HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, Սերժ արգսյանը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ և անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ ևս աշխատանքը կընթանա նույն ոգով:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Նշելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն և Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը ևս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter