HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագ Եփրեմյան. CAPRICCIO Nօ.25

CAPRICCIO Nօ.25

(թարգմանություն բնագրից)

Ամեն վերջ սկիզբ է մի նոր ձախողման:
Մենք ինչ-որ մեկի հեռացողն* ենք միշտ:
Օրը զանգակ է:
Գիշերը՝ ղողանջ:
Երկիրը խոսք է:
Բայց Երկինքը՝ միտք:

Խոսքն անհետել է, երբ միտքն է հնչել:
Բառը աշխարհ է անդրաշխարհիկ:
Ոչ ոք աշխարհին էլ չի խանգարի:
Նույնիսկ աչքերը… Աստ... Աստղաճիչեր…

Կյանքն իր ապրողին հաղթում է մահով:
Պատն ավարտվում է փլված կամարով:
Վերջաբաններն են քարերին գրվում:
Սերը գթությամբ չի լրացրվում:

Կյանքը անվերջ է մարդավարտներով:
Կյանքի իմաստը մարդուն վատնելն է:
Անկումը՝ նյութված հաղթամարտերով:
Ուրացումները նոր հավատներն են:

Խնդիր չի դրված:
Սա էլ չէ խնդիր:
Բառեր են միայն:
Բառեր են:
Բառեր:
Փառաց նկուղ է:
Սարդոստայն:
Փառեր:
Վայրկյանների:
Դիրտ:
Մուխ:
Մագաղաթից:

Խոսելով երբեք չես կարող ասել:
Խոսքերը ամբողջ միտքն են քաոսել:
Կյանք է՝ ոչ մեկիս նա չի ճանաչում:
Կյանքը կանչում է, միմիայն կանչում: -

Թե ինչ-որ մեկի հեռացողն* ենք միշտ:
Թե վատնությունն է աշխարհ արարում:
Թե ջուրը՝ հոսում, փչում է քամին:
Միտքն է ավարը եւ ավարառուն:

Եւ մի՛ խեղճանա,
Թե Աստված սեր է:
Լեր շնորհապարտ, որ Սերն է աստված:
Այստեղ դադար է... հե՛նց անձնապաստան:
Արարումն այստեղ
Տարակուսել է:

Բայց կարգ չի խախտի ոչ մի շնչականգ:
Մարդը ազատ է - մինչեւ հաջորդ հանգ:
Բառը աշխարհ է - անհայրուորդի:
Աշխարհը՝ ստվեր հակառակորդի:

Նաեւ՝ լույս - շնորհ, նաեւ՝ լույս - պատիժ:
Եւ այդ ժանգառքում՝ մի փոքրիկ կեռնեխ:
Միշտ:
Որ երգելով
Մտքեր Փարատի:
Որ հեշտ Չլինի
Հերքելով
Մեռնել:

* բնագրում՝ մահացողը

 գլխավոր լուսանկարը՝ andin.am

Մեկնաբանություններ (1)

Վարդան Սմբատյան
Բանաստեղծությունը ` անկեղծ խոսելու միակ տարբերակն է աշխարհում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter