HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտին՝ քննարկելու հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ս. Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։

Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։

Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների  հետ, և կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներ։

Ս. Կարայանը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Ս. Կարայանը ևս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել և շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում ևս։

«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան և բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի և պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», - նշել է նախարար Կարայանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter