HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Փոքր», «նեղ» ու «ճմռթված»․ ընդդիմությունը՝ Ազգալդյանի անունով կոչված փողոցի մասին

Քաղաքապետարանում այսօր կայացավ Երեւանի ավագանու նիստը, որի օրակարգում փողոցների անվանակոչության մի քանի հարցեր էին ընդգրկված։

Ինչպես հայտնի է, քաղաքացիական տարբեր խմբեր վաղուց պահանջում են, որ Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխվի արցախյան ազատամարտի նշանավոր դեմքերից մեկի՝ Լեոնիդ Ազգալդյանի անունով։ Այս նախաձեռնությունը ավագանու կազմում պաշտպանում է նաեւ «Ելք» խմբակցությունը։

Համայնքային իշխանությունները հարցը որոշ ժամանակահատվածում ձգձգելուց հետո ՀՀԿ խմբակցության միջոցով հանդես են եկել սեփական առաջարկով՝ Ազգալդյանի անունով կոչել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

«Երկիր Ծիրանի»-ի ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ 150 երիտասարդներին (նկատի ունի ուսանողներին – Գ․ Ա․ ) այսօր «Գորշ գայլերի» երախ ուղարկողները համարձակվել են Ազգալդյանի անունով կոչել մի նեղ ու ճմռթված փողոց։ «Ձեր կողմից անվանակոչած փողոցի անունը գրված է լինելու ընդամենը մի քանի տասնյակ մարդու անձնագրում եւ վերջ։ Անթույլատրելի է Ազգալդյանի անունով կոչել կորած-մոլորված մի փողոց, որտեղով գրեթե մարդ չի անցնում»,- հայտարարեց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սա ընդամենը մեծ գործը մի փոքր որոշմամբ «սղացնելու» փորձ է։

«Ելք»-ի անդամ Անի Խաչատրյանը դիմեց ՀՀԿ ավագանու՝ մշակույթի ներկայացուցիչ հանդիսացող անդամներին՝ ասելով, որ չորրորդ կարգի փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելը նրանց պատասխանատվության տակ է դնում։ ՀՀԿ-ից Կամո Հովհաննիսյանը հակադարձեց, որ նշված փողոցը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, նորակառույց թաղամասում։

Վերջին օրերին մամուլում հանդես են եկել Ազգալդյանի մարտական ընկերները, ընտանիքի անդամները՝ նշելով, որ ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը դրական են գնահատում։ «Ելք»-ի անդամ Դավիթ Խաժակյանը սրա կապակցությամբ նշեց, որ տպավորություն ունի, թե նրանք պարզապես համակերպվում են իրավիճակի հետ՝ տեսնելով, որ այլ հնարավորություն իշխանությունը չի տալիս։

Խաժակյանը նաեւ խոսեց Միկոյանի, Կասյանի, Ամիրյանի, Ֆրունզեի եւ այլոց անունները կրող փողոցները անվանակոչելու մասին։ «Ելք»-ը սրանց վերաբերյալ նույնպես որոշման նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով այդ փողոցներն անվանափոխել Վազգեն Առաջինի, Վռամշապուհ արքայի, Ապրիլյան հերոսների եւ Քըրք Քըրքորյանի անունով։ «Բոլշեւիկյան այդ գործիչները հայոց ազգի պատմության մեջ բացասական դեր են ունեցել։ Մեր հերոսը Միկոյանը չէ, մեր հերոսը Վազգեն Առաջինն է։ Մեր հերոսը Ֆրունզեն չէ, այլ՝ ապրիլյան հերոսները։ Ես վստահ եմ՝ Ֆրունզեի փողոցի բնակիչների 90 տոկոսից ավելին չի էլ ցանկանա իր անձնագրում տեսնել այդ անունը։ Եվ այս հարցը կմնա մեր քաղաքական օրակարգում այնքան ժամանակ, մինչեւ դրական լուծում չստանա»,- նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը։

Անահիտ Բախշյանը ելույթի հնարավորություն խնդրեց՝ ասելով, որ Լենինգրադյան փողոցն է պետք անվանափոխել Ազգալդյանի անունով։ Նա դիմեց հանրապետական գործընկերներին․ «Երբ մենք այս հարցը քննարկում էինք, դուք ասում էիք, թե ռուսները կարող են նեղանալ եւ այլն։ Ես էլ մտավախություն ունեմ, որ հատկապես այս օրերին, իրենք էլ կարող են Ռուսաստանում հայկական անունով որեւէ փողոց ետողորմյա անել։ Բայց սա մեզ չպետք է կանգնեցնի»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը դիտարկում արեց, որ Լենինգրադյան փողոցն անվանակոչվել է Լենինգրադ քաղաքի պաշտպանության ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին։

Նորակառույց թաղամասի 700 մետրանոց փողոցն Ազգալդյանի անունով կոչելուն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ն, «դեմ»՝ «Ելքը» եւ «Երկիր ծիրանին»։

Մի քանի անվանակոչություններ եւս եղան։ Հայաստանի ԱԳՆ-ի առաջարկով՝ Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչեւ Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը վերանվանվեց Հնդկաստանի փողոց։ Իսրայելյան փողոցից մինչեւ Հրազդանի կիրճ ընկած հատվածը՝ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը, անվանակոչվեց Սերգեյ Փարաջանովի փողոց։

Հնդկաստանի անունով փողոց ունենալը, ըստ նախագծի հիմնավորման, Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների, արդյունաբերության բարձրացման, տեխնոլոգիաների, կրթության եւ մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերություններն ամրապնդելու նպատակ է հետապնդում։  

Երեւան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածն անվանակոչվեց Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով։ Սա ՀՀԿ-ի եւ ԵԼՔ-ի համատեղ նախաձեռնությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter