Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Մարտունու օդանավակայանը դարձել է ասֆալտի գործարան ու արոտավայր


Երեւան-Վարդենիս մայրուղու ձախ կողմում՝ Մարտունի քաղաքի հարեւանությամբ, մի ընդարձակ, հարթ տարածք կա, որն այսօր արոտավայր է, սակայն տեղացիներն ու ավիացիայի մարդիկ գիտեն, որ այն նախկինում օդանավակայան է եղել: Սա Մարտունու օդանավակայանն է, որը ժամանակին քաղաքն ու նույնանուն շրջանի մյուս բնակավայրերը օդային ճանապարհով կապում էր Երեւանին:

Օդանավակայանը, սակայն, ի տարբերություն Հայաստանի մյուս աերոդրոմների, համեմատաբար կարճ կյանք է ունեցել: Այն գործել է 1960-1980-ական թվականներին: Դմիտրի Աթբաշյանը, որը ավիացիայի հայկական վարչության պետն էր 1971-1987 թթ., ասում է, որ այստեղ թռչում էին 12 ուղեւորի համար նախատեսված «Ան-2» օդանավեր, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են որպես «Կուկուռուզնիկ»: Ըստ նախկին ղեկավարի՝ չվերթները Մարտունիում կատարվում էին վիզուալ թռիչքների կանոններով, ինչի համար եղանակային բարենպաստ պայմանները պարտադիր էին: Աերոդրոմի հարեւանությամբ կար փոքր դիսպետչերական կետ եւ սպասասրահ: Ավիատորը հիշում է, որ այն բանից հետո, երբ 1970-ականներին ուղեւորատար փոքր ավիացիայի առանցքը դարձավ «Յակ-40» ինքնաթիռը, Մարտունու օդանավակայանն աստիճանաբար փոխեց իր նշանակությունը: Այստեղից այլեւս կատարվում էին գյուղատնտեսական, մասնավորապես՝ քիմիական աշխատանքներ իրականացնող օդանավերի թռիչքներ:     

Գրունտային թռիչքուղին, Աթբաշյանի ներկայացրած տվյալներով, ուներ 1420 մ երկարություն եւ 85 մ լայնություն, ծովի մակարդակից բարձրությունը՝ 1920 մ:

ՔԱԳՎ աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ Մարտունու օդանավակայանը դեռեւս խորհրդային ժամանակահատվածում՝ 1988-ի օգոստոսի 25-ին, քաղավիացիայի հայկական վարչության պետի թիվ 19 հրամանով հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմնին (ՏԻՄ): Այն ժամանակ վարչության պետը Էդուարդ Պապիկյանն էր: ՏԻՄ հասկացությունը խորհրդային տարիներին բնորոշ չէ, սակայն այս դեպքում այդպիսին պետք է հասկանալ բնակավայրը, որին հանձնվել է կառույցը: «Հետքը» հարցում էր ուղարկել Մարտունու քաղաքապետարան, սակայն համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտնել է, որ օդանավակայանը չի պատկանում իրենց եւ գտնվում է Վաղաշեն համայնքի տարածքում: Վաղաշենը Մարտունու հարեւան գյուղն է:

Վաղաշենի գյուղապետ Արթուր Սուվարյանին հարցրել էինք, թե արդյոք օդանավակայանի տարածքը օտարվել-մասնավորեցվել է: «Մեր ունեցած բանավոր տեղեկություններով՝ նախկին օդանավակայանի տարածքը քաղավիացիայի հայկական վարչության կողմից տրվել է ժամանակավոր օգտագործման իրավունքով: Համայնքապետարանը չի օտարել, քանի որ այն հանդիսանում է պետական սեփականություն, եւ համայնքապետարանը օտարելու իրավունք չունի»,- պատասխանել է Ա. Սուվարյանը՝ հավելելով, որ ընդհանուր մոտ 50 հա տարածքից 35-ը վարչատարածքային բաժանումից հետո ներառվել է Վաղաշենի կազմում, մյուս 15-ը՝ հարեւան Աստղաձորի: Այսինքն՝ նախկին օդանավակայանը բաժանվել է երկու գյուղերի միջեւ ու ներկայում ծառայում է որպես արոտ:

Պետական սեփականություն հանդիսանալու մասով ճշգրտենք, որ 2001-ին, երբ Ազգային ժողովը նոր Հողային օրենսգիրք ընդունեց, դրանով ամրագրվեց, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը կառավարության որոշմամբ առանձնացվում եւ հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին: Սա նշանակում է, որ նախկին օդանավակայանի տարածքը ներկայում Վաղաշեն եւ Աստղաձոր գյուղերի սեփականությունն է:

Արթուր Սուվարյանը հայտնել է նաեւ, որ նախքան իրենց համայնքի կազմ ներառվելը (վարչատարածքային բաժանումից առաջ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունվել է 1995-ի նոյեմբերին, ինչից հետո կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել համայնքների վարչական սահմանները նկարագրող հավելվածները. Վաղաշենի սահմաններն օրենքով ամրագրվել են 2010-ին) օդանավակայանի 35 հա հողից 1,4 հեկտարը մասնավորեցվել է: Դրա սեփականատերը «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն է, որն, ըստ հարկային ծառայության, զբաղվում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ, բայց կոնկրետ օդանավակայանի տարածքում այս ընկերությունն ասֆալտի գործարան է հիմնել:

«Շանթ-Սեյրան» (մինչեւ 2001 թ.՝ «Սասուն») ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, հիմնվել է 1996-ի հունվարին (հարկ վճարողների համակարգում նշվում է 1991 թ.): Ներկայում ընկերության 95 տոկոսը պատկանում է Արմեն Կառլենի Ղուկասյանին, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս Վերին Գետաշեն գյուղի բնակիչ է, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ (2003-2012 թթ.) Արտուշ Ղուկասյանի կրտսեր եղբայրը: Արտուշ Ղուկասյանը 2015-ից ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (նախկինում՝ բնապահպանական պետական տեսչություն) Գեղարքունիքի տարածքային բաժնի պետն է, այսինքն՝ բնապահպանության հարցերով մարզի առանցքային դեմքերից մեկը:

ՍՊԸ-ի մնացած 5 տոկոսը պատկանում է Ներքին Գետաշենի բնակիչ Սասուն Բաղդասարյանին, ով Ղուկասյան եղբայրներից Ռուբիկի փեսան է՝ դստեր ամուսինը: Ռուբիկ Ղուկասյանը 1996-ից իրենց հայրենի Վերին Գետաշենի գյուղապետն է: ՍՊԸ-ն գրանցված է հենց Վերին Գետաշենում: Ընկերության անվանումն առաջացել է Արմեն եւ Արսեն եղբայրների որդիների անուններից:

«Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի գործունեությանը, մասնավորապես՝ պետբյուջեի գումարներով միլիոններ արժեցող շինարարություն իրականացնելուն, «Հետքը» նախկինում անդրադարձել է: Չնայած Վերահսկիչ պալատը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզպետարանում կատարած ստուգումների ժամանակ այս ընկերության մի շարք աշխատանքներ որակել էր անորակ, նաեւ հավելագրումներ արձանագրել, դրանից հետո էլ մարզային պաշտոնյայի հարազատներին, իսկ մամուլի հրապարակումների համաձայն՝ իրականում հենց Արտուշ Ղուկասյանին պատկանող ՍՊԸ-ն պետությունից մեծ գումարներ է ստացել նոր շինաշխատանքների համար: 

Վերադառնալով օդանավակայանին՝ նշենք, որ եթե Հայաստանն ունենար ընդհանուր նշանակության ավիացիա, ապա Մարտունու գրունտային աերոդրոմը հիմա էլ կարող էր ծառայել, մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքներին: Մյուս կողմից, ինչպես Վարդենիսի պարագայում ենք գրել, այն տուրիստական փոքր ավիացիայի հանգրվան կարող էր դառնալ:  

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։