HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը կանխատեսում է 4,4-4,9% տնտեսական աճ

Հայաստանի կենտրոնական բանկն (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսում է 4,4-4,9% տնտեսական աճ։ Այս մասին նշված է ԿԲ-ի ներկայացրած գնաճի նոր հաշվետվության մեջ, որտեղ ամփոփված են IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ու III եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը։

Ըստ կենտրոնական բանկի՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստեն մասնավոր հատվածի սպառումն ու ներդրումները։

ԿԲ-ի գնահատականներով՝ այս տարի էականորեն աճել է ներքին պահանջարկը, որին խթանել են Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները, իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ներդրումների խթանմանն ուղղված քայլերը և այլն։

«2019-2020 թվականներին աստիճանաբար կթուլանան խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ցիկլիկ էֆեկտները։ Այս պարագայում սպասվող տնտեսական աճը մեծապես կորոշվի տնտեսության ներուժի մակարդակի աստիճանական աճով, որն էլ կորոշվի կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումներով և արտաքին աշխարհում ձևավորվող տնտեսական հիմնարարների դինամիկայով»,- եզրակացրել են Կենտրոնական բանկի մասնագետները։

Այսպիսով, Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի տեմպի կանխատեսումը աճի ուղղությամբ։ Նախորդ եռամսյակի հաշվետվության մեջ ԿԲ-ն կանխատեսում էր 3,9-4,8% տնտեսական աճ, իսկ դրան նախորդող եռամսյակում՝ 3,3-4,8%: Իսկ 2018 թվականի համար կանխատեսվում է 3,5-4,6% տնտեսական աճ։

Միևնույն ժամանակ, փաստացի զարգացումներով պայմանավորված, այս տարի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում աճի սպասումները նախկինում ակնկալվող ցուցանիշների համեմատ նվազել են։ Սակայն, նախորդ գնահատումների համեմատ, սպասվում է ընդհանուր տնտեսական ակտիվության որոշակի արագացում, ինչն առավելապես պայմանավորված է ծառայությունների ոլորտի՝ սպասվածի բարձր աճի տեմպերով։

«Ծառայությունների ոլորտում արձանագրված և ապասվող ավելի բարձր աճի տեմպերը բացառապես պայմանավորված են մասնավոր հատվածի ծախսումների աճի ուղղությամբ վերանայումով, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում 2017 թվականին սպասումների համեմատ ավելի բարձր աճով, ընդ որում, ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտում դրական զարգացումները կպահպանվեն նաև 2018 թվականին»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։

Այս տարի, ըստ ԿԲ-ի, տնտեսական աճին դրական կնպաստի նաև ապրանքների ու ծառայությունների արտահանումը։

Արտահանման և ներմուծման առումով 2017-ին չի փոփոխվել նախորդ կանխատեսումը` 10-12% աճ:

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով ԿԲ-ն բարելավել է կանխատեսումը` նախորդ 12-14%-ից դարձնելով 14-16%։ Աճի ակնկալիքների համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի տնտեսության վերականգնումը։ Հայաստան եկող տրանսֆերտների գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։

Ակնկալվում է նաև գործազրկության 17,9% մակարդակը, որն ըստ ԿԲ-ի՝ աստիճանաբար կնվազի տարեկան 0,3-0,5%-ով։

Կենտրոնական բանկը որպես տնտեսական աճի մասով առկա ռիսկեր՝ մատնանշում է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպի հետ կապված անորոշությունները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ազդեցության չափը,
Ամուլսարի հանքավայրի շահագործման տնտեսական հետևանքները, տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման նոր շուկաների ստեղծման հետ կապված անորոշությունները, արտաքին աշխարհի մասով՝ նաև զարգացող և զարգացած երկրների միջև կապիտալի շարժերի հնարավոր կտրուկ փոփոխությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter