Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Սարի թաղի» գործով վկան մեկ տարի անց հիշում է. «Այրվող անիվներից բացի, քաղաքացիները բենզինով շշեր էին նետում»



Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի գործով նիստին հարցաքննվեց վկա Հրաչյա Մուրադյանը։ Իսկ մինչեւ վկայի հարցաքննությանն անցնելը դատավոր Դանիբեկյանն իր նկատմամբ նախորդ նիստին ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժեց։

Ոստիկանության աշխատակից Հրաչյա Մուրադյանը հայտնեց, որ 2016-ի հուլիսի 19-ին ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բարձր ձայներ եւ մոտեցել այդ ուղղությամբ։ Նկատել է, որ քաղաքացիները խոսում են ոստիկանների հետ, որից հետո սկսել են քարեր նետել։

Վկան նշեց, որ այդ օրը ծառայության է եղել քաղաքացիական հագուստով։ «Ոստիկանները ճանապարհը փակել էին զուտ քաղաքացիների անվտանգության համար, քանի որ ՊՊԾ գնդից հաճախ կրակոցներ էին գալիս, ասում էինք՝ մի́ իջեք, որպեսզի գնդակը չկպչի Ձեզ»,-հայտնեց վկան։

Հ. Մուրադյանը պնդեց նաեւ, որ քաղաքացիները կոնկրետ մի տեղից չեն քարեր նետել, ըստ նրա ենթադրության ՝ քաղաքացիների մի մասը եղել է ալկոհոլի ազդեցության ներքո։ «Սկսեցին քաշքշել, հետո չհասկացա՝ ինչու քարեր նետեցին։ Հնարավոր է, որ ալկոհոլի ազդեցության ներքո լինեին։ Մի խումբ կար, որ կարծես գրգռեին մարդկանց, սա իմ կարծիքն է, ես չեմ կարծում, որ նորմալ մարդը նման վարքագիծ կունենա»,- հայտնեց ոստիկանության աշխատակիցը։

Ըստ վկայի հայտնածի՝ դեպքի ժամանակ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքից, որն էլ եղել է քաղաքացիներին «տանը մնալ» հորդորելու հիմնական պատճառը։

«Կես ժամից ավել քարեր էին շպրտում, հետո ինքնակամ սկսեցին բարձրանալ վերեւ, սկսեցին անվադողեր վառել ու գլորել, իսկ շշերի մեջ բենզին լցրեցին եւ սկսեցին շպրտել  ոստիկանների վրա»,- դատարանի դահլիճում ասաց վկան։

Նա նշեց, որ քաղաքացիներից միայն ճանապարհ բացելու պահանջ է լսել: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք անձամբ տեսե՞լ է՝ ինչպես են քաղաքացիները բենզին լցնում շշերի մեջ, վկան պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ շշերի մեջ վառելիք է եղել, ջուրը չես կարող լցնել ու վառել։ Շշերը, որ ասեմ հասնում էր ոստիկաններին, սուտ կլինի։ Անվադողերն էին վառում, բայց կեսից ընկնում էին»։

Հատկանշական է, որ վկան, դատարանի դահլիճում դեպքից  մեկ տարի հինգ ամիս հետո հիշում էր, թե ինչպես են քաղաքացիները բենզինով լի այրվող շշեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն այդ մասին դեպքին նախորդող օրերին քննիչին չէր հայտնել։

Դատարանում տված ցուցմունքի մեջ վկան նշեց նաեւ, որ չի հետապնդել որեւ քաղաքացի, չի կատարել բերման ենթարկելու գործողություններ։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ համարելով, որ ցուցմունքների մեջ առկա են էական հակասություններ։ Դատախազը նշեց՝ վկան նախաքննության ընթացքում նշել է, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը վիրավորվել քարի հարվածից։ «Վկան նշել է, որ նկատել է դեղին եւ կարմիր վերնաշապիկով անձանց, ովքեր դրսեւորել են առավել ակնառու վարքագիծ։ Նշել է նաեւ, որ տեսել է՝ ինչպես են քաղաքացիները հարվածել ոստիկաններին»,-հավելեց դատախազը։

Միջնորդությանը կողմ էր նաեւ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը հայտարարեց, որ սույն գործով որեւէ  ոստիկանի չեն հարցաքննել, որը հիշողության խնդիր չունենա։ «Նախաքննության ընթացքում վկան չի նշել, որ բենզինի շշեր է տեսել, սա հիմնավորում է, որ այն հորինել է ավելի ուշ»,-հավելեց փաստաբանը։

Ցուցմունքների մեջ առկա հակասությունների տարբերությունը վկան բացատրեց նրանով, որ ինչը  տպավորվել է, հիշել է եւ տեղեկացրել քննիչին։ Այս պատասխանը լսելուց հետո փաստաբանը հարց ուղղեց.

-Մի՞թե շշեր նետելը տպավորիչ չէ։

Ի պատասխան` վկան ասաց

-Շատ բաներ կան, որ տպավորիչ են, բայց բոլորն էլ մեր հայ ժողովուրդն են։ Այդ պահին մտքովս չի անցել, չեմ նշել։

Փաստաբանը շարունակեց հարցեր ուղղել եւ ասաց.

-Կարո՞ղ է ընդհանրապես քար նետելը չի եղել:

Սակայն, վկան պնդեց, որ քարեր նետվել են։

Այսօրվա նիստն ավարտվեց` վկաների նեերկայությունն ապահովելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։ 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ