Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

«Նոր» ժամանակների գրականության ստեղծման եւ տարածման մասին. զրույց Արեւիկ Աշխարոյանի հետ



Նոյեմբերին Հայաստան այցելեցին ԱՄՆ Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ եւ գրողներ, ովքեր մի շարք գրական միջոցառումների շրջանակներում հանդիպեցին հայ գրողների եւ ընթերցողների հետ։ Իրադարձությունների գրաֆիկը բավականին խիտ էր, ձեւաչափերը՝ տարբեր։

Ծրագիրն իրականացրել է «ԱՐԻ» գրական գործակալության կողմից ստեղծված «ԱՐԻ» գրականության հիմնադրամը։

Վերոնշյալ ծրագրի, «ԱՐԻ» կազմակերպության եւ գործակալի գործառույթների մասին զրուցեցինք հիմնադրամի տնօրեն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ։

«ԱՐԻ»վերջին շրջանում հանդես եկավ բավականին հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում ժամանեցին գրողներ Միացյալ նահանգներից, դասընթաց տեղի ունեցավ նաեւ թուրք ժամանակակից երիտասարդ գրողների հետ։ Սկսենք ծրագրի մանրամասներից։

Ծրագիրն իրականացրել ենք նոյեմբերի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակում, այո, Հայաստան այցելեցին Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի ղեկավարությունը եւ մի քանի այլ գրողներ: Ծրագիրն ամբողջապես ֆինանսավորվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից, իրականացնում էր «ԱՐԻ» գրականության հիմնադրամը։

Այովայի միջազգային ծրագիրն ամենահեղինակավորներից է գրական դաշտում, որն ամեն տարի հյուրընկալում է 50 երկրի գրողների՝ եռամսյա կեցության ծրագրով։ Մերոնցից Վիոլետ Գրիգորյանն ու Արմեն Հայաստանցին ծրագրի շրջանակներում երեք ամիս բնակվել եւ ստեղծագործել են Այովայում։

Ամերիկացի գրողները ընթերցանության շրջագայություններ են ունենում տարբեր երկրներում՝ ներկայացնելով իրենց գրականությունը, ինչպես նաեւ տեղի գրողների հետ փորձի փոխանակման ակտիվ հնարավորություն են ունենում։

Մեր պարագայում մեկ շաբաթյա ծրագիրը ներառեց 2 քննարկում, 1 դասախոսություն, 1 ընթերցում, հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաեւ “Open Mic Night” («Բաց բարձրախոս») իրադարձությունը, որի ընթացքում ամերիկացի, թուրք եւ հայ գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործություններից նախապես ընտրված հատվածներ։

Միջոցառումների ցանկը շատ խիտ էր․ եղանք Երեւանի պետական համալսարանում, Ամերիկյան համալսարանում, կազմակերպվել էին կարճ տուրեր դեպի Հայաստանի տեսարժան պատմամշակութային վայրեր։ Կարճ ասած՝ փորձեցինք երկխոսություն ստեղծել հայ եւ ամերիկացի գրողների միջեւ, որն էլ այս ծրագրի կարեւորագույն նպատակն էր։

Հայ ժամանակակից գրողների մասնակցությունն ակտի՞վ էր։ Ինչպիսի՞ արդյունքներ տվեց ծրագիրը Հայաստանի գրական դաշտում։

Չնայած այն բանին, որ ծրագրի իրականացումը շատ բարձր գնահատվեց թե´ հյուրերի, թե´ ամերիկյան դեսպանատան, եւ թե´ մասնակիցների կողմից, ես ինքս ընդհանուր պատկերից այդքան էլ գոհ չեմ:

Դժգոհությանս հիմնական պատճառը մեր գրողների պասիվ մասնակցությունն էր։ Տեղեկատվությունը լավ էր տարածվել՝ բոլոր հնարավոր միջոցներով, բայց մասնակցության առումով ռեակցիաները պասիվ էին։ Միջոցառումներն անցել են լիքը դահլիճներում, սակայն մասնակիցները հիմնականում եղել են միեւնույն մարդիկ, ովքեր բոլոր նմանատիպ իրադարձություններին ակտիվ են։

Մասնակիցների մյուս մասը հիմնականում անգլախոս գրողներն ու դասախոսներն էին Ամերիկյան համալսարանից ու ընդամենը երկու ներկայացուցիչ Պետական համալասարանի դասախոսական կազմից:

Հարց եմ ուզում ուղղել մյուս բազմաթիվ, հատկապես երիտասարդ գրողներին՝ արդյոք ձեզ հետաքրքիր չէ գալ ու լսել՝ ինչ են խոսում արդեն որոշակի փորձ ունեցող այլազգի գրողները։

Այս ասելով` չեմ շեշտադրում հենց ամերիկացի գրողի դերը․ լինի թուրք, վրացի կամ այլ ազգի գրականության ներկայացուցիչ․․․ Արդյոք կարող եմ ենթադրել, որ մեր հեղինակներին լրիվ բավարարում է մեկուսացած ստեղծագործողի առօրյան:

Ըստ քեզ ո՞րն էր նման պասիվության պատճառը։

Մի քանիսը նշեցին լեզվի խոչընդոտը, սակայն մենք քննարկումներին ունեինք զուգընթաց բարձրորակ թարգմանության հնարավորություն (բոլորին տեղեկացրել ենք այս մասին)։

Կարծում եմ՝ մեր գրողների շրջանում ինչ-որ խնդիր կա նոր բան սովորելու հետ կապված։ Ցիտում եմ նրանցից մեկի բառացի խոսքերը․ «Ինչի՞ համար, ի՞նչ պիտի սովորենք էդ ամերիկացիներից»․․․ Իսկ մենք սովորելու դեռ շատ բան ունենք՝ թեկուզ միայն նման իրադարձություններին ելույթ ունենալու, բանավիճելու, քննարկման հմտությունները։ Սրանք բաներ են, որ շատերն ուղղակի բառիս բուն իմաստով չեն տիրապետում։

Էլ չասեմ լրատվամիջոցների մասին․ ոչ մի միջոցառում չլուսաբանվեց, չնայած մամուլի հաղորդագրություն էր ուղարկվել լրատվամիջոցներին՝ ընդլայնված ցանկով:

Ամեն դեպքում այդ մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի քանի չափազանց հետաքրքիր զրույցներ՝ գրական տեքստերում տեղի զգացողության մասին, գրողի պատասխանատվության, որոշակի բառերի գործածման եւ շատ այլ թեմաների շուրջ։ Ծրագիրն ավարտվել է, բայց զրույցները տարբեր կոնտեքստներով եւ տարբեր միջավայրերում շարունակվում են։

Ծրագրին մասնակցում էին նաեւ թուրք ժամանակակից երիտասարդ գրողներից, չէ՞։

Այո, տեղի ունեցավ երկօրյա դասընթաց հայ եւ թուրք երիտասարդ գրողների համար, (18-25 տարեկան): Թուրքիայից հյուրընկալեցինք 6 երիտասարդ գրողի  եւ եւս 6 հայ գրողների, ովքեր անկրկնելի փորձառություն ունեցան թե´ միմյանց հետ շփվելու ժամանակ, թե´ հայ, թուրք եւ ամերիկացի գրողների վարպետության դասերին: Երիտասարդները բաց քննարկումներ ունեցան գրականության միջոցով փորձեցին նաեւ երկխոսել Հայաստան-Թուրքիա պատմական եւ ներկայիս հարաբերությունների մասին։

Արդյոք գործակալի ֆունկցիաները, որպես այդպիսին, ընկալելի եւ ընդունելի են գրողների կողմից։

Երբ գրողները ի վերջո հասկանում են, թե որն է գործակալի դերը, եւ սկսում են վստահել նրան, ամեն ինչ շատ ընդունելի ու արդյունավետ է դառնում: Պարզապես մարդիկ երբեմն վստահ են, որ գիտեն ամեն ինչ այն ամենի մասին, ինչի մասին նույնիսկ գաղափար չունեն:

Գրողը եւ գործակալը պիտի երկկողմանի բաց ու վստահելի հարաբերություններ ունենան, ամենակարեւորը այս հարաբերություններում նաեւ այն է, որ գործակալը մինչեւ իր գործը չանի, շահույթի մասին խոսք լինել չի կարող․․․Ուստի այն մտավախությունը, որ ունեն գրողները իրենց «շահագործելու» վերաբերյալ, բոլորովին անհիմն է։

Երեք տարի առաջ, երբ  զրուցում էինք  հայ գրողների գրքերը  դրսում  ներկայացնելու մասին, քննադատական մի մեկնաբանություն էր եղել, թե «տիկին, ինչպես կարող է մի հոգին սուբյեկտիվ գնահատական տալ եւ ընտրություն կատարել, ինչ տարբերակումներով է առաջնորդվում եւ ինչ չափանիշներով»․․․ Մենկնաբանողը գրել էր, որ գործակալը՝ այս դեպքում կոնկրետ դու, չի թաքցնում, որ գիրքն ապրանք է, ուրեմն ինչու պոպուլիստական հայտարարություններ անել։

Այո, նման «մեղմ» մեկնաբանություններ շատ են անում՝ հատկապես խորհրդային շրջանի պետական ինստիտուտներին սովոր մարդիկ: Սակայն գրական գործակալը մասնավոր անձ է, ինչպես  հրատարակչությունները, որոնք մասնավոր ձեռնարկություններ են, եւ ազատ են իրենց որոշումներում, առաջնորդվում են իրենց ճաշակով եւ կարծիքով:

Գործակալներ պիտի շատ լինեն, ու հեղինակները պիտի հնարավորություն ունենան ընտրել այն գործակալին, ում հետ իրենք կուզեին աշխատել: Այդպիսով նաեւ մրցակցային դաշտը կստեղծի նպաստավոր պայմաններ, որպեսզի տարբեր հեղինակներ ներկայացված լինեն միջազգային շուկայում:

Ինչ վերաբերում է ապրանքին, սա նույնպես խորհրդային մոտեցում է, որ ապրանքը վատ բան է՝ առարկա է կամ նյութ: Ժամանակակից լեզվաբանության ու մերօրյա հոգեբանության մեջ ամեն ինչ ենթակա է «սպառման» (ի դեպ սպառումն էլ վատ բառ չէ, սակայն շատերը բացական են ընկալում), ապրանք է։ Օրինակ կրթությունն «ապրանք» է, որը սպառվում է աշակերտի եւ ուսանողի կողմից: Երբ այդպես ենք նայում այս հարցին, ամեն ինչ տեղն է ընկնում:

Այո, գրականությունը ապրանք է, մտավոր ապրանք․ նյութական տեսքով դա գիրքն է, որի տեսքն ու որակը կարեւոր են սպառման համար: Հեղինակային իրավունքը ենթակա է վաճառքի, հետեւաբար սա նույնպես ապրանք է, թեկուզ նյութական տեսք չունի: Իսկ ապրանքները, բոլորս էլ գիտենք, տարբեր են լինում թե´ որակապես, եւ թե´ բովանդակությամբ․․․ Եվ ուրեմն բոլորն ունեն իրենց «պոտենցիալ» սպառողին։

Ամեն դեպքում քո կողմից ինչպիսի՞ չափանիշներն են առաջնային դառնում այս կամ այն հեղինակի աշխատանքն ընտրելու որոշման պահին։ Որպես անհատ, ով գործակալի դերում է եւ սուբյեկտիվ ընտրություն է կատարում, ինչպես հրատարակիչը, հաշվի է առնում տվյալ գրողի գրքի, տեքստի սպառումը։ Ու ի՞նչ այլ չափանիշներով է համագործակցում գրողի հետ։

Ես առաջին հերթին առաջնորդվում են նրանով, թե որքանով այս կամ այն գործը հասկանալի կլինի օտար ընթերցողին: Կան գրքեր, որոնք որոշ երկրներում ավելի լավ կընդունվեն ու կհասկացվեն, քան մյուսներում: Սա է իմ առաջնային ընտրության չափանիշը:

Սակայն կան նաեւ այլ չափանիշներ․ օրինակ թարգմանության ժամանակ հեղինակի լեզվի ու ոճի կորուստը շատ մեծ խնդիր է, կամ հեղինակներ կան, ովքեր մեկ գիրք են գրում, որը հաջողություն է ունենում, բայց տարիներով նոր բան չեն ստեղծում ու նրանց հետ աշխատանքը ոչ միայն ինձ համար, այլ նաև օտարերկրյա հրատարակիչների համար հեռանկարային չէ:

Կարեւոր է նաեւ այն, թե որքանով է հեղինակը պատրաստ մասնակցել տարբեր միջոցառումների, տիրապետում է արդյոք որեւէ օտար լեզվի, ներկայանալի կեցվածք ունի, թե ոչ, եւ պատրաստ է արդյոք աճել, քայլել ժամանակին համընթաց ու միեւնույն ժամանակ չդավաճանել իր գրականությանը...

Այս պահին գործակալությունը ո՞ր հեղինակների հետ է ավելի ակտիվ աշխատանք տանում։

Գործակալությունն ընդլայնում է իր հեղինակների ցանկը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Արամ Պաչյանի եւ Հովհաննես Թեքգյոզյանի հետ, ում գրքերը եկող տարի եւս մի քանի լեզուներով հասանելի կդառնան միջազգային ընթերցողին:

Նաեւ ունենք նոր հեղինակներ, ինչպիսին  Նարեկ Մալյանն է, ով մյուս տարի մի նոր գրքով կներկայանա: Նպատակ ունենք հատկապես նպաստել կին գրողների առաջխաղացմանը եւ աշխատում ենք այդ ուղղությամբ Սուսաննա Հարությունյանի, Կարինե Խոդիկյանի եւ այլոց հետ։

Ուրախ եմ այն փաստից, որ մեզ արդեն դիմում են օտարագիր հայ ազգի հեղինակներ Նահանգներից, Կիպրոսից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից: Այնպես որ մեր ցանկը շուտով նաեւ կհամալրվի նրանց անուններով ու ստեղծագործություններով:

Առաջիկայում ի՞նչ նախագծեր ունի հիմնադրամը։

«ԱՐԻ» գրականության հիմնադրամի առաջիկա պլաններում կա մի քանի ծրագրերի իրականացում, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել, միայն կասեմ, որ դրանք ուղղված են լինելու երիտասարդ գրողներին, ինչպես նաեւ հայ գրականությունն աշխարհում ավելի ներկայանալի դարձնելուն։

ՀԳ լուսանկարները տրամադրել է Արեւիկ Աշխարոյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ