Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Աբովյանի պետական քոլեջի ուսանողները դասադուլ են սկսել. պահանջում են ջեռուցել քոլեջը



Աբովյանի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ այսօր բողոքի ակցիա-դասադուլ են հայտարարել: Ուսանողներն առավոտյան առաջին դասաժամին մասնակցել են, ապա` որոշել սկսել դասադուլը: Այս մասին  «Հետք»-ին ասացին դասադուլին մասնակցած ուսանողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն:

Վերջիններիս փոխանցմամբ՝ քոլեջը չի ջեռուցվում և նման պայմաններում հնարավոր չէ մասնակցել դասերին: Ուսանողներն, իրենց պնդմամբ, մինչև այժմ բազմիցս պահանջել են, որպեսզի ջեռուցմամբ ապահովեն քոլեջը, ինչը, սակայն, առ այսօր չի արվել:

«Ի պատասխան մեր պահանջներին՝ փորձել են քոլեջից հեռացնել դասադուլի մասնակից  ուսանողներից մեկին՝ Վահե Քամալյանին»,- մեզ հետ զրույցում ասաց դասադուլի մասնակից ուսանողներից մեկը:

Վերջինիս խոսքով՝ այսօր քոլեջի տնօրեն Գևորգ Սողոմոնյանի և Վահե Քամալյանի միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ տնօրենն ասել է, թե Քամալյանին կհեռացնի քոլեջից:

Դասադուլի մասնակիցներն ասում են, որ դասախոսներից շատերն իրենց գործողություններին ըմբռնումով են մոտենում, որոշ դասախոսներ անգամ, հաշվի առնելով հանգամանքը, որ քոլեջը չի ջեռուցվում, մինչև այժմ  իրենց բացակայություններին մեծ ուշադրություն չեն դարձրել:

«Նույնիսկ դասախոսներից ոմանք ասում են՝ մի եկեք քոլեջ, քանի դեռ չեն ջեռուցում»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը և նշում, որ այսօրվա իրենց բողոքի ակցիայից հետո տնօրենը մտել է լսարաններ ու պահանջել, որպեսզի բոլոր բացակայությունները գրանցվեն:

Բողոքի ակցիա իրականացրած ուսանողների փոխանցմամբ` որպես բողոքի նշան իրենք տևական ժամանակ թեև քոլեջի տարածքում են եղել, սակայն հրաժարվել են լսարաններ մտնել: Դասադուլի մասնակիցների թիվը, ուսանողների փոխանցմամբ, հասել է 60-70-ի:

Քոլեջի ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ քոլեջի ղեկավարությունից իրենց ասել են, թե հնարավոր է՝ ջեռուցումը միացվի դեկտեմբերի 1-ից, սակայն դա դեռևս հաստատ չէ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք քոլեջի տնօրենի աշխատասենյակի համարով: Մեզ հայտնեցին, որ լսափողը փոխանցում են քոլեջի փոխտնօրենին: Լսափողին մոտեցած անձը, սակայն, հրաժարվեց ներկայանալ, որպեսզի հնարավոր լիներ հավաստիանալ, որ նա քոլեջի փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Մեզ հետ զրուցող անձը փորձում էր պարզել, թե ով է մեզ տեղեկություններ հայտնել, և այն բանից հետո, երբ մենք հրաժարվեցինք կոնկրետ անուններ նշել, ասաց, թե ինքն էլ իր անունն ու ազգանունը չի ասելու: Ամեն դեպքում, տնօրենի աշխատասենյակից խոսող անձը պնդում էր, թե ուսանողները դասադուլ անելու իրավունք չունեն:

Ավելի ուշ կապ հաստատեցինք նաև քոլեջի տնօրեն Գևորգ Սողոմոնյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենց ուսումնական հաստատությունում սովորաբար ջեռուցումը սկսվում է նոյեմբերի 15-ից, սակայն այս տարի ջեռուցման համար նախատեսված գազի կաթսան տեխնիկական խնդիր ունի, որի պատճառով հնարավոր չի եղել կաթսայի միջոցով ապահովել քոլեջի ջեռուցումը:

«Կաթսան միացրել ենք, հանկարծակի պարզել, որ չի աշխատում: Ահագին հին կաթսաներ են, եթե չեմ սխալվում՝ 80-ակաների, մենք հնարավորություն չենք ունենում միլիոնավոր դրամներ տալ` նոր կաթսաներ ձեռք բերելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց քոլեջի տնօրենը:

Վերջինիս խոսքով` իրենք նոյեմբերի 15-ին, այսինքն` այն օրը, որ օրվանից սկսած պետք է քոլեջը ջեռուցվեր, փորձել են միացնել կաթսան, և այդ ժամանակ են պարզել, որ չի աշխատում: Կաթսայի փչացած մասերը, ըստ տնօրենի, դժվար է գտնել: Մեր հարցին` երկու շաբաթ շարունակ չեն կարողացե՞լ հայթայթել այդ մասերը, Սողոմոնյանը պատասխանեց, որ մի կաթսան այսօր արդեն վերանորոգվել է, երկրորդն էլ պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի մեկը, որպեսզի այդ օրվանից հնարավոր լինի ջեռուցել քոլեջը:

Քոլեջի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց նաև, թե այն, ինչ տեղի է ունեցել այսօր, դասադուլ չի եղել և փորձեց տեղի ունեցած իրադարձությունների սլաքներն ուղղել դեպի քոլեջի մեկ ուսանողը:

«Անկեղծ ասած՝ ուսանողները դասադուլ չեն անում, ուղղակի քոլեջի ինչ-որ ուսանող որոշել է, որ ինքը պետք է դասադուլ կազմակերպի, այդ իսկ պատճառով այսպես է ստացվել»,- ասաց Սողոմոնյանը և նշեց, որ խոսքը Վահե անունով ուսանողի մասին է, ում ազգանունն ինքը չի հիշում:

«Նա պրոբլեմատիկ ուսանող է, ես անընդհատ նրան ընդառաջում եմ, շատ անգամ է եղել, որ նա պետք է արդեն հեռացվեր քոլեջից, բայց ես, նկատի ունենալով, որ նա ուսանող է, որ երիտասարդ է, կարող է սխալվել, կարող է ինչ-որ օր բացակայել, քանի որ աշխատում է, ընդառաջում եմ: Բայց եկեք տեսեք, որ նա հանդգնում է»,- ասաց Գևորգ Սողոմոնյանը:

Քոլեջի տնօրենն ասում է, որ Վահեն մտել է լսարաններ ու հորդորել դասադուլ անել, բայց բացակայություններն, ըստ էության, շատ չեն եղել:

«Ես բոլոր կուրսերով պտտվել եմ, որ կուրսում բացակայություն է եղել, արձանագրվել է, մի մասը հիվանդ է եղել, ուղղակի երեխաները շփոթության մեջ կանգնած էին. դա բացակայություն չէ»,- ասաց Գևորգ Սողոմոնյանն ու առաջարկեց քոլեջում տեղի ունեցածը չանվանել դասադուլ:

«Դասադուլ ասվածը մի քիչ լայն հասկացություն է. դա չի կարող դասադուլ լինել, եթե ինչ-որ մեկը որոշում է, որ կարող է ինչ-որ հիմար բան անել, չի նշանակում, որ դա էդպես է»,- ասաց տնօրենը:

Տնօրենից հետաքրքրվեինք` արդյոք այսօր ուսանող Վահե Քամալյանին հեռացնելու վերաբերյալ որևէ նախազգուշացում տրվել է: Սողոմոնյանը նշեց, որ ինքը որևէ նախազգուշացում չի տվել, պարզապես ասել է, որ եթե ինչ-որ հարց ունեն, ապա ինչո՞ւ իրեն չեն դիմել, ինչու՞ չեն գնացել ու ասել, որ իրենք մրսում են, որպեսզի ինքն էլ բացատրեր, որ գազի կաթսան փչացել է:

«Սա մեկ անձի քմահաճույքի կամ մեկ անձի շեղվածության...Այսինքն` ես տարիներով կարող եմ իրեն ընդառաջել, իր խնդրանքը հաշվի առնել, իր համար լավ բան անել, ու ինքը կարող է դուրս գալ...Ես չեմ էլ կարող ասել, որ սա ինչ-որ մեկի դրդմամբ է եղել, որովհետև մեր քոլեջը շատ հանգիստ, խաղաղ հաստատություն է, այստեղ կոնֆլիկտներ չեն լինում...ուղղակի երևի հեռուստացույցով տեսել են, որ ուսանողները դասադուլ են անում և գայթակղվել են ու մտածում են, որ հազիվ առիթ է, եկեք աչքի ընկնենք»,- ուսանողների բողոքի վերաբերյալ մեկնաբանություններ էր անում տնօրենը:

Մեր դիտարկմանը, որ ուսանողների բողոքի պատճառը հստակ է. նոյեմբեր ամսվա վերջին օրերն են, իսկ քոլեջը ցուրտ եղանակային պայմաններում չի ջեռուցվում, և իրենց բողոքից հետո էլ տնօրենն ասում է, թե այսուհետ բոլոր բացակայություններն անխտիր դրվելու են, Սողոմոնյանը պատասխանեց, որ բացակայությունները միշտ են դրվում, որ ինքը պարզապես այսօր անցել է բոլոր լսարաններով ու հարցրել, թե այս կամ այն անձի բացակայությունը ինչո՞ւ չի դրվել:

Քոլեջի ուանողները մեզ հետ զրույցում նշել են, որ փոխտնօրեն Վիկտոր Մաղաքյանը քոլեջում շրջել ու հայտարարել է, որ «լավ էլ տաք է»: Գևորգ Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` արդյոք վերջինս նույնպես համարում է, որ քոլեջում ցուրտ չէ:

«Տաք ասելով, անկեղծ ասած, հիմա անգամ բնակարաններն են ջեռուցում, տաք չի լինում, բայց ձեզ ասեմ, որ էլեկտրական վառարաններ են միացվում»,- ասաց տնօրենը` նշելով, որ եթե, ենթադրենք, լսարանում կիսամերկ բնորդ է նստած, ինչպե՞ս կարող է այդ լսարանը որևէ կերպ չջեռուցվել:

«Ինչպե՞ս է ստացվում, որ կիսամերկ նստած բնորդը չի մրսում, մրսում է Վահեն»,- հերթական անգամ այս ուսանողին անդրադարձավ Գևորգ Սողոմոնյանը:

Ուսանողները, սակայն, պնդում են, թե քոլեջում միայն փոխտնօրենի աշխատասենյակն է էլեկտրականությամբ ջեռուցվում, հնարավոր է՝ նաև մեկ-երկու այլ սենյակներ, որտեղ չափազանց ցուրտ է:

Մեզ հետ զրույցում ուսանողները, ինչպես նշեցինք, ասել են, որ դասադուլի մասնակիցների թիվը հասել է մոտ 60-70-ի:

Տնօրենից փորձեցինք հետաքրքրվել` քա՞նի ուսանող է մասնակցել բողոքի ակցիային, սակայն վերջինս կոնկրետ կամ մոտավոր թիվ չնշեց, փոխարենն ասաց, որ իր համար վիրավորական է ուսանողների պահվածքը, քանի որ ինքն ամեն ինչ արել է, որպեսզի քոլեջում ուսման համար լավ պայմաններ ստեղծի:

«Ես շատ վիրավորված եմ, ուղղակի ես այս վիրավորանքը ընդհանուր չեմ ընդունում, քանի որ դա մի հոգու կազմակերպած է. մի քանի հոգով խաթրով եկել, կողքը կանգնել են, ապա արցունքն աչքերին եկել, իմ մոտ կանգնել, ասել են` կներեք, չենք հասկացել, գնացել կանգնել ենք. չկա անձ, ով քոլեջի որևէ հարցով ինձ դիմի ու ես չօգնեմ»,- վրդովմունքն արտահայտեց Գևորգ Սողոմոնյանը:

Քոլեջի տնօրենն, այնուամենայնիվ, նշեց, որ ցրտի պատճառով բացակայությունները չեն դրվելու: Հարցին՝ ինչու՞ են մինչև այժմ դրվել, Սողոմոնյանը վստահեցրեց, որ դրված բացակայությունները հարգելի կհամարվեն:

Նշենք, որ ուսանողները մեզ հետ զրույցում ասացին, որ վաղը նույնպես շարունակելու են դասադուլը:

Լուսանկարը` Աբովյանի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ