HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ընդամենը մեկ շենք՝ Բերդում աղքատությունը մեղմելու համար

Էդիկ Բաղդասարյան
Լիանա Սայադյան

Տես նաև` Բերդի կենտրոնում «նստած» է աղքատությունը

Տավուշի մարզի Բերդ քաղաքի հյուրանոցում այսօր 10 ընտանիք է ապրում: 5-ը փախստականներ են Ադրբեջանի տարբեր շրջաններից: Բերդում խոսում են, թե հյուրանոցն արդեն սեփականատեր ունի, եւ այդ խոսակցությունները խուճապի են մատնել հյուրանոցի բնակիչներին: 10 ընտանիքների ճակատագիրն անհայտ է: 

Ալավերդյան Անիչկայի ամուսինը` Վարդգես Անտոնյանը, զոհվել է 1997թ., երբ անհայտ հանգամանքերում վառվեց Իջեւանի ներքին գործերի բաժանմունքը: Նա կալանավորված է եղել անասնագողության համար: «Նրան պետք է մեկ տարի հարկադիր տային, այսինքն՝ ազատ արձակվելու ժամանակն էր»,-հիշում է կինը-, հիմա իմ երեխեքն ի՞նչ մեղք ունեն, որ իրենց հայրը զոհվել է: Եթե այդ դեպքը չլիներ, մենք հո այստեղ չէինք լինի»: 

1997-ին նրանք Բերդում վարձով էին ապրում: Այդ դեպքից հետո քաղաքապետարանը ընտանիքին ժամանակավոր կացարան հատկացրեց հյուրանոցի շենքում: Անիչկան հյուրանոցում ապրում է երեք անչափահաս երեխաների` 17 տարեկան Անահիտի, 15 տարեկան Արթուրի եւ 13 տարեկան Արտակի հետ: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում. «Մասնագիտությամբ լաբորանտ եմ, աշխատել եմ Գինու գործարանում: Բայց հիմա չեմ կարող աշխատել, որովհետեւ տեսողությունս է վատ, հաշմանդամությունս դրանից է, մանրադիտակով չեմ կարող աշխատել, ուրիշ աշխատանք էլ չկա»: 

Քաղաքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրանք զեղչով են վճարում հյուրանոցի վարձը՝ ամսական 1500 դրամ: Անիչկան երկու անգամ նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինը նախընտրական փուլում էր, երբ Քոչարյանը նախընտրական այցով գտնվում էր Բերդում: 2003թ. մարտի 3-ին Տավուշի մարզպետարանից Ա. Ալավերդյանը պատասխան ստացավ, որտեղ նշված է, որ «Բերդ քաղաքի հյուրանոցի տնօրինության հետ ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն՝ մինչեւ բնակարանային խնդրի լուծումը թույլատրել Ձեզ բնակվել հյուրանոցի զբաղեցրած սենյակում: Միաժամանակ հայտնում ենք, որ համապատասխան կազմակերպության միջոցով Ձեզ կցուցաբերվի նյութական օգնություն»:

Թե այս վերջին նախադասությունն ինչ է նշանակում, Անիչկան մինչեւ հիմա էլ չի հասկացել: Որեւէ «համապատասխան կազմակերպություն» մարզպետարանի միջոցով երբեւէ օգնություն չի ցուցաբերել: «Անահիտն ուզում է ուսումը շարունակի, բայց հնարավորություն չկա: Միջնակս՝ Արթուրը, լավ է սովորում: Նա էլ կուզեմ, որ ուսում ստանա, բայց չգիտեմ, թե ինչ է լինելու, պիտի աշխատանք ունենաս, որ բանի հասնես: Ինչպե՞ս անեմ, ասեք, որտե՞ղ աշխատեմ, առողջությունս էլ լավ չի: 3500 դրամ հաշմանդամության թոշակ եմ ստանում: Անընդհատ աղոթում եմ, հույս ունեմ՝ մի դուռ կբացվի: Երբ ինձ սկսում են հարցեր տալ, ուրախանում եմ, ասում եմ՝ կարող է մի դուռ բացվի, ոչ մի բան չի լինում, մենք մեր մեջ ուրախանում ենք, որ մեր ցավերի մասին ինչ-որ մեկն էլ է լսում, իմանում: Ու ոչ մեկն էլ մեղավոր չի, որ այսպիսի վիճակում ենք »,- ասում է Անիչկան: 

40-ամյա Սարգսյան Անդրանիկը 1993թ. մայիսից կնոջ՝ Զոյայի եւ երեք երեխաների հետ ապրում է հյուրանոցի նկուղում: Երկուսն էլ աշխատում են քաղաքի կոմունալ ծառայությունում՝ աղբահանություն են իրականացնում: «Էս բետոնի վրա հիվանդ ենք, երկու-երեք ամիս է ուշացումով ենք ստանում աշխատավարձը, դե ապրիր, տեսնենք ինչո՞վ պիտի ապրես: Ոչ մի օգնություն կամ նպաստ չենք ստանում: Գյուղում էինք, տանը տեղ չկար, դուրս եկանք: Որպես քաղաքապետարանի աշխատակից՝ ժամանակավոր այստեղ կացարան հատկացրին եւ անվճար մնում ենք:»,-պատմում է ընտանիքի հայրը: Մեծ որդին՝ Կարենը, 17 տարեկան է, Արմենը՝ 15, Արսենը՝ 12 տարեկան: Կարենը մինչեւ 2-րդ դասարան հաճախել է դպրոց: Հարցնում եմ՝ գրել-կարդալ գիտի՞ որդիդ: «Իր անունը գրել գիտի»,-ասում է մայրը: 

Անդրանիկը 14 հազար դրամ աշխատավարձ է ստանում, Զոյան՝ 11 հազար: «Էլի երկու ամիս է փող չենք ստանում, ու՞մ դիմեմ, ասե՛ք»,- հարցնում է կինը: 

Կարենը Բերդի ճաշարաններից մեկում օգնական է եւ դրա համար փող է ստանում, այնտեղ էլ ուտում է: 

Բերդի հյուրանոցը ներկայումս համայնքի տնօրինության տակ է: Համայնքի ավագանին կարող է որոշում կայացնել եւ հյուրանոցի 10 սենյակ հատկացնել այդ ընտանիքներին: Հետո գուցե հնարավոր լինի գտնել որեւէ բարերար կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է վերանորոգել այդ սենյակները:  

Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը նշեց, որ քաղաքում բնակարանային սուր խնդիր ունեցող 25-30 ընտանիք կա: «Ընդամենը մի շենքի հարց պետք է լուծենք, որ այդ խնդիրը լուծվի: Ես տարբեր միջազգային կազմակերպությունների հետ բանակցել եմ, առայժմ որեւէ մեկը չի կարողանում օժանդակել, բայց շարունակում եմ այդ ուղղությամբ աշխատել: Հյուրանոցի շենքը դեռ չի սեփականաշնորհվել: Եթե սեփականաշնորհվի էլ, այդ ընտանիքների հարցը պետք է լուծենք: Ոչ մեկին դուրս չենք թողնի, դա միանշանակ է: Նույնսիկ մի տարբերակ էլ կա. սեփականաշնորհել առանց մի կորպուսի, որտեղ կապրեն այդ 5 փախստականների եւ մնացած 5 ընտանիքները»,-ասում է քաղաքապետ Ա. Շառյանը: 

Հ.Գ. Որքա՞ն գումար է անհրաժեշտ Բերդի 30 ամենաաղքատ ընտանիքների բնակարանային հարցը լուծելու համար: Մեկ տարի առաջ փախստականների նորվեգական խորհուրդը Երեւանի Սիլիկյան թաղամասում փախստականների համար կառուցեց 46 փոքրիկ առանձնատներ: Յուրաքանչյուր առնձնատան համար միջինը ծախսվեց 6500 դոլար: Փաստորեն, 195 000 հազար դոլար է անհրաժեշտ 30 տների կառուցման համար: Եթե միջազգային կազմակերպությունները, որոնք Հաայստանում ահռելի քանակությամբ փողեր են ծախսում զանազան, հաճախ անարդյունավետ ծրագրերի վրա, աշխատեն այս ուղղությամբ, ապա հնարավոր է այդ հարցը արագ լուծել:

Օրինակի համար՝ մոտ 7 մլն դոլար պետք է ծախսվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար: Ծանոթանալով «Վորլդ վիժն» կազմակերպության կողմից իրականացվող այդ ծրագրի առանձին բաղադրիչներին՝ կարելի է ասել, որ դրանք անարդյունավետ են ի սկզբանե եւ պարզապես փողերի փոշիացում է: Բերդի 30 ընտանիքները հասարակության ամենախոցելի խմբերից են: Եւ ավելի նպատակահարմար է «Վորլդ վիժնի» այդ ծրագրերի մեկ բաղադրիչի փոխարեն լուծել հենց այս ընտանիքների բնակարանների հարցը: Պետությունն աղքատության կրճատման ռազմավարություն է մշակում, եւ սա այդ ռազմավարութունը կյանքի կոչելու լավագույն առիթն է: 

Իսկ երկիրն առաջ է շարժվում՝ ամեն տարի տնտեսական երկնիշ ցուցանիշների աճ գրանցելով, Երեւանը շնչահեղձ է լինում օր-օրի ավելացող ջիպերով, սրճարաններով, հսկա առանձնատներով: Աղքատությունը կրճատող ծրագրերի թիվն ավելանում է, իսկ զանազան կազմակերպությունները նոր վարկեր, դրամաշնորհներ են ստանում այդ աղքատությունն ուսումնասիրելու, դրա դեմ պայքարելու համար: Նրանք իրականում չգիտեն՝ ինչ է աղքատությունը, նրանք աղքատության դեմքը երբեւէ չեն տեսել եւ չեն էլ կարող տեսնել, նրանք գտնվում այլ հարթության մեջ, նրանք ապրում են ուրիշ աշխարհում եւ այլ օրենքներով:

Լուսանակարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter