Երկուշաբթի, 23 հուլիսի

Գյուղատնտեսության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունները կունենան միասնական կայքէջ



Գյուղատնտեսության նախաարարության նախաձեռնությամբ «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում աշխատող դոնոր կազմակերպությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի փոխանակման հարթակի ստեղծման աշխատանքները:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ծրագիրը նախատեսում է էլեկտրոնային հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կազամակերպություն կներբեռնի զարգացման ծրագրերը, կատարված աշխատանքները և արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ինչպես նաև ոլորտում օժանդակություն տրամադրող միջազգային զարգացման և միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ENPARD ծրագրի մեկնարկի ժամանակ առաջարկել է ստեղծել դոնորների համակարգման մեխանիզմ՝ զարգացման-համագործակցության հարթակ, ինչը կբարձրացնի ծրագրերի թափանցիկությունը, կնվազեցնի կրկնությունները, կնպաստի կառավարության կողմից սահմանված նպատակների համապատասխանելիությանը, կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև հնարավորություն կտա ֆինանսական օժանդակությունն առավել նպատակային օգտագործել:

«Մենք ստեղծում ենք կայք, որտեղ յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն՝ դոնոր և իրականացնող, տեղեկատվություն է տրամադրելու ծրագրերի աշխարհագրության, հիմնական ուղղությունների և արդյունքների վերաբերյալ»,- նշել է փոխնախարարը: Այս կայքում կզետեղվեն նաև բոլոր վերոնշյալ կազմակերպությունների հրապարակումները: Կայքը նախատեսվում է գործարկել 2018 թվականի սկզբին:

ENPARD  ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին նշել է, որ կայքի միջոցով միջազգային կազմակերպությունները կարող են գտնել համագործակցության եզրեր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ