HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված ԶԼՄ-ները կարող են տուգանվել մինչև 5 մլն ռուբլիով

Ռուսաստանի Պետդումայում ներկայացվել է օրենքի նախագիծ, որը տուգանքներ է նախատեսում երկրում «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցների համար: Օրենքի կոպիտ խախտումների համար նախագծի հեղինակները առաջարկում են մինչև 5 միլիոն ռուբլի (86 հազար ԱՄՆ դոլար) տուգանք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագծի համաձայն՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը առաջին անգամ խախտելու դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքը սահմանվում է 10 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 հազար ռուբլի: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը զգալիորեն ավելանում է՝ պաշտոնատար անձանց համար 100 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 մլն ռուբլի:

Յուրաքանչյուր հերթական խախտման դեպքում ֆիզիկական անձանց համար կսահմանվի 100 հազար ռուբլի տուգանք կամ 15-օրյա կալանավորում, իսկ իրավաբանական անձանց համար՝ 5 մլն ռուբլի տուգանք:

Օրենքի նախագծի հեղինակները նշում են, որ տուգանքը կկիրառվի այն դեպքում, եթե «տեղեկատվական նյութերը տարածվեն առանց մակագրման այն մասին, որ ստեղծվել են «օտարերկրյա գործակալ»-ԶԼՄ-ի կողմից»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Պետդուման ամբողջությամբ ընդունեց «Տեղեկատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը թույլ կտա կառավարությանը որպես «օտարերկրյա գործակալ» ճանաչել արտասահմանից ֆինանսավորվող լրատվամիջոցներին: Ռուսաստանի կառավարությունը դեռևս չի սահմանել այն չափորոշիչները և «գործակալ» ճանաչելու մասին կարգավորումները:

Ռուս խորհրդարանականները այս օրենքի ընդունումը որակում են որպես պատասխան քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը, որը  «RT America» հեռուստաընկերությունը գրանցել էր որպես «օտարերկրյա գործակալ»:

Ռուսաստանի Դաշնությունում «օտարերկրյա գործակալ» ճանաչված լրատվամիջոցները պարտավոր են իրենց հաշվետվություններում նշել իրենց ֆինանսավորման աղբյուրները և թե ինչերի համար են ծախսվել այդ միջոցները: Բացի դա, նրանք պետք է իրենց հաշվին պարտադիր աուդիտի ենթարկվեն:

«Օտարերկրյա գործակալ»-ԶԼՄ-ների մյուս պարտավորությունները կորոշի արդարադատության նախարարությունը, որն էլ կսահմանի «գործակալների» ցանկը: Պատգամավորները նախկինում նշում էին, որ օրենքը կարող է տարածվել «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի, CNN-ի և «Deutsche Welle»-ի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter