HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը «Սասնա ծռեր»-ի գործով անցավ դատաքննության փուլին. ընթերցվեց Պավել Մանուկյանի մեղադրանքը

ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործը մտավ դատաքննության փուլ:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն ընթերցեց ամբաստանյալներից մի քանիսի վերաբերյալ մեղադրական եզրակացությունների եզրափակիչ մասը:

«Ես չեմ պատրաստվում լսել այս բարբաջանքը»,-մեղադրողը հազիվ մի քանի բառ էր հասցրել ընթերցել, երբ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը տեղից նման հայտարարություն արեց, ապա ասաց, որ դատավորն իր նկատմամբ սանկցիա կիրառի:

«Սանկցիա չեմ ուզում կիրառել»,- պատասխանեց Մեսրոպ Մակյանը:

«Ես եմ ուզում»,- ասաց Խանդոյանն ու սկսես միտումնավոր այնպիսի պահվածք դրսևորել, որ իր նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցա կիրառելու հիմքեր ստեղծի:

«Բա ասում եք կամակատար չեմ, ուզում ես խփե՞ս, գամ, խփի»,- ասաց Խանդոյանն ու վեր կացավ տեղից:

Վերջինիս պահվածից «սանկցիա ստանալու» ցանկությունն այնքան ակնհայտ էր, որ դատավոր Մակյանը ևս սկսեց ծիծաղել, ապա Արայիկ Խանդոյանի «պլանն իրագործեց» ու նրան նիստերի դահլիճից 3 ժամով հեռացրեց:

Դրանից հետո շարունակվեց ամբաստանյալների մեղադրանքի եզրափակիչ մասի ընթերցումը: Նշենք, որ «Սասնա ծռերի» վերաբերյալ կոնկրետ այս գործով անցնում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Այսպես, ըստ  Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքի, վերջինս Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների հետ ցանկացել է 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել, սակայն այդ մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել իրագործել, քանի որ ապրիլի 24-ից առաջ արգելանքի է վերցվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից  որոշ ժամանակ անց Մանուկյանն, ինչպես նաև այս գործի շրջանականերում կալանավորված այլ անձինք ազատ արձակվեցին:

Ըստ մեղադրանքի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում, այնուամենայնիվ, Մանուկյանն իր հանցավոր մտադրությունից չի հրաժարվել և այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը ապօրնի զենք, զինամթերք պահելու, փոխադրելու մեջ մեղադրվել ու կալանավորվել է, Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանի Արայիկ Խանդոյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի և գործով մյուս ամբաստանյալների հետ նախնական համաձայնությամբ, որոշել են զավթել ու պահել ՊՊԾ գնդի շենքերը,շինությունները եւ ոստիկանական տրանսպորտի միջոցները,վերցնել և պահել պատանդներ, որից հետո պատանդներին ազատելու պայմանով պետությանը հարկադրել քրեակատարողական հիմնարկից ազատել Ժիրայր Սեֆիլանին և մի շարք այլ անձանց, որոնք ազատազրկված են եղել:

Ըստ մեղադրանքի՝ այս մտադրությունն իրականացնելու համար Պավել Մանուկյանը կազմակերպված խմբի մյուս անդամների հետ, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել մեծ քանակությամբ զենք, զինամթերք:

Ապա, ըստ մեղադրանքի 2016-ի հուլիսի 17-ին Պավել Մանուկյանն ու խմբի մյուս անդամները զենքի գործադրմամբ,  այնտեղ ծառայություն իրականցնող ոստիկանների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով ներխուժել են Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի տարածք:

Մեղադրական եզրակացության եզրափակից մասում նկարագրված են ոստիկանների սպանության, խմբի կողմից ոստիկաններին ու ՊՊԾ գնդի տարածք գնացած բուժաշխատողներին պատանդ պահելու, խմբի անդամների կողմից մամուլի կենտրոն ստեղծելու, իրենց ինտերնետ կապով ապահովելու պահանջներին և ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած այլ իրադարձություններ:

Դատարանն այս նիստով  ավատին չհացրեց գործով ամբաստանյալների մեղադրանքի եզրափակիչ մասի հրապարակումը, հաջորդ դատական նիստին դրանց հրապարակումը կշարունակվի:

Նշենք, որ մինչ դատաքննության փուլին անցնելը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ այդ գործին առնչվող իրավական խնդրի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ալումյանի խոսքով՝ ՀՀ սահմանդրությամբ ամրագրված է ժողովրդի ապստամբելու իրավունքը, սակայն այդ իրավունքի իրացումը, որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք,  նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխով, որում սահմանված են հենց հանցավորությունը բացառող հանգամանքները:

Այսպիսով,  ըստ Ալումյանի, առկա է հակասություն  Քրեական օրենսգրքի և Սահմանադրության միջև, ինչը կարող է բացասական հետևանքներ  առաջացնել ամբաստանյալների  պաշտպանյալի համար և անհնարին դարձնել կամ զգալիորեն դժվարացնել նրանց պաշտպանությունը:

Բանն այն է, որ այս գործով  ամբաստանյալները հայտարարում են, որ իրենք իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը, հետևաբար, նրանք իրենց իրավունքի իրացման համար պատսխանատվության ենթարկվել չեն կարող:

Միջնորդության վերաբերյալ հայտարարություններ արեցին նաև ամբաստանյալերը:

«Բա էլ ինչպե՞ս պաշտպանեինք մեր,  մեր երեխաների իրավունքները, եթե ոչ ապստամբությամբ: Ամեն ինչ հանել եք վաճառքի հոգևորը, նյութականը, ընդերքը…կարծես Հայաստանը մարմնավաճառ լինի: Մեզ էլ ի՞նչ ելք էր մնում»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Այն ժամանակ, երբ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում էր ցանկանում հայտնել մեղադրող կողմը, իրավիճակը դատարանում սրվեց. ամբաստանյալները սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել դատախազների հասցեին, դահլիճում ներկա ոստիկաններն իրենց տեղերից առաջ շարժվեցին, սակայն դատավորին հաջողվեց վերականգնել կարգուկանոնը. ոստիկաններին հորդորեց զբաղեցնել իրենց տեղը, ապա ամբաստանյալներից ոմանց նկատողություն հայտարարեց:

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց`պատճառաբանելով, որ այդ փուլում, երբ Ալումյանի կողմից մատնանշված փաստերը դեռևս հետազոտված չեն, միջնորդությանը լուծում չի կարող տրվել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter