Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Վահան Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի խոսակցության առանցքում Սեյրան Օհանյանն է. հրապարակվեց գաղտնի ձայնագրությունը



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործի շրջանակներում հրապարակվեց Շիրխանյանի և «զինված» խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որը գաղտնի կերպով արել է այս գործից անջատված մասով անցնող և ազատության մեջ գտնվող մեղադրյալ Լիլիթ Թորոսյանը:

Այս, ինչպես նաև գործում առկա մեկ այլ, բայց դեռևս չհրապարակված ձայնագրությունը Վահան Շիրխանյանի մեղադրանքի հիմքում դրված հիմնական  ապացույցներից են: Դրանք եղել են Լիլիթ Թորոսյանի համակարգչում: Ձայնագրության հրապարակումից առաջ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ առ այսօր քրեական գործի նյութերում չկա որևէ հավաստիացում այն մասին, որ դրանում խոսում են Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և խոսակցությունը գաղտնի ձայնագրած Լիլիթ Թորոսյանը:

Վերջինս, նշենք, կարևոր որևէ հանգամանք չի ասում, պարզապես երբեմն մեկ- երկու բառով միջամտում է Շիրխանյանի և Արթուր Վարդանյանի խոսակցությանը:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ ձայնագրված խոսակցության առանցքում կարծես թե ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է և վերջինիս հնարավոր դերակատարումը այն ենթադրյալ գործողություններին, որոնք պլանավորում է խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:

Զրուցակիցներն «Օհանյան» ազգանունը խոսակցության ընթացքում քիչ են  հնչեցնում, օգտագործում են «Սեյրան» անունը, սակայն ձայնագրությունը լսելով`եզրահանգման կարելի է գալ, որ խոսքը Սեյրան Օհանյանի մասին է, քանի որ խոսակցության ընթացքում քննարկվում են Պաշտպանության նախարարության, բանակին առնչվող հարցեր:

Այս ձայնագրության մեջ նաև չի նշվում, թե ինչին են առնչվում քննարկվող գործողությունները, սակայն, նկատի ունենալով, որ ձայնագրությունը հրապարակելիս մեղադրող կողմը հայտարարեց, թե այն մեղադրանքի համար էական նշանակություն ունեցող ապացույց է, կարելի է եզրահանգել, որ մեղադրանքի կողմը ձայնագրության մեջ առկա հանգամանքները դիտարկել է բռնությամբ կամ բռնություն կիրառելու սպառնալիքով իշխանությունը յուրացնելու գործընթացի  շրջանակներում:

Ձայնագրության սկզբնական հատվածում Արթուր Վարդանյանն ու Վահան Շիրխանյանը խոսում են ինչ- որ թեմայից, ապա Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանին ասում է՝ լավ, չարժե այս մասին խոսել, դու ասա՝ քո գործերը ո՞նց են:

Ի պատասխան` Արթուր Վարդանյանն ասում է, որ գործերը հրաշալի են, ամեն ինչ նախապատրաստել են, անգամ տեխնիկական հարցերն են լուծվել: Ապա Շիրխանյանը հարցնում է`ռադիոկա՞պ, և ի պատասխան Վարդանյանն ասում է` ամեն ինչ:

«Ամեն ինչ լուծեցինք, հիմա ինձ մի բան է անհանգստացնում. ասենք՝ էդ Ներքին զորքերի ու Պաշտպանության նախարարության քայլերը որո՞նք կարան լինեն»,- խոսակցության մեջ ասում է Արթուր Վարդանյանը: Շիրխանյանը նրանից հարցնում է, թե «մոտավոր երբ է լինելու», ու Արթուր Վարդանյանը պատասխանում է, որ պլանավորում է հոկտեմբերի սկզբին կամ կեսին:

Հետո խոսակցությունն ընթանում է ինչ- որ միություն ստեղծելու ու համագումար անելու շուրջ:

Արթուր Վարդանյանը հետաքրքրվում է, թե արդյոք «Սեյրանը գիտի՞, որ կարող է նման բան լինել»: Ի պատասխան` Վահան Շիրխանյանը նշում է, որ ինքը Սեյրանին ասել է, որ «ժողովրդի ատելությունն այնքան մեծ է, որ մի օր հեռուսատացույցով կլսես, որ էդպիսի բան է եղել»:

Կարա՞ պահի ինքը բանակը, որ տանկերը հանկարծ փողոց չհելնեն, որովհետև շատ վատ կլինի, արյունահեղություն կլինի»,- հարցնում է Արթուր Վարդանյանը: Վահան Շիրխանյանն ասում է, որ ոչ մի տանկ փողոց դուրս չի գա:

Հետո Վահան Շիրխանյանը կարծիք է հայտնում, որ ամեն ինչ պետք է քաղաքից դուրս անել, և Արթուր Վարդանյանը պատասխանում է, որ էդպես չի լինի, քանի որ «քաղաքից դուրս էս բոլորին մի տեղ, համատեղ բռնելը մի քիչ դժվար է»:

«Քեզ բոլորը պետք չեն»,- պատասխանում է Վահան Շիրխանյանը: Արթուր Վարդանյանն ասում է, որ բոլորը ասելով՝ նկատի ունի մի քանի հոգու:

««Էդ մի քանի հոգին միշտ միասին են»,- պատասխանում է Վահան Շիրխանյանը:

Հետո Արթուր Վարդանյանը ցանկություն է հայտնում «անձամբ հանդիպել Սեյրանի հետ ու մի քանի բառ խոսել»: Խոսակցության ընթացքում այս ցանկությունը Վարդանյանը բազմիցս է հայտնում, սակայն Շիրխանյանն այդպես էլ նրան հանդիպում չի խոստանում՝ նշելով՝ «էսօր ինքը կզգուշանա», «իրա նկատմամբ հսկողությունը խիստ ա»:

Աջից առաջինը` Վահան Շիրխանյան

Ապա Վահան Շիրխանյանն ասում է, որ համագումարի օրր պետք է նշանակել. դա կլինի մոտավորապես հոկտեմբեր ամսին:

«Մոտավոր մի  երկու ամիս էլ մեզ  պետք կլինի, որ...»,- ասում է Վահան Շիրխանյանն ու միտքը կիսատ է մնում, քանի որ Արթուր Վարդանյանը միջամտում ու ասում է, որ երկու ամիսը շատ է, չի ուզում, որ «սահմանադրությունը հացնեն»:

«Չէ, սահմանադրություն չի լինի, անի, որ ինքը դրանից հետո ավելի ինքնավստահ կլինի»,- ասում է Վահան Շիրխանյանը

Նշենք, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, 2015-ին անցկաված սահմանադրական բարեփոխումների մասին է:

Խոսակցության մի հատվածում Արթուր Վարդանյանը հարցնում է. «Ասենք՝ Սերժը վարի գնաց, հետո՞»: Ի պատասխան` Վահան Շիրխանյան ասում է. «Ամեն ինչ անցնում է Սեյրանի ձեռքը, ու կշարժվի մեր ասածով»:

«Իսկ եթե չշարժվի՞ մեր ասածով»,- հարցնում է Արթուր Վարդանյանը: Վահան Շիրխանյանը պատասխանում է, թե դա անհնար է:

«Եթե արդեն ուժը իրա ձեռն ա, ոչինչ անհնար չի»,- պատասխանում է Արթուր Վարդանյանը:

«Անհնար ա. նա ամբողջ իրա ապագան կապում ա մեր հետ. ընտրովի լինի, զոռով լինի»,- ասում է Վահան Շիրխանյանը:

Խոսակցության մեկ այլ հատվածում Վահան Շիրխանյանն ասում է, որ ամեն ինչ պիտի լինի սուսուփուս»:

«Էնքան սուսուփուս, որ աշխարհի բոլոր ծառայությունները լցվեն, չհասկանան, թե ով արեց, ինչ արեց»,- շարունակում է Շիրխանյանը:

Ձայնագրության մեջ Շիրխանյանը Արթուր Վարդանյանին ասում է, թե «Սեյրանը քեզնից շատ է վառված էս գող-ավազակներից, ասում է` տեսնես էս գող ավազակներից հնարավո՞ր է պրծնել»:

Վարդանյանը հարցնում է, թե այդ դեպքում «ինչի իրան չեն հանում»: Շիրխանյանը պատասխանում է, որ եթե հանի, մի ամսում ընդդիմություն կդառնա:

Հետո քննարկվում է ինչ-որ իրադարձություն, որը պետք է տեղի ունենա, բայց դրա կազմակերպիչներն անհայտ մնան:

«Վերսիաներից մեկը պիտի լինի, որ դա պատահար է»,- ասում է Վահան Շիրխանյանը:

«Որ ասենք`իրար դեմ են խփել կամ  իրարից վրեժ լուծել»,- շարունակում է Արթուր Վարդանյանը:

«Պատահար է, ճանապարհին շուռ է եկել, քար է վերևից ընկել, մեքենան, մեքենաներն ընկել են ձորը»,- ասում է Վահան Շիրխանյանն ու նշում, թե պետք է այնպես անել, որ աշխարհը մաքուր վերաբերվի դրան, հավատա:

Խոսվում է նաև ինքնթիռ խոցելու մասին:

«Ինքնաթիռը թռնում ա ու ընկնում. թող մի 50 հոգի էլ մարդ լինի մեջը»,- ասում է Վահան Շիրխանյանը`շարունակելով, որ ամենահեշտ բանն ասելն է, թե խփեցին:

«Հա, ասենք` Նախիջևանի կողմից»,- համաձայնում է Արթուր Վարդանյանը:

Հետո Վահան Շիրխանյանն ասում է, թե չի ցանկանում, որ Արթուրն ինքն իրեն «պադստավկա անի», որ մտածել է պետք, և Վարդանյանը պատասխանում է, որ ինքը, ինչպես նաև մյուս տղաներն առհասարակ չեն երևալու:

Շիրխանյանը Արթուր Վարդանյանին հարցնում է` դաշնակներից մարդիկ կա՞ն շուրջը, թե ոչ, ու ասում, որ նրանց մոտ չթողնի:

Այսօրվա դատական նիստին, ինչպես նախորդ մի քանի նիստերին, Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացավ: Դատարան հրավիրվեց Շտապօգնություն, ամբաստանյալին բուժօգնություն ցուցաբերվեց, բայց նա  շարունակ ցավեր ուներ, ուստի դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ