HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փաստաբանական միությունները վերամիավորվում են

ՀՀ Փաստաբանների միությունը, որ 1999թ.-ին, դատաիրավական համակարգի բարեփոխումների առաջին փուլում տարանջատվեց փաստաբանական 3 միությունների, կրկին վերամիավորման գործընթացում է: «Փաստաբանության մասին» նոր օրենքի նախագծով դարձյալ կլինի մեկ փաստաբանական պալատ եւ նրա ենթակայությամբ գործող փաստաբանական միություններ կամ կոնսուլտացիաներ: Ներկայումս գործող երկու միությունների նախագահները դիմել են ՀՀ կառավարությանը՝ վերամիավորվելու իրենց որոշումը վավերացնելու խնդրանքով: 

Միության տարանջատումը նպատակ ուներ բարձրացնել փաստաբանի դերը եւ փաստաբանական էթիկան՝ որոշելով այլեւս չհանդուրժել իր մասնագիտության նկատմամբ դատավորի, քննիչի ու դատախազի ոչ բարյացակամ վերաբերմունքն ու անթաքույց արհամարհանքը: Այլ կերպ ասած, խնդիրը փաստաբանների իրավունքների համար պայքարելն էր եւ մարդու իրավունքների պաշպանության հարցում փաստաբանի դերը բարձրացնելը: «Մեր նախկին կոլեգիայում գաղափարական, աշխատաոճի եւ մասնագիտական մեթոդիկայի անհամաձայնությունը մշտապես եղել է, եւ մնում էր ջրբաժանը կարգավորել իրավաբանական նորմերով»,- 1999թ.-ին տեղի ունեցած Փաստաբանների միջազգային միության հիմադիր ժողովում հնչեցրել էր միության նախագահ Տիգրան æանոյանը: 

Պետք է ասել, որ 5-ամյա աշխատանքային փորձը դրական քիչ բան արձանագրեց, թերեւս միայն այն, որ փաստաբանները մերթ ընդ մերթ հիշում ու քննարկում էին իրենց իրավունքները պաշտպանելու եւ մասնագիտական պատվախնդրության հարցը: Փաստաբանների ասելով, միությունները որոշեցին վերամիավորվել, քանի որ այն խնդիրները, որոնք դրել էին իրենց առջեւ՝ չիրականացան: 2001թ.-ին նախ ՀՀ փաստաբանների միությունից տարանջատված երկու միությունները միավորվեցին կրելով նրանցից մեկի՝ «Փաստաբանների միջազգային միություն» (ՓՄՄ) անվանումը՝ ընդհանուր թվով 164 փաստաբան: Ի վերջո, որոշվեց հանրապետության շուրջ 500 փաստաբաններին կրկին վերամիավորել մեկ միության մեջ: 

Ժամանակին կառավարության անդամ բարձրաստիճան հյուրերը ողջունեցին այլընտրանքային փաստաբանական միության հիմնումը: «Պրոֆեսիոնալ պաշտպանություն իրականացնող մի խումբ է զատվել, որը վերջ դրեց մինչեւ վերջերս հանրապետությունում գոյություն ունեցող արատավոր պրակտիկային, երբ փաստաբանը սոսկ միջնորդ օղակ էր պետական կառույցների եւ պատասխանատվության ենթարկվողների միջեւ»,- ՓՄՄ միության հիմնադիր ժողովում հայտնեց նրանցից մեկը: Սակայն, իրականությունն այն է, որ փաստաբաններին չհաջողվեց համախմբել մեկ նպատակի շուրջ եւ, ինչպես միշտ, նրանք շարունակեցին լռելյայն իրենց գումարը վաստակել: Չնայած այն բանին, որ մշտապես դժգոհել են դատավորների ու իրավապահների՝ իրենց նկատմամբ ունեցած քամահրական վերաբերմունքից, ինչը վստահորդների մոտ նվաստացնում եւ անվստահություն է ծնում իրենց նկատմամբ, միաժամանակ ոչինչ չարեցին իրենց դերը կարեւորելու ուղղությամբ: Մասնավորապես, փաստաբանական էթիկայի հարցերը նրանց չեն հետաքրքրել: 

Պետք է ասել, որ դատաիրավական համակարգի մաս կազմող այս կարեւոր՝ փաստաբանության ոլորտը մինչեւ վերջերս միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում չի գտնվել: Բարեփոխումներ անցկացնելու փաստաբանների ցանկությունը ինքնաբուխ էր, որը չիրականացավ: Առաջին անգամ Ամերիկյան իրավաբանների միությունը (ABA) այս տարի որոշեց ներդրումներ կատարել այս ոլորտում՝ աշխատանքն սկսելով փաստաբանական գործունեության դաշտն ուսումնասիրելուց: Եզրակացությունը նույնն է, ինչ 5 տարի առաջ՝ «փաստաբանը սոսկ միջնորդ օղակ է պետական կառույցների եւ պատասխանատվության ենթարկվողների միջեւ»: Թեպետ նրանց եզրակացությունը վերաբերում է մասնավորապես պետպաշտպանությանը: 

«Պետության կողմից ֆինանսավորվող անվճարունակ պաշտպանյալներին ներկայացնող փաստաբանները հեշտորեն կոռումպացվում են եւ կրում քննիչների ազդեցությունը, կարող են նրանց հետ գործարքի մեջ մտնել՝ ի վնաս պաշտպանյալի շահերի»,- եզրակացրել են ուսումնասիրության հեղինակները: Փաստաբանները համամիտ չեն հատկապես «կոռումպացում» բառի հետ: Նրանց առարկությունը տեղին էր նախ այն պատճառով, որ դա ավելի շուտ փաստաբանների խեղճության արդյունք է: Հայտնի է, որ պետպաշտպանություն իրականացնում են ոչ որակյալ փաստաբանները, որոնք պահանջարկ չունեն, սակայն դրամ վաստակելու խնդիր ունեն: Փաստաբանները խոստովանում են, որ երբ հրահանգ եղավ դատարանների շենքերից փաստաբանական ծառայությունները հանելու մասին, որը նաեւ նրանց անկախությունը ապահովելու նպատակ ուներ, շատերը զրկվեցին դրամ վաստակելու հնարավորությունից: Նրանց ասելով մարզերում դատավորների օգնականներն, անգամ դատավորները հայց են գրում, քրեական գործերը հիմնականում քննվում են առանց պաշտպանի մասնակցության: Հատկապես մարզերում բնակչությունը չի կարեւորում փաստաբանի դերը: 

Ճշմարիտ է նաեւ այն, որ նույնիսկ պահանջարկ չունեցող փաստաբանները չեն ցանկանում պետպաշտպանություն ստանձնել, քանի որ սահմանված չնչին վարձատրությունն անգամ չի հաջողվում ամբողջությամբ ստանալ: Բացի այդ, միայն այն հանգամանքը, որ քննիչի կամ դատավորի աչքաչափով գնահատված ժամաքանակից է կախված նրանց վարձատրության չափը, որը պետք է ներկայացվի միության նախագահին, որպեսզի նա վճարի գումարը, բավական է, որ հրաժարվեն պետպաշտպանությունից: Միաժամանակ, այն հանգամանքը, որ քննիչը կամ դատավորն է որոշում նրա աշխատավարձի չափը, արդեն իսկ նրան զրկում է անկախությունից: Այդ է հաստատում նաեւ ՀՀ փաստաբանների միության նախագահ Մ. Փիլիպոսյանի հայտարարությունը, թե չարաշահումներ են լինում այդ հարցում եւ ինքը նամակ է հղել քննիչներին ու դատարանին, որպեսզի պետության գումարները չվատնեն: Փաստաբաններին էլ չի գոհացնում այն մոտեցումը, որ փաստաբանին պետությունը դատական նիստերին կամ հարցաքննություններին մասնակցելու ժամերի քանակով է վճարում: Իրավական օգնությունը, եթե նա իրականում կազմակերպի, դրանով չի սահմանափակվում՝ նյութեր պետք է նախապատրաստի, կալանավայր այցելի եւ այլն: 

Միաժամանակ, մարզերում փաստաբաններն իրենք անտեղյակ են, թե ինչպես է կատարվում պետպաշտպանության կարգով մասնակցությունը, որն, ի դեպ, հիմնականում տեղի է ունենում նախաքննության ժամանակ: Եթե Երեւանում միության նախագահն է ընտրում պետպատվերով իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանին, ապա մարզերում փաստաբաններն իրենք անտեղյակ են, թե հարցն ով է կարգավորում: Հետո դատարանում պարզվում է, որ քրեական գործերում փաստաբանների օրդերներ կան, որը վկայում է նախաքննությանը նրանց մասնակցության մասին: Խոստովանում են, որ մեղադրյալների մասին հիմնականում տեղեկանում են այն ժամանակ, երբ քննիչը վստահելի փաստաբանին տեղյակ է պահում «չմասնակցելու» գործի մասին: Այսինքն, առանց մեղադրյալին տեսնելու փաստաբանը ստորագրում է, որ վերջինս հրաժարվում է պաշտպան ունենալուց եւ ծառայության դիմաց քննիչը փաստաբանին վճարում է 5000 դրամ: 

Միությունները լավատեղյակ են խնդրին: Մամուլում հրապարակումներ եղան, որ միայն մեկ գործով՝ Երեւանի բնակիչ Վարուժան Գյուրջինյանի, 3 փաստաբան գործել է ի վնաս վստահորդի՝ Աշոտ Հակոբյան, Ռուբեն Ռշտունի, Վաղինակ Գեւորգյան: Միությունը ընթացք չտվեց հայտարարություններին: 

Համակարգին լավատեղյակները պնդում են, որ պետպաշտպանության հարցում նախկինի համեմատությամբ նույնիսկ ետընթաց կա: Խորհրդային տարիներին փաստաբանների միությունը ստուգում էր պետպաշտպանության վարույթները դատարանում՝ իր անդամների մասնակցության որակը ստուգելու համար, թեպետ ուսումնասիրությանը մասնակցածներից ոմանք պնդում են, որ արդյունքը մշտապես բացասական է եղել: Միաժամանակ, դատարանն իր հերթին ստուգում էր, թե քանի քրեական գործ է առանց փաստաբանի մասնակցության քննվել, եւ մասնակցության ցածր տոկոսը բացասական երեւույթ էր դիտվում տվյալ դատարանի համար: 

Ետընթաց կա նաեւ այն առումով, որ նոր կառուցվող դատարաններում անգամ փաստաբանի աշխատասենյակ չկա, պաշտպանյալների հետ շարունակելու են հանդիպել անվտանգության աշխատակցի ներկայությամբ: Խորհրդային վերջին տարիներին կառուցված որոշ դատարաններում աշխատասենյակներ էին նախատեսվել փաստաբանների համար: 

Ամերիկյան իրավաբանների միության ուսումնասիրությունն արձանագրել է նաեւ. «Փաստաբանները ենթակա են կարգապահական վարույթների եւ պատասխանատվության, սակայն մինչեւ այժմ խախտման քիչ դեպքեր են գրանցվել, եւ պատասխանատվության թեթեւ ձեւեր են կիրառվել»: Սա այն ցավոտ հարցերից մեկն է, որի մասին միությունների նախագահները ջանում են չխոսել: Հարյուրավոր մարդիկ խաբված են զգում իրենց եւ լավագույն դեպքում հրաժարվում են մի փաստաբանից, ընտրում մյուսին: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ հիմնականում քաղաքացիների բողոքներն անպատասխան են մնում: Փաստն այն է, որ ոչ մի փաստաբան դեռեւս չի զրկվել իր վկայականից, անգամ այն դեպքում, երբ միությունը համոզված էր իր անդամի կատարած խաբեության հարցում, ինչպես դա եղավ ՓՄՄ անդամ Արմեն Ճուղուրյանի հարցը քննարկելու ժամանակ: 

Փաստաբանների «ներողամտությունը» չեն գնահատում միայն իրավապահներն ու արդարադատություն իրականացնողները: Ճշմարիտ է այն, որ դեռեւս ոչ մի դատավորի կամ դատախազի չեն պատժել փաստաբանի արժանապատվությունը վիրավորելու համար, բայց փաստաբանին դատապարտել են դատավորին կամ քննիչին չհնազանդվելու համար՝ ինչպես արվեց Նիկոլայ Բաղդասարյանի, Կրոմվել Գրիգորյանի դեպքում: Եվ դա միայն այն պատճառով, որ փաստաբաններին շարունակում է մխիթարել «ավանդաբար մեր երկրում փաստաբանը մերժված եւ արհամարհված է եղել» ձեւակերպումը: Այս ամենի մեջ մի լավատեսական բան կա. Ֆրանսիայի փաստաբանների միությունը որոշել է ձեռք մեկնել հայ գործընկերներին եւ փաստաբանական դպրոց հիմնել Հայաստանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter