HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գարեգին Մելքոնյան․ «Դեպի ԵՄ ալյումինե նրբաթիթեղի, դեղամիջոցների, սննդի, խմիչքի, տեքստիլ արտադրանքի արտահանման էական աճ ունենք»

Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը «լրջագույն ծածկույթ» ունի  և՛ առևտրային, և տնտեսական հարաբերությունների առումով։

Այս մասին խորհրդարանում «Հայաստան-ԵՄհամապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ համաձայնագիրն առևտրային տեսանկյունից  արտոնյալ առևտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով անհամեմատ ավելի մեծ և խորը համագործակցություն է ենթադրում, քան կար նախկինում։

«Համաձայնագիրն անդրադառնում է  ապրանքային առևտրում համագործակցությանը, որը կանոնակարգում է ապրանքների շրջանառությանն առնչվող հարաբերությունները՝ հիմնականում հիմնվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա, մաքսային հարցերին, վարչարարությանը և փոխադարձ համագործակցությանը վերաբերող նորմեր՝ նախատեսելով տեղեկատվության  փոխանակում»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ համաձայնագրում առանձին գլուխ կա առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին, որը վերաբերում է որակի վերահսկողության համակարգին, տեխնիկական կանոնակարգումներին, նաեւ` գործընթացների թափանցիկություն, որը նպաստելու է երկու երկրների միջև առևտրին։

«Շատ կարևորում եմ պետական գնումների մասը, որը վերաբերում է գնումների ոլորտում երկկողմ փոխհարաբերություններին։ Ենթադրվում է որոշակի ազատականացում գնումների մասով, հստակեցվում են գնումների մասով կողմերի միջև իրականացվող գործընթացները գնումների մասնակցությունը երկուստեք համարվում է կարևոր գործիքներից մեկը առևտրի խթանման տեսանկյունից»,-նկատեց փոխնախարարը։

Մելքոնյանի խոսքով` կարևոր ձեռքբերումներից է այն, որ Հայաստանը 2018-ի հունվարից միանալու է արտահանողների գրանցված համակարգին (REX)։

«Ներկայումս մեր կազմակերպություններն ապրանք արտահանելու համար պետք է ունենան ծագման սերտիֆիկատ։ 2018-ի հունվարից ընկերությունները  դեպի ԵՄ ապրանք արտահանելիս կարող են մեկ անգամ գրանցվել այդ համակարգում, ինչից հետո կարող են ապրանք արտահանել ԵՄ՝ առանց ծագման սերտիֆիկատի, բայց միաժամանակ օգտվեն տրվող արտոնություններից։ Այն էական ազդեցություն կունենա այն փոքր միջին տնտեսվարողների համար, որոնք ստիպված են լինում ամեն փոքր խմբաքանակի համար առանձին սերտիֆիկատ ունենալ և դրա համար վճարել»,-ասաց Մելքոնյանը։ Փոխնախարարն անդրադարձավ նաև ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցության շրջանակում տրամադրվող ֆինանսական հոսքերին՝ նկատելով, որ 2016-ին ամենաբարձր աջակցությունն է եղել՝ 27,5 միլիոն եվրո, ինչն ուղղվել է պետական բյուջե։ Ինչ վերաբերում է ԵՄ արտահանված ապրանքներին, ապա, փոխնախարարի խոսքով, արտահանված տեսականու 90%-ը ԵՄ է ներմուծվել զրոյական դրույքաչափով։

«Այն արտահանումը, որն իրականացվում է  զուտ GSP+-ի շնորհիվ, մեր արտահանման մեջ մոտ քառասուն տոկոս  է կազմում։ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ավելի շատ ապրանք ենք արտահանել  ԵՄ, քան ամբողջ 2016 թվականի ընթացքում, ուստի արտահանումը աճման միտում ունի։ Ընդհանուր առմամբ, արտահանվող ապրանքների մեծ մասնաբաժինը հանքահումքային արտադրանքն է, բայց կառուցվածքը տարեցտարի ավելանում է ալյումինե նրբաթիթեղի, դեղամիջոցների, սննդի, խմիչքի, ինչպես նաև` տեքստիլ արտադրանքի էական աճ ունենք»,-ասաց փոխնախարարը՝ մասնավորեցնելով, որ 2017-ի ընթացքում էական աճ է արձանագրվել տեքստիլ արտադրանքը Իտալիա արտահանելու ոլորտում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter