HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Եթե մարդիկ չեն հասկանում կարմիրգրքային կենդանու, թռչունի արժեքը, ապա թող զրկվեն որս անելու հնարավորությունից, առգրավեք հրացանները»

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձաժողովում այսօր հրավիրված խորհրդարանական լսումներին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1% տարածք, ինչն առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ:

«Սա նաև նշանակում է, որ մենք մեր ռազմավարությանը համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր պետք է իրականացնենք», - ասաց Մինասյանը։

Բնապահպանության նախարարության «Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման» բաժնի պետ Արամ Աղասյանն իր ելույթում մանրամասնեց՝ Հայաստանում 3800 տեսակի բարձրակարգ տեսակի բույսեր են պահպանվում, 17750 տեսակի կենդանատեսակներ։ Հայաստանի տարածքում քիչ չեն նաև էնդեմիկ տեսակները՝ 144 բարձրակարգ բույսերի տեսակներ և 500 կենդանատեսակներ։

Աղասյանը տեղեկացրեց՝ ԲՆ-ն նախատեսում է «Ջերմուկ», «Տաթև» ազգային պարկերի ստեղծում։ Բանախոսը հիշեցրեց՝ Հայաստանում գործում է երեք պետական արգելոց, չորս ազգային պարկ, 27 արգելավայր և 232 բնության հուշարձան, որոնցից 31-ն այս պահի դրությամբ ունի անձնագիր։ Աղասյանի խոսքով՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների օրենքի փոփոխությամբ ԲՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել նոր կատեգորիա՝ պահպանվող լանդշաֆտ, ինչը ենթադրում է տեղական համայնքների կողմից կառավարվող բնության հատուկ տարածքների պաշտպանություն։ 

Արամ Աղասյանի խոսքով՝ 2010 թվականին վերահրատարակվել է Կարմիր գիրքը, որտեղ լուրջ փոփոխություններ են կատարվել, օրինակ անողնաշար կենդանիները, սնկերն ընդգրվել են այնտեղ։ Աղասյանն անդրադարձավ «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի հրդեհին՝ նկատելով, որ կա թյուր կարծիք, ըստ որի հրդեհից հետո այն ամբողջովին այրվել է։

«Ընդամենը 2000 հեկտար մակերեսով շրջագծով էր հրդեհը, որից շատ այրված տարածքը 110 հեկտար էր կազմում, իսկ հրեդեհից մեկ ամիս անց նկատվում էր  բույսերի վերականգնման գործընթաց։ Դա կապված էր նրա հետ, որ կրակը շատ արագ էր անցել, և բույսերի արմատային համակարգերը չէին վնասվել»,- ասաց նա։

Բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադարձավ հանքարդյունաբերության խնդրին՝ նկատելով, որ հատուկ պահպանվող տարածքների կողքին հանքարդյունաբերական արտադրություն է գործում։

«Դա լուրջ հետևանքեր ունի, դրանց մասին զեկույցում ոչինչ չկար, հիմա կարող եմ ասել նոր ստեղծվող «Ջերմուկ» ազգային պարկի և նոր շահագործվող Ամուլսարի  հանքավայրի մասին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ համադրությունը»,- հարցրեց նա։ Բանախոսը նկատեց, որ հարցը ցավոտ է, քանի որ մի կողմից պետությունն ուզում է տնտեսություն զարգացնել, որի հիմնական ճյուղերից մեկը հանքարդյունաբերությունն է, մյուս կողմից ցանկանում են կենսաբազմաբանություն, լանդշաֆտային պահպանություն իրականացնել։

«Մենք գիտենք, որ բնության հատուկ պահպանվող հատուկ տարածքներում որևէ հանքարդյունաբերոթյուն հնարավոր չէ՝ առանց  հողի կատեգորիայի փոփոխության, դա ինչ-որ ձևով կանխարգելող  հանգամանք է», - ասաց նա՝ հավելելով, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման համար իրենք փորձաքննությամբ ամրագրել էին, որ այդ հատվածում Կարմիր գրքում գրանցված շատ տեսակներ կան, ինչից հետո շահագործման դիրքը փոխվել է։

«Մենք չենք կարող հանքարդյունաբերությունը կանգնեցնել»,- նկատեց ԲՆ աշխատակիցը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ Եղեգիսի կիրճում կենդանիների բեղմնավորմանը, ինչի հետևանքով արջերի քանակն ավելացել է, իսկ վերջիններս հարակից գյուղերի բնակիչների բարիքների միջոցներով են գոյատևում։

«Ձեր լավ աշխատանքի արդյունքում բազմացել են նաև արջերը և խնդիրներ առաջացրել բնակիչների համար,  հավանաբար կերի պակասի պատճառով իրենք իջնում են գյուղեր և ավերում գյուղացիների ստեղծած բարիքները, ժողովուրդն անպաշտպան իրավիճակում է հայտնվել»,- ասաց Բագրատյանը։

Աղասյանը համաձայնեց, որ նման խնդիր կա և հավելեց, որ արջին կրակել, վնասազերծել չի կարելի, քանի որ այն Կարմիր գրքում գրանցված կենդանի է․

«Մի ճանապարհ է մնում՝ խիստ հսկողություն սահմանել և վախեցնող  մեթոդներ ստեղծել»,- ասաց նա։ Պատգամավորը հակադարձեց՝ վախեցնելն էլ չի օգնում, ինչպես բնակիչներն են պատմում նույնիսկ օդում կրակելը չի օգնում։ «Փաստորեն սոցիալ-տնտեսական վիճակն ազդել է նաև արջերի վրա, պետք է կարողանանք կեցության վայրերում կերակրել արջերին»,- ասաց Բագրատյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էլ անդրադարձավ ոլորտի խնդիրներին և մասնավորապես Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսին։ Նազարյանը հիշեցրեց Շենավանի գյուղապետի դեպքը։

«Նա հրապարակել էր իր լուսանկարը՝ որսորդական հագուստով, ձեռքին ավար՝ կարմիրգրքային սպիտակագլուխ անգղ, որն իբր գտել էր ճանապարհին։ Ոստիկանությունն, ի պատասխան իմ հարցման, տեղեկացրել է, որ քրեական գործ չի հարուցվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։ Պատկերացնո՞ւմ եք, որ ցանկացած ոք կարող է Կարմիր գրքում գրանցված կենդանու որս անել ու գործ չհարուցվի, քանի որ վաղեմության ժամկետը սպառվել է։ Վաղեմության ժամկետը միշտ կարող է անցած լինել, իսկ որսագողերն ազատվեն պատասխանատվությունից։ Պարոն նախարար, դիմեք ամենածայրահեղ միջոցների՝ առգրավեք բոլորի որսորդական հրացանները, եթե մարդիկ չեն հասկանում կարմիրգրքային կենդանու, թռչունի արժեքը, ապա թող զրկվեն որս անելու հնարավորությունից»,- ասաց Նազարյանը՝ դիմելով Արծվիկ Մինասյանին։

Պատգամավորն անդրադարձավ կենդանիներին սպառնացող մեկ այլ երևույթի մասին։ «Կա մի քաղքենի երևույթ՝ չգիտեմ որ դարից մնացած, երբ վայրի կենդանուն պահում են տանը, բակում, ռեստորանի բակում՝ վանդակի մեջ, այդպես դանդաղ սպանում, իսկ հետո խրտվիլակ սարքում։ Դա անթույլատրելի է, այդ կենդանիներին պետք է առգրավել, ապահովել բնական միջավայր և պատիժ սահմանել»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ որսի և որսորդության կանոնները վերանայվում են, ավելի են խստացվում։ «Պնդելու ենք, որ խաղի կանոնները պահպանվեն»,- ասաց նախարարը։

Մեկնաբանություններ (1)

Marina Ossipova-Shakhbazyan
О какой охоте вообще может идти речь в 21 веке??!! Мы превратили в руины всю дикую природу, вырубили леса, засорили океаны, уничтожили среду обитания сотен тысяч живых существ. И продолжаем хотеть убивать???? Армянский народ хорошо помнит геноцид 15 года прошлого века. Неудели это не основание для того, чтобы начать уважать свободу и право на жизнь других таких же живых существ, рожденных на планете и имеющих это право??!! Человек должен перестать считать себя венцом творения! Он должен перестать убивать! В противном случае его жлёт та же печальная участь, что и судьба тех, кого он не посчитал своим долгом спасать и защищать! Уважайте чужую жизнь! Это единственный путь и способ гуманной жизни на земле!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter