HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Որ դուք հարցնեք ու չիմանաք»․ ՀՀԿ-ն մերժեց «Ելք»-ի չորս առաջարկները

Այսօր կայացած ավագանու նիստում «Ելք» խմբակցությունը ներկայացրեց չորս առաջարկ՝ մայրաքաղաքի որոշ փողոցներ անվանափոխելու վերաբերյալ։

Դրանք են՝ բոլշեւիկ Արսեն Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների, Սարգիս Կասյան փողոցը՝ Վազգեն Ա կաթողիկոսի եւ Անաստաս Միկոյանի փողոցը՝ ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի անունով անվանափոխելու մասին առաջարկները։

Բոլոր չորս հարցերին Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը տվել էր բացասական եզրակացություն։

«Երկիր Ծիրանին» բոյկոտեց անվանափոխությունների վերաբերյալ բոլոր չորս հարցերը, նշելով, որ Քըրքորյանի, Վազգեն Ա-ի եւ մյուսների անուններով փողոցներ պետք է լինեն Երեւանի փոքր կենտրոնում, այնինչ «Ելք»-ի առաջարկներում այդպես չէ։

«Ելք»-ի ներկայացուցիչները ավագանուն զեկուցեցին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա կազմի մեջ մտնող գրեթե բոլոր հանրապետություններում տեղի են ունեցել արժեհամակարգային փոփոխություններ, վերարժեւորվել են պատմական եւ քաղաքական իրադարձությունները, «հերոսների» ու «հակահերոսների» դերն ու նշանակությունը, բայց Հայաստանում այդ գործընթացը կիսատ է մնացել։

«Սարգիս Կասյանը կանգնած է հայոց պետականության ոչնչացման ակունքներում: Բոլշեւիկների կողմից Հայաստանի առաջին Հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակով ղեկավարել է Հայհեղկոմը՝ Հայաստանում հիմք դնելով բռնաճնշումներին եւ քաղաքական էլիտայի բնաջնջմանը, որոնք ամրագրված են փաստաթղթերով», «Ֆրունզեն ղեկավարել է խորհրդա-թուրքական հարաբերությունների կարգավորման պատվիրակությունը, ջերմ հարաբերություններ է ունեցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Նրա արձանը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, Աթաթուրքի կողքին է կանգնեցված։ Առկա է նաև Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների դիմում-խնդրանքը Ֆրունզեի անվան փողոցն անվանափոխելու մասին», «Միկոյանը մարդկության դեմ հանցագործություն է կատարել», «Արսեն Ամիրյանը հայտնի է միայն նրանով, որ եղել է Բաքվի կոմունայի անդամ, նա հայոց պատմության մեջ որեւէ դերակատարում չի ունեցել» «Ելքի» ներկայացուցիչների այս հայտարարությունները որեւէ ազդեցություն չունեցան ՀՀԿ-ի դիրքորոշման վրա։

Տարոն Մարգարյանն ավագանու անդամ Տիգրան Ավինյանին հարցրեց «Մենք դեմ չենք Երեւանում Վազգեն Վեհափառի անունով փողոց ունենալուն։ Բայց արդյոք դուք եկեղեցու, Էջմիածնի կարծիքը հարցրե՞լ եք, հաշվի առե՞լ եք նրանց կարծիքը»։

Ավինյանը պատասխանեց «Մենք խոսել ենք կաթողիկոսի խոսնակի հետ, եւ Էջմիածնում դիրքորոշումը փաստացի հետեւյալն է։ Նրանք դեմ չեն Կասյան փողոցն ավանափոխելուն, պարզապես ցանկալի են համարում ավելի մեծ եւ կենտրոնական փողոց Վազգեն Ա-ի անունով կոչելուն։ Ես կարծում եմ, որ Կասյան փողոցը թերագնահատված է։ Այդ փողոցն իրար է կապում Կոմիտասի եւ Բաղրամյան պողոտաները։ Եվ Կասյան փողոցը Վազգեն Ա-ի անունով անվանակոչելը շատ խորհրդանշական կլինի»։

Տարոն Մարգարյանն ասաց, որ «Ելք»-ի ներկայացրած նախագծում պակասում է կաթողիկոսարանի «թուղթը», եւ որ բանավոր խոսքն իրենց ոչինչ չի ասում։ «Մենք՝ հանրապետականներս, կողմ ենք Վազգեն Առաջինի անունով փողոց ունենալուն, եւ ավելի լավ վայրում»,- ասաց նիստը վարող քաղաքապետը։

Ալեն Սիմոնյանը հարցրեց, թե ավագանու մշակույթի հանձնաժողովն ի՞նչ հիմնավորմամբ է բացասական եզրակացություն տվել, պատասխան եղավ, որ ՀՀԿ-ն պարզապես դեմ է անվանափոխություններին։ Երբ Սիմոնյանը մի քանի անգամ պնդեց՝ ինչու՞, Տարոն Մարգարյանը արձագանքեց «Որ դուք հարցնեք ու չիմանաք»։ Ավելի ուշ քաղաքապետը մանրամասնեց, որ ՀՀԿ-ն մտադիր է պատմության գնահատման պատասխանատվությունը թողնել հաջորդ սերունդներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter