Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վաչե Գաբրիելյան. «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տեղավորվում է «և-և»-ի տրամաբանության մեջ»



Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումներ են կազմակերպվել։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ քննարկմանը ներկա են ինչպես ԵՄ անդամ երկրների, այնպես էլ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ՀՀ քաղաքացիները հաճախ են հարց ուղղում, թե ինչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին, ուստի այս լսումների նպատակը հանրային իրազեկման լայն արշավ  սկսելն է։

«Հաջողություն կարող է ունենալ այն համաձայնագիրը, որի մաս են դառնում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ հանրությունն ինքն այդ բարեփոխումները համարում  է իրենը»,-ասաց Զոհրաբյանը։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելն իր ելույթում հայտարարեց՝ հպարտ է, որ Հայաստանի խորհրդարանում նման թեմայով լսումների է մասնակցում և հավելեց, որ 2017 հաջողված տարի է եղել «Հայաստան-ԵՄ» համագործակցության համար։

«Նայելով օրակարգին` կարող եմ կռահել, որ համաձայնագրի վերաբերյալ շատ քննարկումներ են լինելու, մեր կարծիքով` այս համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի քաղաքականության համար։ Հիմնադրամը շարունակելու է  աջակցել այդ աշխատանքներին»,-ասաց նա։

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, կարևորելով «ՀՀ-ԵՄ Համապարակ և ընդլայնված համաձայնագրի» ստորագրումը, հայտարարեց. «Հայաստանը ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունների այնպիսի փուլ ստեղծել, որն ուղղված է ապագային»։

Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց՝ չնայած համաձայնագիրը կոչվում է երկկողմ, բայց այն ավելի ընդգրկուն է ԵՄ-ի տեսանկյունիցայն համագործակցության լայն շրջանակ է ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների միջև։ Դեսպանը շնորհակալանքի խոսքեր հղեց փաստաթղթի բանակցությունների աշխատանքում ներառված բոլոր պաշտոնյաներին, հատկապես հայաստանյան ներկայացուցիչներին։

«Մենք պետք է հպարտանանք  մեր ձեռք բերածով, այն փոխարինելու է առկա հիմքը (փաստաթուղթը-հեղ), որը տասնյոթ տարվա վաղեմության ժամկետ ունի, ուստի ժամանակն էր նոր փուլի անցնելու։ Այս համաձայնագիրը օգտակար է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Այս համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ»,-ասաց դեսպանը։ Պրն Սվիտալսկին տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է ՀՀ-ի և ԵՄ-ի անդամ-երկրների խորհրդարանների երկխոսության փուլ։

Փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խոշոր ձեռքբերում համարեց համաձայնագրի ստորագրումը:

«Այն ուղղված է  ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և խորացմանը, այն կնպաստի քաղաքական, տնտեսական ոլորտների ինստիտուցիոնալ կայունացմանը, ամրապնդմանը։ Մենք մանրամասն քննարկել ենք համաձայնագրի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները համատեղելը, փաստաթուղթն իրապես պարունակում է համատեղելիություն՝ Հայաստանի  բոլոր պարտավորությունների հետայն հնարավորություն է տալիս  զարգացնել հարաբերությունները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵՏՄ-ի հետ»,-ասաց Գաբրիելյանը։

Փոխվարչապետի գնահատմամբ` Հայաստանը լինելու է այն առաջամարտիկը, որը կապելու է երկու ինտեգրացիոն միություններ։ Վերջինս նկատեց՝ «Խորը և համապարփակ» համաձայնագիրը առևտրային համաձայնագիր չէ, սակայն կանոնակարգելու է բազմաթիվ տնտեսական հնարավորություններ։

«Մենք և՛ ԵՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անբաժանելի մասն ենք դառնում, այն տեղավորվում է «և-և-ի» տրամաբանության մեջ, այս իրողությունն արդեն իսկ նվաճում է»,-ասաց փոխվարչապետը։

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը ևս կարևորեց քննարկումները՝ նկատելով, որ համաձայնագրի ստորագրումը փաստում է համատեղ աշխատանքի արդյունքի մասին։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ