HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս մուրացկան վիճակից նեղվում եմ…»,- ասում է առաջնագծում գլխից վիրավորված 21- ամյա Ալբերտի մայրը

Հիվանդասենյակի սեղանին դրված տապակած կարտոֆիլով ու կոտլետով ափսեն Ալբերտի համար է: Այսօր սովորականից ավելի երկար է տևել վերականգնողական պարապմունքը: Պատուհանագոգին կտրտած մրգեր են դրված, ռենտգենի նկարներով թղթապանակներ և պատուհանին հենած Աստվածաշունչը:

Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը, ասում է, որ նախորդ տարվա հունիսից հիվանդանոցների պատերը դարձել են իր աշխարհը: Զրույցի ընթացքում հաճախ հոգոցներ է հանում, ձեռքով արագ մաքրում խոնավ աչքերը: Փայտյա աթոռին դրված հագուստը վերցնելով՝ խնդրում է նստել: Մահճակալի տակ դրված են Ալբերտի մարզակոշիկները, հողաթափերը: Ասում է՝ ինքն էլ չգիտի, թե որտեղից է գտնում այդ ուժը, որ դեռ դիմանում է:

21-ամյա Ալբերտ Դալլաքյանի պատմությանն անդրադարձել էինք նախորդ տարվա սեպտեմբերին: 2016-ի հունիսի 24-ին ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում 11 ամսվա զինծառայող Ալբերտ Դալլաքյանը հերթափոխից հետո իջել էր գետնատնակ (բլինդաժ): Արմինեն նշում է, որ սպան ինչ-որ մեկի զենքի հետ խաղալուց կրակել է Ալբերտի գլխին: Զինվորներից Գևորգ անունով մեկը՝ 6 ամսվա ծառայող, առաջին բուժօգնությունն է ցույց տվել Ալբերտին, ապա տեղափոխել են Մարտունու հոսպիտալ: Այդտեղ բժիշիկները, ըստ Արմինեի, զարմացել էին, թե նման վնասվածքով ինչպես են կարողացել տեղ հասցնել տղային, քանի որ արնաքամ լինելու վտանգ է եղել: «Գնդակը գլխի մի մասով մտել, մյուսով դուրս է եկել: Ձախ կիսագունդը ջնջխել է, փոքր ուղեղի միջով անցել, գլխավոր արյունատար անոթն է վնասվել… Սկզբից բժիշկները ժամերի կյանք էին տվել»,- դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր մայրը:

ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանին, ով, ըստ կոմիտեի, ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով):

Արմինեն, թղթապանակներից մեկը վերցնելով, ռենտգեն թղթերը հատ-հատ բացելով, նկարագրում է որդու ներկա վիճակը: Այս ամիսներին Ալբերտի հիշողությունը վերականգնվել է, տեսողությունը՝ մասամբ: «Ալբերտի աչքերը նեղ սպեկտրով են տեսնում. մեկ աչքը միայն դիմացն է տեսնում, մյուսը՝ միայն կողքը, դիմացը չի տեսնում: Բժիշիկների հետ խոսել եմ այս մասին, ասել են, որ հնարավոր չէ դա վերականգնել: Աչքերի չտեսնող հատվածները սպիեր են, հնարավոր չէ տեսողությունն ամբողջությամբ վերականգնել: Ասենք, եթե կողքը նստած մեկն ինչ-որ բան անի, չի տեսնում, դրա համար պիտի թեքվի»,- նշում է մայրը:

Հիմա տղան, ըստ Արմինեի, սկսկել է ուժգին ցնցումներ ունենալ: «Ալբերտը լրիվ փայտանում է կես ժամով, մի ժամով գիտակցությունն ամբողջությամբ կորցնում է: Ասում է՝ մամ, փայտացա, փայտացա, գրկում եմ... անկենդան մարմինը գրկիս, ինքն էլ՝ սևացած դեմքով: Ալբերտի գլխի հետևը չկա, ու Աստված չանի, այդ պահին չհասնեմ...»,- ասում է 39-ամյա մայրը: Նման ուժգին ցնցում վերջին անգամ մոտ 3 ամիս առաջ է եղել:

«Ճիշտն ասած, պլաստիկ վիրահատությանն էինք պատրաստվում: Գերմանիայից տիտան պիտի բերեին, մեկ էլ հետազոտությունների ժամանակ պարզվեց, որ Ալբերտի գլխի երակը կտրվել էր, չգիտեմ ինչի հետևանքով երակն ու զարկերակն իրար են կպել, ոնց որ, պարկ լինի, կիստայի նման բան կա: Հիմա դրանից եմ շատ վախենում, եթե ճնշումը բարձրանա ու դա պայթի, անդառնալի է: Մի անգամ բժշկի էինք գնացել իրար հետ, բժիշկն ասաց՝ ոնց որ քայլող ռումբ լինի գլխի մեջ, որ ամեն վայրկյան նույնիսկ փռշտալուց կարող է պայթել: Հիմա այդ անոթի վիրահատություն պիտի արվի, կյանքիցս առավել դրա մասին եմ մտածում»,- ասում է Արմինեն:

Մոտ երկու ամիս առաջ նա պաշտպանության նախարարություն է դիմել այդ վիրահատության համար: ՊՆ-ից պատասխանել են, որ Հայաստանում նման վիրահատություն անող բժիշկներ կան, անուններ են նշել: Արմինեն գնացել, հանդիպել է այդ բժիշկներին: Ասում է՝ մի տեղ բժշիկն ասել է, որ նման վիրահատություն չի անում, պիտի արյունազեղում լինի, բաց վիրահատություն լինի, որ անի, մյուս տեղում նշել են, որ սարքավորում չունեն այդ դեպքի համար... Ըստ Արմինեի՝ Հայաստանում միայն «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում են անում նման վիրահատություն, այն էլ 2010-ից են սկսել: «Այստեղ առաջարկում են փակել անոթի այդ հատվածները, բայց ոչ բավականին փորձ ունեն, ոչ էլ համապատասխան սարքավորումներ: Անոթների այդ հատվածը, որ կպել են իրար, սնուցումը պիտի փակեն: Աստված չանի, բա որ նյարդը փակեցին, չորացրեցին, դա կլինի անդառնալի… Իրենք էլ ասում են, թե ինչ կլինի՝ կլինի, երաշխիք չեն տալիս: Ես հասկանում եմ, որ նույնիսկ կույր աղիքի սովորական վիրահատության ժամանակ 100-տոկոսանոց երաշխիք չեն տալիս, բայց ամեն ինչի միջով անցանք, էրեխեն 3 ծանր վիրահատություն տարավ, ու հիմա ես գնամ մի քայլի, որի համար ընդհանրապես երաշխիք չեն տալիս մեզ»,- նշում է մայրը:

Արմինեն ասում է, որ ավելի մեծ երաշխիքներ տալիս են Մոսկվայում և Գերմանիայում, սակայն վիրահատության համար մեծ գումար է անհրաժեշտ: Գերմանիայի Հայլդելբերգի հիվանդանոցից պատասխան է եկել, ըստ որի՝ նեյրովիրաբույժները 35.200 դոլար են հաշվարկել վիրահատության ընդհանուր ծախսը:

ՊՆ-ից, ըստ Արմինեի, ասել են, որ արտասահմանում արվող վիրահատությունների համար չեն կարող վճարել: Մայրը չգիտի, թե ինչ անել, բարկանում է անզորությունից:

«Լավ, էս զինվորը վիրավորվեց, էս վիճակում հայտնվեց, էլ պետք չի՞ իրենց, էս էջը փակեցի՞ն, մի կողմ դրեցի՞ն: Ալբերտն առաջին կարգի հաշմանդամության թոշակ է ստանում՝ 91 հազար դրամ, միայն դա է պետության օգնությունը, իսկ մենք ամսական միայն 120 հազար դրամի դեղ ենք գնում…»,- նշում է 39-ամյա կինը: Երևանի Էրեբունի վարչական շրջանում տուն են վարձակալել: Ծախսերը շատ են, ամուսինը դեռ աշխատում է Դոնի Ռոստովում, բայց այնտեղ էլ, ըստ կնոջ, վիճակը լավ չէ:

Ալբերտը երկու քույր ունի, երեխաներից միջնեկն է: Վանաձորից 2007-ին ընտանիքով տեղափոխվել էին Դոնի Ռոստով: Ռոստովի պետական համալսարանի բիզնեսի կառավարման բաժնի ուսանող էր: Երկրորդ կուրսում որոշել էր տարկետում վերցնել ու վերադառնալ Հայաստան՝ բանակ գնալու: Այդ ժամանակ ծնողները Հայաստանում էին, փաստաթղթային հարցեր պիտի կարգավորեին: «Զանգեց, ասաց՝ մամ, գալիս եմ գնամ բանակ, ասացի՝ սպասի կգանք, կխոսենք: Ասաց՝ չէ, մամ, որ ես չգնամ, մյուսը չգնա, մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու»,- հիշում է Արմինեն: Ասում է՝ ինքը դեմ էր Ալբերտի որոշմանը, բայց ամուսինը խրախուսել էր որդուն:

Այս տարվանից Ալբերտը Երևանի պետական համալսարանի ուսանող է: Արմինեն նշում է, որ այդ հարցում իրենց աջակցել է «Սատար» ՀԿ-ն: Ալբերտն ուսումը շարունակում է կառավարում մասնագիտությամբ հեռակա ուսուցմամբ: Լոգոպեդի հետ աշխատանքը դեռ շարունակվում է: Առաջին անգամ դասի գնացել էր լոգոպեդի հետ, մայրն ասում է՝ խնդրել էր, որ ինքն ուղեկցի, բայց որդին հակադարձել էր, թե ուսանողներն ինչ կմտածեն, որ տեսնեն մայրն է դասի բերել իրեն: Երկրորդ անգամ դասի էր գնացել ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորներից մեկի՝ Հայկ Թորոսյանի հետ: Վերջինս սովորում է ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում:

«Դասից հետո Հայկի հետ եկել էին, հումորով պատմում էին իրենց օրվա մասին: Հայկն ասաց՝ Արմինե տոտա, պատկերացնո՞ւմ ես՝ իմ աչքը էս կողմը չի տեսնում, Ալբերտինն էլ՝ էն մյուս կողմը: Իրար հետ քայլում էինք, շրջվում էինք, նայում իրար ու շարունակում քայլել… Սա լսելու ժամանակ հուզմունքս հազիվ էի պահում, հետո գնացի դրսում լացեցի: Էրեխեքն էդ վիճակում հումորի են վերածում անգամ իրենց դժբախտությունը»,- ասում է մայրը, հետո որդու տետրն է բերում: Միասին նայում ենք Ալբերտի ձեռագիրը, Արմինեն հուզվում է:

Որդին լոգոպեդի հետ աշխատանքի շնորհիվ նորից տառերն է սովորել, արդեն գրում է, կարդում. վիրավորումից հետո հիշողությունն ամբողջությամբ կորցրել էր: «Պատկերացնո՞ւմ եք՝ համալսարանի ուսանող էրեխես էսօր տառերն ա սովորում, ու ես դրա համար ուրախանում եմ... Չգիտեմ՝ ինչ ասեմ»,- տետրին նայելով՝ ասում է 39-ամյա կինը: Ես լռում եմ, նայում եմ պատուհանից երևացող ծառերին: Իրականում չգիտեմ՝ ինչ կարելի է ասել այդքանից հետո:

Արմինեն, գուցե դա զգալով, շարունակում է, որ Ալբերտը նոր տրամադրությամբ է համակված, երազում է, որ համալսարանն ավարտի ու աշխատի: Ու երբեմն հարցնում է, թե երբ ավարտի, որտեղ է աշխատելու:

Մայրն ասում է, որ Ալբերտին ամբողջ իրականությունը չի ասում: Որդին չգիտի, որ առաջիկայում բարդ վիրահատություն է սպասվում: «Նայում եմ՝ կյանքով ուրախ է, բայց որ գիտեմ՝ ինչի է գնալու, սիրտս դողում է»,- ավելացնում է նա:

Քիչ անց Արմինեն դրամապանակից հանում է թղթի մի կտոր, որի վրա Ալբերտի վիրահատության համար բացած հաշվեհամարն է: Օրեր առաջ է բացել բանկում, ասում է՝ դեռ ոչ մեկին չի ասել այդ մասին: Մայրը մտածում է որդուն արտասահմանում վիրահատելու մասին:

«Էս մուրացկան վիճակից նեղվում եմ: Ամբողջ կյանքս ապրեմ, իմ էրեխեքին լավ պահեմ, էսօր դառել եմ մուրացկան: Ո՞ւմ պատճառով, չգիտեմ: Իմ էրեխեն տարկետմամբ եկել է ծառայելու, էսօր ո՞ւր ա իր պատասխանը…»,- ասում է մայրը:

Հ.Գ. Ալբերտի վիրահատության համար Արմինեն իր անունով հաշվեհամար է բացել «Յունիբանկ» ՓԲԸ-ում: 

24100365620400 - դրամ
24100365620401 - ԱՄՆ դոլար
24100365620402 - եվրո  

Մեկնաբանություններ (3)

Մարիամ
Էլի օտար ամայի ճամփեքին բուժում ստանալու պատրվակոկի ներքո ժողովուրդը հանգանակեց գնացիք ու մնացիք այնտեղ նոր ավադութա դարձել վիրավորած ժողովուրդի գումարներով երկրից հեռանալ ուրեն ժողովուրդի գումարներով այն ատասահմանում բուժված վիրավորները: ժողովուրդը կանգնեց եվ օգնեց ինչքան կարելի է օգնել բավան է Հոգնել ենք Եթե այստեղ մասնագետ կա բայց չեք վստահում ՊՆ նախարարությունից պահանջեք արտերկրից մասնագետ հրավիրել ինչքան նման հիվանդներ կան բուժեն պրծնենք մեռանք արդեն հովանավորել արտասաման փախնողներին բուժման պատրվակով բավական է :
Erjanik
Մարիամ մեծ մեծ խոսել եք սիրում արդեն իսկ առկա է ՀՀԿական մտածելակերպ։ քո երեխան լիներ ինչ կաներ? Հավի մտի նման վիզը կոլորեիր? Քո ու քո նման անշնորհակալ խոզերի համար են սահման հէլե.... Իբրեւ թե 10 դրամ ներդրում ունեցել ե՞ս որևէ մի զինվորի կյանքի բարելավման համար??? Եթե ձէռքտ գնար նման բան չեիր դուրս տա.... Գան Հայաստան որ այսօր Ելի քո խոզ ոչինչ հսկել? Բայց հարց տվել ես քեզ? Արժանի ե՞ս արդյոք....
Արարատ
Սիրելի Մարիամ, ցաւոք սրտի, չգիտեմ Մայր ե՞ս թե՝ դեռ աղջիկ. Մեկնաբանությունիցդ պարզւում է թե՝ դեռ մայրական և մարդկային զգացում որևե կերպ չունես: Ո՞վ է քեզ ստիպել որ նույնիսկ, մի լումա օգնես այս վիրավոր Հայ զինվորի կյանքը փրկելու համար: Ոչ՝ քո հովանավելու կարիքն են ուզում, ոչ՝ էլ քո վիրավորական, անիմաստ և անմարդկային խօսքերը լսելու: Ուղղակի զարմանալի է՝ մի Հայ կնոջի բերանից նման թույնոտ խօսքեր լսելուց: Ցաւում եմ քո համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter