HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շամլուղի ստորգետնյա հանքերում շարունակվում են փլուզումները

Ընդերքի մասին գործող օրենսգիրքը ընդերքօգտագործողի պարտականությունն է համարում ստորգետնյա հանքերի աշխատանքների անվտանգության ապահովումը (տես հոդված 59.10): Օրենքի պահանջը հանքարդյունաբերող, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը չի իրագործում: Ազդակիր Շամլուղ և Ախթալա բնակավայրերի բնակիչները վերջին ամիսներին պարբերաբար ականատես են լինում ԼՀԿ-ի ստորգետնյա հանքերում փլուզումներից տուժող հանքափորների կյանքի սպառնալիքներին: Մաքսիմ Հակոբյանը հոգում է փլվածքներից տուժող հանքափորների բուժման ծախերը, դրամական որոշակի օգնություն է տալիս տուժողների հարազատներին, «փակում է նրանց բերանը» և դրանով ավարտում է իր անելիքը:

Որոշ ժամանակ հետո ԼՀԿ-ի ստորգետնյա հանքերում կատարվում է նոր փլուզում՝ իր հետ բերելով նոր զոհ և տուժած: Միմյանց հաջորդող  փլուզումները փաստում են, որ Մաքսիմ Հակոբյանը ստորգետնյա հանքերում հանքափորների կյանքի անվտանգությունը ապահովելու  միջոցներ այդպես էլ չի ձեռնարկում: Հանքափորները աշխատանքից չզրկվելու վախից խուսափում են խոսել այնտեղ տիրող վիճակի մասին, սակայն խոստովանում են, որ ստորգետնյա հանքեր մտնում են ճարահատյալ՝ կյանքի գնով իրենց երեխաներին կերակրելու, հացի փող վաստակելու համար:  

Նոյեմբերի 28-ին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Եվգենիա 8-րդ հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից քարաթափման տակ է մնացել Շամլուղ քաղաքի բնակիչ, հորատող բանվոր, 50-ամյա Գագիկ Վարդևանյանը։ Նա պատմում է, որ արդեն 4-րդ անգամն է հանքում մնում քարաթափման տակ:

Գագիկ Վարդևանյանի ասելով՝ նոյեմբերի 28-ին՝ առավոտյան ժամը 8-ին, սովորականի նման մտել է հանքի իր տեղամաս՝ աշխատանքի: Ժամը 12-ին  հանքի առաստաղում նկատել է փլվածքի նշաններ: Լոմով հարվածել է առաստաղի փլվածքին: Հետո զգացել է իր հետևից թափվող քարերի հոսքը. ինքը մնացել է քարերի տակ: Հորատող բանվորի խոսքով՝ գործընկերը բջջային հեռախոսով հանքի ղեկավարին տեղյակ է պահել իր՝ փլվածքի տակ մնալու մասին: Օգնության են հասել լեռնափրկարարները: Պատասխանելով մեր հարցին՝ Գագիկը հաստատեց, որ վերջին շրջանում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրինությունը կրճատել է հանքի պայթեցնողների հաստիքները և այդ պարտականությունները դրվել են հանքափորների վրա:

Հանքափորները չեն տիրապետում պայթեցնողի աշխատանքի նրբություններին, որն էլ դառնում է վթարների պատճառներից մեկը: Գ. Վարդևանյանը հանքում տիրող վիճակի մասին հրաժարվեց մեզ այլ մանրամասներ պատմել։

«Ամիսը 200 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ընտանիք եմ պահում, թոռներիս եմ պահում, այդ պատճառով էլ չեմ հեռանում հորատողի աշխատանքից»,- բացատրեց նա:

Վաչագան Զաքարյանը

«Գագիկ Վարդևանյանին վիրաբուժական բաժանմունք են բերել ամսի 28-ին՝ ժամը 14:20-ին: Հիվանդը ծանրության տակ է մնացել, ունի կրծքավանդակի վնասվածք, ձախ՝ 5-10-րդ կողերի և ստորին վերջույթի սրունքի ոսկրերի փակ կոտրվածք: Բաժանմունք են  բերել միջին ծանրությամբ: Նախորոք կուզեմ ասել, որ ԼՀԿ-ի բուժքույրը  պրոֆեսիոնալ մակարդակով Գագիկի կոտրվածքները անշարժացրել էր: Երբ բերեցին հիվանդանոց, տուժողը տրավմատիկ շոկի մեջ էր: Անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Հիվանդը շոկային վիճակից դուրս է եկել, վերջույթը ֆիքսել ենք գիպսային վիրակապով, կրծքավանդակը և կողերը բլոկադայի են ենթարկվել: Գագիկին նախապատրաստում ենք վիրաբուժական միջամտության: Վիրահատությունը կկատարենք երևի մի 4-5 օր հետո»,- երեկ մեզ հայտնեց վիրաբույժ Վաչագան Զաքարյանը: Գագիկ Վարդևանյանի կինը՝ Սյուզին էլ հայտնեց, որ ամուսնու բուժման ծախսերը հոգում է ԼՀԿ-ն: Սյուզին թույլ չէր տալիս ամուսնուն՝ պատասխանել մեր հարցերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 23-ին ԼՀԿ-ի 140 ստորգետնյա հանքի 1-ին տեղամասում  փլվածքի հետևանքով մահացել է Ախթալայի 38 ամյա բնակիչ Վրեժ Սահակյանը: Ապրիլի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում ԼՀԿ-ի Շամլուղի 6-րդ փակ հանքի փլուզման հետևանքով հանքափոր, 42-ամյա Աղբալ Առաքելյանը մնացել է հանքաքարի տակ և ստացել ծանր վնասվածքներ: Աղբալին հանքից հանելուց հետո տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երևանի «Էրեբունի» հիվանդանոց:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամլուղի հորատանցման  աշխատանքեր կատարող Վրեժ Սահակյանի հոկտեմբերի 23 հանքի փլուզման հետևանքով մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 230 հոդվածի 2-րդ մասով: Այսօր Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հանքափոր Վրեժ Սահակյանի մահվան դեպքի հետ կապված «Հետքին» հայտնեց. «Քրեական գործով տեխնիկական անվտանգության փորձաքննություն է նշանակված: Այդ փորձաքննությամբ պետք է պարզվի՝ դեպքի հետ կապված եղե՞լ է արդյոք անվտանգության խախտում: Կարձանագրվի անվտանգության խախտում՝ պատասխանատու անձի պատասխանատվության հարցը կդրվի»:

Նշենք, որ ԼՀԿ-ին պատկանող Շամլուղի բաց հանքի պաշարները արդեն մի քանի տարի է՝ սպառվել են: ԼՀԿ-ն աշխատում է բացառապես ստորգետնյա հանքերի հումքի հաշվին: Լեռնահարստացման կոմբինատը, առանց տեխնիկական անվտանգության ապահովման, այս պահին շահագործում է նաև ֆրանսիացիների կողմից նախկինում շահագործված հանքը, որը խորհրդային կարգերի հաստատվելուց հետո շահագործվել է մինչև 1930 թվականը, ապա դադարեցվել է՝ հանքափորների կյանքին սպառնացող վտանգների պատճառով:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Շամլուղի ստորգետնյա հանքերի տեխնիկական վիճակը չի վերահսկվում պետական կառույցների կողմից։

«Ընդհանրապես մենք ստորգետնյա հանքերի ստուգման առումով ունենք պարտավորություններ: Մեր ստուգումները վարչապետի որոշումով կասեցված են եղել: Տվյալ դեպքում մենք որևէ գործողություն չունենք կատարելու ստորգետնյա հանքերում կատարվող փլուզումների դեպքում: Ձեր հարցը պետք է  իրավապահներին ուղղել: Ոստիկանությունը պետք է պարզի՝ ինչ պատճառով է ստորգետնյա հանքում փլուզումը  կատարվել»,- հայտնեց բնապահպանական պետական տեսչության մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter