Կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագիծը
Գործադիրն այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացրեց 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումները առնվազն չորս օրով ընդմիջվել էին, որի ընթացքում պատգամավորները կարող էին գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:
Հարցը զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ 4 միլիարդ դրամով ավելացել է բյուջեի պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թ-ին կան նախատեսված բավական միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չծրագրավորված ծախսերի: Նախարարը տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից ավելի քան 100 առաջարկ է ներկայացվել, սակայն ոչ բոլորն են ընդունվել:
«Եղել է, որ առաջարկել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել, դրանց գերակշիռ մասը առողջապահության ոլորտին է վերաբերվել: Իհարկե, առաջարկներն ակտուալ են, բայց չպիտի դուրս գանք մեր հնարավորություններից»,-ասաց նա՝ խնդրելով երկու օր ժամանակ խմբագրումներն ավարտելու և փաթեթը խորհրդարան ուղարկելու համար:
Գործադիրը հաստատեց նաև ՊԵԿ-ի կողմից ներկայացված որոշում՝ պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ նախատեսվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից մինչև պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմում ներկայացնելը կիրառել օրենսդրությամբ նախատեսված այլ հարկադիր գանձման հնարավորություններ:
Հարցին անդրադարձավ նաև վարչապետը՝ ողջունելով, որ Պետական եկամուտների կոմիտեն նման նախաձեռնություններով է հանդես գալիս:
Մեկնաբանել