HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կարագի միջազգային գնի զարգացումները

Այս տարվա երկրորդ կիսամյակից Հայաստանում մի շարք պարենային ապրանքներ կտրուկ թանկացան։ Որոշ ապրանքների թանկացումն այսօր էլ շարունակվում է։ Ամենից շատ գնաճ արձանագրած ապրանքներից է կարագը։ Ներմուծվող կարագի գների վրա էական ազդեցություն են ունեցել միջազգային գները։

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) գնաճի նոր հաշվետվության մեջ արտաքին աշխարհում գների զարգացումներին անդրադառնալիս առանձնացրել է նաև կարագի գնի դինամիկան։

«Կաթի արտադրության ծավալների կրճատումը հիմնական արտադրող երկրներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, և պահանջարկի աճն այս տարվա ընթացքում կարագի միջազգային գների կրկնապատկման հիմնական պատճառ դարձան։ Կարագի գնի աճը տեղի է ունեցել մի քանի փուլուվ, իսկ վերջին թանկացումների սկիզբը 2014թ. մայիսին էր, երբ մի շարք նյութեր լույս տեսան այն եզրակացությամբ, որ կարագն իրականում վնասակար ուտելիքների շարքում չէ, ինչպես տարիներ շարունակ պնդում էին այն բանից հետո, երբ 1961թ. Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Էնսլ Քեյսը հրապարակեց իր աշխատությունը, որը տպագրվեց «Թայմս» ամսագրում, և որում գիտական եղանակով ապացուցվում էր կենդանական ծագում ունեցող յուղի վնասակար լինելը։ Վերջին հայտնագործությունը նպաստեց հագեցած ճարպերի նկատմամբ պահանջարկի կրճատմանը, ինչն էլ կարագի գների կրճատման պատճառ դարձավ։ Կարագի և կենդանական ծագում ունեցող յուղերի նկատմամբ ցածր պահանջարկը շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ սկսեցին աշխատանքներ հրապարակվել, որոնք հերքում էին հագեցած յուղերի վնասակար լինելու վարկածները։ Վերջինս նպաստեց 2014թ. կարագի նկատմամբ պահանջարկի աճին և, հետևաբար, կարագի միջազգային գների թանկացմանը։ Պահանջարկի շարունակական աճին գումարվեցին նաև առաջարկի հետ կապված խնդիրները, որոնք դարձան 2017 թվականին կարագի միջազգային գների կտրուկ աճի հիմնական պատճառ»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։

2014-2015թթ. ամբողջ աշխարհում կաթնամթերքի ծավալների ավելցուկի պայմաններում 2016 թվականին կաթի համաշխարհային արտադրության ծավալները կրճատվել են, ինչը հանգեցրել է կարագի գնի բարձրացմանը. տարեսկզբի համեմատ 1 տոննայի արժեքը 4400 ԱՄՆ  դոլարից սեպտեմբերին հասել է 6000 դոլարի։ Կենտրոնական բանկի մեկնաբանմամբ՝ գների անկումը ստիպեց ֆերմերների մի մասին կրճատել անասունների գլխաքանակը, իսկ մյուսներին ուղղակի դուրս մղեց շուկայից, ինչի պատճառով կրճատվեց կաթի առաջարկն ամբողջ աշխարհում:

Կաթի արտադրության ծավալներն  աշխարհի խոշոր արտահանող երկրներում սկսեցին կրճատվել 2016թ. սեպտեմբերի սկզբից, և միայն այս տարվա երկրորդ եռամսյակից նկատվեց արտադրության ծավալների վերականգնում։ Ըստ ԿԲ-ի՝ այդ հանգամանքը, չնայած կարագի մեծ ծավալների սպառմանը, կնպաստի կարագի շուկայում գների կայունացմանը։

Նշենք, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2016 թվականին Հայաստանը ներմուծել է 4.7 հազ. տոննա կարագ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 16.9 մլն դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ մոտ 2.4  հազ. տոննա (ընդհանուր արժեքը՝ 10.2 մլն դոլար)։ Ներմուծված կարագի հիմնական մասը Նոր Զելանդիայից է։ Ոչ մեծ ծավալով ներմուծվում է նաև Ուկրաինայից և փոքր ծավալներով՝ մի շարք երկրներից։

Թե երբ կարագի գները կնվազեն միջազգային շուկայում, և երբ դրանք կնվազեն նաև Հայաստանում, հայտնի չէ։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է ցուցանիշներ, ըստ որոնց՝ վերջին շրջանում կարագի միջազգային գների գնանկում է նկատվում։ Տնտեսագետը նաև մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը շատ արագ է արձագանքում միջազգային շուկայում կատարվող գնաճին՝ տեղում բարձրացնելով տվյալ ապրանքների գները, իսկ գնանկմանը նման արագությամբ չի արձագանքում։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter