ այդքանով։

Քաղաքացիների՝ բանկերի դեմ բողոք-պահանջների գերակշիռ մասը վարկային գործարքների կապակցությամբ է։ Իսկ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները գրեթե բոլոր դեպքերում կապված են լինում ԱՊՊԱ համակարգի հետ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)։ Բողոքները պայմանավորված են վնասի չափի հետ անհամապատասխանությամբ, չհատուցման դեպքերով, ռեգրեսի հետ անհամաձայնություններով։

Նախորդ տարվա տարեկան տվյալներով ևս Հաշտարարի ստացած բողոքների մեծ մասը ապահովագրական ընկերությունների դեմ է։ Այսպես, 2016 թվականին քննության է ընդունվել թվով 1523 բողոք-պահանջ, որից 1 248-ը հենց ապահովագրականների դեմ է, 232-ն էլ՝  բանկերի։

Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվն աճել է Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո՝ 2011 թվականից հետո։ Համեմատության համար՝ 2011 թվականին ապահովագրական ընկերությունների դեմ քննված բողոքների թիվը 100-ի չի հասել:

Ամենափոքր հատուցումը՝ 450 դրամ

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսական համակարգի հաշտարարի ներկայացրած հաշվետվությունից, 2016 թվականի ընթացքում քննված գործերի (1 523 պահանջ-դիմում) շուրջ 79%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների:

Ընդ որում՝ հօգուտ հաճախորդների լուծված պահանջների  55.5%-ը լուծվել է կողմերի հաշտությամբ։

2016 թվականին գումարային արտահայտությամբ Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին հատուցվել է շուրջ 189 մլն դրամ: Ընդ որում՝ նշված գումարի մեջ ներառված չեն այն գործերը, որոնց լուծման արդյունքում հաճախորդներին փաստացի գումար չի հատուցվել, այլ բավարարվել է նրանց այլ պահանջ, ինչպես օրինակ՝ հօգուտ հաճախորդի փոփոխություն է իրականացվել վարկային պայմանագրում, ժամկետանց վարկի վերադասակարգում է տեղի ունեցել և այլն:

Ամենախոշոր հատուցումը կազմել է 8 մլն դրամ, իսկ ամենափոքրը՝ 450 դրամ։

Նշված շուրջ 189 մլն դրամի 80%-ն ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջների գծով հատուցումներն են։

Հաշտարարի հաշվետվության մեջ նշված է, որ բանկերի դեմ քննության ընդունված բողոքների կեսը լուծվել է հօգուտ հաճախորդի։ Իսկ ապահովագրական ընկերությունների մասով այս ցուցանիշը մոտ 84% է։

Ըստ գրասենյակի՝ քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն լինում ֆինանսական կազմակերպություններին։ Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում է կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա, և առանց գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու։ Լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է հաճախորդի` որպես սպառողի, շահերի ոտնահարման փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter